Ես առանձնապես ճնշման ենթարկվող էլ չեմ

Ես առանձնապես ճնշման ենթարկվող էլ չեմ

Երեւանի վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, որը Վանաձորի նախկին քաղաքապետ, ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին սատարած Սամվել Դարբինյանի որդին է, այլեւս չի շարունակի պաշտոնավարել որպես դատարանի նախագահ։ Նրա պաշտոնավարման եռամյա ժամկետը լրացել է այս տարվա հուլիսի 4-ին, նա գնացել է արձակուրդ եւ կվերադառնա արդեն որպես շարքային դատավոր։ Մամուլում գրվեց, որ Գագիկ Ջհանգիրյանը նրան փոխարինող է գտել՝ նույն դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, որն ավելի իշխանամետ կեցվածք ունի։

Աղասի Դարբինյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց․ «Նախ ասեմ, որ դա Սահմանադրությամբ է նախատեսված, որ դատարանի նախագահը երեք տարի ժամկետով է նշանակվում ու հաջորդ երեք տարին վերանշանակման հնարավորություն չունի։ Հետեւաբար, այդ տեղեկությունները շատ հեռու են իրականությունից, քանի որ ես, այսպես, թե այնպես, իմ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ այլեւս դատարանի նախագահ չեմ ու երեք տարի չեմ էլ կարող լինել տվյալ դատարանում։ Հետեւաբար, ինձ հանել են կամ փոխարինող են փնտրում, դա՝ այդ կոնտեքստով, չի համապատասխանում իրականությանը։ Իսկ փոխարինող, բնականաբար, պետք է նշանակեն դատարանի նախագահ, որն օրենքով սահմանված որոշակի շրջանակից կարող է լինել»։

Դիտարկմանը, թե սրա տակ քաղաքական ենթատեքստ էին գտել, Դարբինյանն ասաց․ «Շատ իզուր, որովհետեւ իմ ժամկետը լրացել է ամսի 4-ին, ու մինչեւ էդ որեւէ գործողություն, բնականաբար, չի եղել»։

- Իսկ ի՞նչ եք անելու հետայսու, ինչո՞վ եք զբաղվելու, շարունակելու եք նույն դատարանում որպես շարքային դատավո՞ր աշխատել։

- Դատավորի շարքայինը, էսպես ասեմ, ինձ համար հասկանալի չէ, այո՝ ես շարունակելու եմ պաշտոնավարել որպես վարչական դատարանի դատավոր։

- Այս օրերին գրվեց, որ Գագիկ Ջհանգիրյանի մոտ տարբեր ձեւով փորձում են միջնորդել, որ դատարանի նախագահներ նշանակվեն, կամ ցանկալի տեղափոխություններ լինեն․ Դուք այս ընթացքում առնչվե՞լ եք Ջհանգիրյանի հետ, ի՞նչ փոխհարաբերություններ ունեք նրա հետ։

- Բնականաբար, որպես դատարանի նախագահ, պարոն Ջհանգիրյանի հետ՝ որպես ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի, աշխատանքային շփումներ եղել են, իսկ էդ մնացած խոսակցություններից կամ, չգիտեմ, բամբասանքներից ես որեւէ տեղեկություն չունեմ, շատ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են եղել ու հիմա էլ կան։ Կապ չունի, որ ես այլեւս դատարանի նախագահ չեմ։ Որպես դատավոր եւս՝ դեռ չեմ առնչվել, բայց, կարծում եմ, կառնչվեմ։

- Իսկ Ռուբեն Վարդազարյանի հե՞տ։

- Զուտ աշխատանքային հարաբերություններ։

- Կարծում եմ՝ հետեւում եք մամուլին, որ Գագիկ Ջհանգիրյանը փորձում է բռի մեջ հավաքել դատական համակարգը եւ իր ուզած հունով ուղղորդել․ Դուք սրա վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։

- Ես պարոն Ջհանգիրյանի հետ կապված որեւէ նման միտում չեմ տեսել։

- Ձեր հայրն ընդդիմադիր ճամբարում է, հայտնի է, թե ինչպիսի քաղաքական կողմնորոշում ուներ ընտրությունների ժամանակ․ այս ամենը չի՞ կաշկանդում Ձեզ՝ որպես դատավորի, կամ հնարավո՞ր է փորձեն Ձեզ վրա ճնշում գործադրել՝ որպես դատավորի։

- Իմ հայրը շատ վաղուց է քաղաքականության մեջ, շատ վաղուց է էդ ամեն ինչի մեջ, մինչեւ հիմա որեւէ ճնշում չի եղել, վստահ եմ՝ սրանից հետո էլ չի լինի։ Ես էլ տենց առանձնապես ճնշման ենթարկվող չեմ։

- Ասում են՝ ԲԴԽ նոր ղեկավարությունը եւ այս իշխանությունները չեն սիրում այն դատավորներին, որոնք չեն ենթարկվում ճնշումներին։

- Ես արդեն նշեցի, որ ես նման միտում չեմ ունեցել, շատ նորմալ աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։