Ես իմ անվտանգությունը վստահում եմ գեներալ Գրիգորի Խաչատուրովին

Ես իմ անվտանգությունը վստահում եմ գեներալ Գրիգորի Խաչատուրովին

Հերթը հասավ Գրիգորի Խաչատուրովին, եւ նա նույնպես շուտով կլքի հայկական բանակը միանգամայն կամայական որոշման արդյունքում։ Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը, այն միակ հրամանատարն է, ում հաջողվել է, կարելի է ասել, անհնարինը՝ փայլուն մարտական հաղթանակ տանել Նիկոլ Փաշինյանի գերագույն հրամանատարության պարագայում։

Նրա ղեկավարությամբ ոչնչացվել է շուրջ 15 անօդաչու սարք, այդ թվում՝ անխոցելի համարվող «Հերմես 900»-ը, բազմաթիվ տանկեր, թշնամին բազմաթիվ զոհեր է տվել, այդ թվում՝ հատուկջոկատայիններ, սպանվել է թշնամու բանակի գնդապետ, անգամ մեկ գեներալ։ Կարող ենք արձանագրել, որ Գրիգորի Խաչատուրովը մեր վերջին հերոս գեներալն է, ով դեռ ծառայում է բանակում, եւ շուտով նրա պայմանագիրը կչեղարկվի։ Երիտասարդ գեներալին կարճատեւ կոնֆլիկտի ընթացքում հաջողվել է թշնամուն անհամեմատ ավելի զգալի վնասներ հասցնել, քան թշնամին կրել է ողջ 44-օրյա պատերազմի ցանկացած կտորում։

Մենք շուրջ 3 տարի լուռ հետեւում էինք, թե ինչպես են մեկը մյուսի հետեւից վարկաբեկվում, աշխատանքից հեռացվում կամ քրեական հետապնդումների ենթարկվում մեր փառավոր գեներալները՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Մանվել Գրիգորյան, Մովսես Հակոբյան, Միքայել Հարությունյան, Լյովա Մնացականյան, Սամվել Կարապետյան (Օգանովսկի), Վիտալի Բալասանյան, Արշավիր Ղարամյան։ Մենք՝ իբրեւ ազգ, այս մարդկանց հետ վարվեցինք ամենաստոր ձեւով եւ հրաժարվեցինք վերադարձնել նրանց նկատմամբ մեր պարտքը՝ ոչ մի կերպ չպաշտպանեցինք ու թույլ տվեցինք, որ մեր հերոսներին մեր աչքի առաջ նսեմացնեն, ինչի հետեւանքն ու պատասխանը եղավ պատերազմում կրած սարսափելի պարտությունը։ Դա ճակատագրի պատասխանն էր մեզ բոլորիս՝ հայերիս։ Հիմա ով ինչ ցանկանում է, թող ասի՝ իբր սորոսականներն էին մեղավոր, միջազգային դավադրության զոհ դարձանք, մորմոնների հայատյաց ծրագիրն է։ Դատարկ խոսքեր։

Իրականությունն այն է, որ մենք հրաժարվեցինք մեր հերոսներից, մարդկանցից, ովքեր ժամանակին իրենց կյանքն ու առողջությունն էին դրել զոհասեղանին՝ հանուն ազգի եւ իրենց կրած զրկանքների շնորհիվ հաղթանակներ, փառք ու պատիվ էին բերել ժողովրդին ու պետությանը։ Իսկ երբ նրանք ունեին մեր աջակցության կարիքը, մենք նրանցից երես թեքեցինք։ Սա է ճշմարտությունը։ 
Իհարկե, պատերազմում պարտությունից հետո արդեն բոլորը սկսեցին բղավել, մեղավորներ փնտրել, հրաժարականներ պահանջել, խոսեցին հայի յուրահատուկ գենից, հաղթող տեսակից, մարտնչող կերպարից, բայց անգամ հրաժարական պահանջող հոգեւորականները, մտավորականները, գիտնականները, քաղաքական եւ հասարակական գործիչներն այդպես էլ ներողություն չխնդրեցին հալածված հերոս գեներալներից, նրանց ընտանիքներից, որ չեն պաշտպանել նրանց բարոյահոգեբանական ճնշումներից եւ ստորագույն հալածանքներից։ Ի՞նչ իրավունք ունեն հիմա խոսել հայի գենից, վեհ գաղափարներից, եթե նախկինում անվերջ կենացներ էին խմում՝ փառաբանելով մեր գեներալներին, իսկ դժվար պահին անգամ ֆեյքերից վախեցան եւ զորակցության խոսք չասացին նրանց հասցեին։

