Հայաստանն, իսկապե՞ս, յոթերորդն է…

Հայաստանն, իսկապե՞ս, յոթերորդն է…

Մի ժամանակ Նիկոլն ու իր կամակատարները երջանկորեն արձանագրում էին, որ եվրոպական անզեն դիտորդները սահմանային գծում ապահովում են կայուն խաղաղություն: Ինչպես երևում է՝ աչքով տվեցին, կամ, ավելի ճիշտ, դա կեղծիք էր՝ ճիշտ այնպես, ինչպես մնացած ամեն ինչն այս երկրում: Եթե չլիներ կեղծիք, ապա, բնականաբար, երկու օր առաջ դիրքապահ զինվորների շրջանում զոհեր չէինք ունենա: Ինչ մնում է ադրբեջանական մեղադրանքին, թե պատասխանել են սադրանքին, այն էլ՝ ադեկվատորեն… Դրան կարող են հավատալ միայն Նիկոլի օրոք հայ-ադրբեջանական հարաբերություններին անտեղյակ անձինք ու նրան ենթակա ողջ իշխանական համակարգը: Դա՝ մեկ, և երկրորդ՝ Նիկոլի վարչապետության շնորհիվ Ադրբեջանն այնքան է հաբռգել ու լկտիացել, որ մեղադրում է անգամ զուտ հեռադիտակով «զինված» դիտորդներին: Նախ, նրանց բնութագրում է որպես վարձկանների և հայտարարում, որ դրանք «վտանգ են ներկայացնում ադրբեջանական զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքի համար»: Դա բավարար չէ, թշնամի երկիրը «դատապարտում և մերժում» է եվրաչինովնիկներից Ժոզեպ Բորելի հնչեցրած՝ հազվադեպ հանդիպող օբյեկտիվ արձագանքը՝ անվանելով այն «անհիմն մեղադրանք Ադրբեջանի հասցեին»: 
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցածը վկայում է, թե որչափ են ապահովված հայաստանյան սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Արտաքին խնդրից անցնենք ներքին անվտանգության հարցին: Այն է՝ հանրապետությունում տեղի ունեցած հանցագործության դեպքերի դինամիկային: 2023-ի մարտի վերջին դատախազության կողմից հրապարակված տվյալներից երևում է, որ այդ առումով ևս գործերն այնքան էլ լավատեսական չեն: Ըստ այդ տվյալների, 2021թվականի համեմատ 2022-ին հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.4 տոկոսով: Ընդ որում, աճն արձանագրվել է համարյա բոլոր՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների առումներով: Ասվածը նշանակում է, որ միջին վիճակագրական հայաստանցին 2022-ին իրեն պետք է ավելի վտանգված զգար, քան նախորդ տարի: Եթե, իհարկե, չուներ մտային ադեկվատության խնդիր: 

Իսկ այժմ անդրադառնամ բրիտանական «Թելեգրաֆ» պարբերականի լրագրողին Նիկոլի հայտնած լուրին: Ըստ որի, «numbeo.com» վարկանիշային կայքի անվտանգության համաթվով Հայաստանը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Միաժամանակ ասել էր, թե նրա հայրենիքը նույնքան ապահովագրված չէ անվտանգային առումով, որքան Հայաստանը: Իրականում, աշխարհի 146 երկրների շարքում 2024 թվականին Հայաստանը 77.6 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Կայքի անվտանգության համաթիվն էլ հաշվարկված է հանցավորության հիման վրա: Թե ինչու է, նախ, 8-րդը դարձել 7-րդ՝ երևի միայն Նիկոլին է հայտնի: Ի դեպ, Միացյալ Թագավորությունն այդ աղյուսակում զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը: Բայց թե ինչպես կարող է պաշտոնապես հանցագործությունների աճ արձանագրող Հայաստանն առաջ անցնել անվտանգությամբ աչքի ընկնող սկանդինավյան երկրներից՝ դա էլ երևի միայն «numbeo.com»-ին է հայտնի: 2023 թվականի հայաստանյան տվյալները դեռևս հայտնի չեն, բայց չեմ կարծում, թե նախորդ տարում գրանցվել է շեշտակի նվազում: Այնքան, որպեսզի առաջ անցնեինք նույն սկանդինավներից:

Հ. Գ. Հոդվածն ավարտելու պահին հիշեցի երիտասարդ լրագրող Նիկոլի առաջին հոդվածներից մեկը, որում ինքն արձանագրել էր Երևանի 2750-ամյակի պատվին կառուցված (ներկայիս Վազգեն Սարգսյանի փողոցին երկայնքով) շատրվանների քանակի համապատասխան չլինելը 2750-ին: Փաստորեն «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանն» արդեն ժամանակ ու ցանկություն չունի ստուգելու իրեն ներկայացված թվական տվյալների ճշգրտությունը: