Ֆեյք-լուրեր կառավարությունից

Ֆեյք-լուրեր կառավարությունից

Շատ օգտակար գործ է սկսել իշխող քաղաքական ուժը՝ պայքար կեղծ, իրենց լեզվով ասած՝ ֆեյք լուրերի դեմ։ Ո՞ր հասարակությունը չի ուզենա լսել ու կարդալ միայն 100 տոկոսով ճշտված տեղեկություններ։ Բայց նման պահանջ հանրությանը՝ Ֆեյսբուքին ու ԶԼՄ-ներին ներկայացնելուց առաջ նախ ինքներդ ձեզ ներկայացրեք։ Այս օրերին համացանցում պտտում են տեսահոլովակը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին տեսախցիկներ էր փակում՝ «սերդեչնի պրիվետ» ուղարկելով Սաշիկին, իսկ հեղափոխությունից հետո իրենց իսկ նշանակած ՃՈ պետը հաղորդագրություն տարածեց, որ Սաշիկը ոչ մի կապ չունի արագաչափերի հետ։

Դեկտեմբերի 28-ին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր էջում գրեց․ «Պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են տեղեկություններ (չճշտված), որ Հին Հայաստանում մնացած փոքր թվով ռեկտորներ կամ նրանց կամակատարները փորձում են ճնշում գործադրել, որպեսզի դուք խորհուրդներում կատարեք նրանց կամքը։ Եթե այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, շատ ավելի լավ։ Թող, ուրեմն, սա լինի կանխարգելիչ գրառում»։

Բայց ամենացնցողը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հայտարարությունն էր կառավարության նիստում, երբ, խոսելով երեխաների որդեգրման մասին, ասաց․ «Մենք գործ ունենք մաֆիայի հետ։ Ես իմ գործունեության ընթացքում համառորեն փորձել եմ այդ կծիկը քանդել․․․ մենք ցավալի իրավիճակի հետ գործ ունենք, երեխաների օրգանների վաճառքի․․․ կեղծ մարդիկ որդեգրում են, եւ հետագայում այդ երեխաները կարող են զրկվել իրենց մեկ երիկամից։ Օդում կախված  լուրեր կան, որ այդպիսի բաներ կան»։ Երբ կառավարության անդամները ստույգ տեղեկություններ կհաղորդեն, նույնը կարող եք պահանջել մյուսներից։