Մենք կենդանի հերոսներին չենք սիրում, գուցե դա գոռոզամտությունից է, գուցե՝ նախանձից կամ անտարբերությունից, բայց ցավալի փաստ է։ Եվ մենք ցույց տվեցինք, որ այդ մարդիկ՝ նվիրյալները, մահապարտները, ոչ մի նշանակություն չունեն մեզ համար, եւ միանգամից պատժվեցինք՝ ստանալով սարսափելի պարտություն ու կորցնելով այն ամենը, ինչով այդքան հպարտանում էինք։ Հիմա նորից հայի վերածնվելուց են խոսում, նորից տխմար տեսություններն ու միֆերն են մտել շրջանառության մեջ, թե իբր հայի գենը հզոր է, մենք փյունիկի պես նորից կհառնենք եւ այլ դատարկ խոսքեր։ Իրականում՝ մենք վարվեցինք այնպես, ինչպես վարվել չէր կարելի, որովհետեւ ես չեմ հիշում դատարանների դռներից շղթայված մտավորականների՝ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի դատավարության ժամանակ։ Բոլորն են կերտել այս պարտությունը, եւ հիմա երեսպաշտություն անելն անիմաստ է։

Հեղափոխական էյֆորիան էլ մեղավոր չէ, քանզի չէր պահանջվում պայքարել հեղափոխության դեմ կամ հակահեղափոխություն իրականացնել, պարզապես պետք էր բարձրաձայնել, որ՝ պարոն նորընտիր վարչապետ, մենք ողջունում ենք հեղափոխությունը, անգամ պատրաստ ենք աջակցել հավակնոտ եւ պետականամետ նախաձեռնություններին, բայց բանակից եւ հերոսներից ձեռքերդ հեռու, մենք չենք հանձնելու մեր հերոսներին, մենք անգամ մեր կյանքի գնով կպաշտպանենք մեր հերոս գեներալներին, ինչպես իրենք պաշտպանեցին հայրենիքը՝ պատերազմների ժամանակ։ 

Եվ Նիկոլ Փաշինյանը կնահանջեր՝ ստիպված կլիներ նահանջել, աշխարհը ստիպված կլիներ հաշվի նստել մեզ հետ, եթե մենք բոլորով ամուր բռնեինք մեր հաղթանակները եւ մեր հերոսներին։ Բայց մենք դա չարեցինք՝ մի ակնթարթում հեշտությամբ հանձնեցինք ե՛ւ հերոսներին, ե՛ւ հաղթանակները։ Այն ժամանակ գրեթե ոչ ոք իրեն նեղություն չտվեց, որ պաշտպաներ հաղթանակած գեներալներին, բայց արի ու տես, երբ դրա համար հարմար պայմաններ ստեղծվեցին, բոլորը սկսեցին պաշտպանել անգամ պարտված գեներալներին եւ իշխանություններին։ Որտե՞ղ է տրամաբանությունը, սա ի՞նչ մազոխիզմ է։ 

Ընտրությունները էլիտաների համար ավարտվեցին ֆիասկոյով, շատերը դա ժողովրդի սխալ ընտրությանն են վերագրում, ընտրակեղծիքներին, սպառողական մտածելակերպին, սորոսականներին, որոնք ջնջել են հայի անջնջելի գենը, բայց դրանք դատարկ խոսքեր են, իրականում բոլորի դիմակները պատռված էին, եւ ժողովուրդը պարզ գիտակցում էր, որ ցանկացած մեկը պաշտպանում է այս կամ այն քաղաքական ուժին միայն շահադիտական նպատակներով։ Եթե այդ մտավորականներն իրոք ազնիվ լինեին, ապա այն ժամանակ՝ դեռ պատերազմից առաջ մի խոսք կասեին ի պաշտպանություն ազգի հերոսների՝ նվիրյալ զինվորականների, ոչ թե կփորձեին նոր՝ հեղափոխական իշխանությունների հետ շփման եզրեր որոնել։ 

Հիմա բանակից հեռացնում են մեր վերջին հերոսին՝ անբասիր եւ քաջ զինվորականին․ ես այսպես արտահայտվում եմ, քանի որ նրա սխրանքը գնահատվել է իր հոր հակառակորդի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը բարձր պարգեւ շնորհեց երիտասարդ գեներալին՝ հուլիսյան մարտերի փայլուն արդյունքների համար։ Փաստ է, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովը շարունակում էր ծառայել հայրենիքին եւ սխրանքներ գործել այն պայմաններում, երբ այդ հայրենիքը նրա վաստակաշատ ծնողին փորձում էր դատապարտել ազատազրկման, իսկ հասարակությունը լուռ հետեւում էր դրան, երբեմն էլ հիվանդագին հրճվանք ապրում։

Գրիգորի Խաչատուրովը մեր վերջին հերոսն է, մարդ, ով բացարձակապես փիառված չէ, նրա անունով կարծես անգամ Վիքիպեդիայի էջ գոյություն չունի։ Ակնհայտ է, որ նա իսկական զինվորական է եւ, ի տարբերություն շատերի, մեծ կարողությունների տեր չէ, նա պարզապես լուռ ծառայում է հայրենիքին ու իր ժողովրդին եւ փայլուն է ծառայում։ Իսկ որտե՞ղ են հիմա այդ մտավորականները, հոգեւորականները, գիտնականները, տիեզերագնացները, բիոինժեներները, որոնք նոյեմբերից ի վեր ազգի փրկությունից ու հայի գենից են խոսում։ Հենց այս պահին մեր հայրենիքը վտանգված է, ադրբեջանական զորքերը գտնվում են մեր տարածքում, մեր դաշնակիցները չեն պատրաստվում մեզ օգնել, եւ այս օրհասական պահին մեր միակ հաղթանակած գեներալին հեռացնում են բանակից։ Իսկ ազգի փրկիչներն ինչո՞ւ չեն փորձում պաշտպանել գեներալին, ինչո՞ւ չեն փորձում մասսաներին համախմբել իրական հերոսի շուրջ։

Գոնե կարելի՞ էր հայտարարել, որ «ես իմ անվտանգությունը վստահում եմ Գրիգորի Խաչատուրովին»՝ չփորձեք մոտենալ մեր հերոսին, անկախ նրանից, թե որքան քվե եք ստացել կամ ում հետ ինչ պայմանավորվածություններ ունեք։ Մի՞թե մենք ի զորու չենք պաշտպանել անգամ մեր վերջին հերոսին, այդ դեպքում ի՞նչ վեհ գաղափարներից կարելի է խոսել։ Հասկանալի է, որ քաղաքական ուժերը պարտավոր չեն զբաղվել երիտասարդ գեներալի փիառով, նրանք զբաղված են աթոռակռվով, բայց մտավորականները, հոգեւորականները, մյուսները մի՞թե չեն կարող իրենց խոսքն ասել, գեթ մեկ անգամ առանց շահի՝ հանուն իրենց իսկ անվտանգության։ Մենք՝ հայերս, էմոցիոնալ ժողովուրդ ենք, մեզ միշտ հենման կետ է հարկավոր, մի՞թե երիտասարդ, հաղթանակած գեներալը չէր կարող այդ սիմվոլը դառնալ՝ ազգի եւ պետության վերածննդի սիմվոլը։ Մի՞թե Գրիգորի Խաչատուրովը չէ այն կարմիր գիծը, որը չի կարելի հատել, եւ մի՞թե այդ գաղափարի շուրջ մենք չենք կարող համախմբվել։ Ի՞նչն է խանգարում բոլորին՝ կանգնել գեներալի կողքին եւ թույլ չտալ, որ նրան հեռացնեն բանակից, կանգնել ու պաշտպանել առանց հրահանգի, առանց հոնորարի, առանց սեփական շահի, առանց որեւէ ակնկալիքի։ Կա՞ արդյոք այդ ներուժը մեր շարքերում։

Ամեն ինչ կորցրել ենք՝ մեր հաղթանակները, գեներալներին, հերոսներին, ինքնիշխանությունն է վտանգված, արդյո՞ք մենք ի զորու չենք հանուն մեր անվտանգության, հանուն մեր ապագա հաղթանակների, հանուն մեր հայրենիքի այդ մի բանն անել՝ ինքնակազմակերպվելով, որպես քաղաքացու պարտք, որպես ինքնապաշտպանական բնազդ։ Անգամ Ռուսաստանում, որտեղ իշխանությունն առավել քան ուժեղ է, երբ փորձում էին երիտասարդ լրագրողի վրա կեղծ քրեական գործ կարել, բոլոր ճանաչված մարդիկ ոտքի կանգնեցին եւ պաշտպանեցին նրան, եւ պետությունը նահանջեց՝ Գոլունովն ազատ արձակվեց։ Մտավորականներն ապացուցելու բան ունեն՝ հիմա է այդ պահը, հիմա է պետք բոլորին ապացուցել, որ իրենք կանգնած են պետականության կողքին եւ պատրաստ են ատամներով պաշտպանել հերոս-գեներալին, ով կարող է անվտանգություն ապահովել բոլորի համար։ Սա է իրենց խրամատը, եւ եթե նրանք չեն կարողանում այստեղ կանգնել, ապա քանի՞ գրոշի արժեք ունեն նրանց ճառերը։ Առի՞թ էիք ցանկանում, խնդրեմ՝ ահա այդ առիթը, վերելքի՞ էիք ձգտում՝ սա է պահը, հերո՞ս էիք տենչում, խնդրեմ ձեզ հերոս՝ երիտասարդ գեներալ Գրիգորի Խաչատուրովը։ Ու թող աշխարհով մեկ թնդա, որ հայերը նորից հերոս են գտել եւ համախմբվել են նրա շուրջ, թող թշնամին հասկանա, որ Հայաստանի մոխիրների մեջ դեռ կրակի հետքեր քան, որը կարող է նորից խարույկի վերածվել։ 

Ես շատ կցանկանայի սխալվել, բայց վստահ եմ, որ նման բան տեղի չի ունենա, եւ, անկեղծ ասած, չեմ մեղադրում ո՛չ անտարբեր հոգեւորականներին, ո՛չ շահամոլ մտավորականներին եւ ո՛չ էլ ագահ քաղաքական գործիչներին։ Բայց թող նրանք հանդես չգան ճռճռան կոչերով, թե իբր ազգն ու հայրենիքն են ցանկանում փրկել, թե իբր հայի գենն է վտանգված, եւ դա է իրենց ստիպել հարթակ բարձրանալ։ Պետք չէ քաղաքական պայքարը, պարզունակ աթոռակռիվն իբրեւ անձնազոհություն ներկայացնել եւ դեռ ժողովրդին էլ մեղադրել շահամոլության կամ անսկզբունքայնության մեջ, հաղթողներին հանձնողները եւ պարտվողների համար փողոցներ փակողներն իրավունք չունեն բարոյական քարոզներ կարդալու կամ զոհողություններից խոսելու։ Հիմա է ձեր Ավարայրը, հիմա է ձեր Սարդարապատը, պետք է հաղթել այն եւ նոր միայն ժողովրդից պահանջել հարգել այդ հաղթանակը, գնահատել այդ ձեռքբերումը, իսկ դրա համար նախ պետք է վեր կանգնել անձնական շահից եւ անշահախնդիր կերպով որեւէ բան անել, պաշտպանել գեներալին՝ ասելով, օրինակ, «Ես իմ անվտանգությունը վստահում եմ գեներալ Գրիգորի Խաչատուրովին»։ Եվ, ով գիտե, գուցե հենց այդ դեպքում պոպուլիզմը փշրվի, երբ հակադրության մեջ մտնի իսկական հերոսության եւ մարդկանց անշահախնդիր դիմադրության հետ։

Պողոս Պողոսյան