Էսսե մկան մասին

Էսսե մկան մասին

Այս դեպքը պատահել է վաղուց, նույնիսկ շատ վաղուց: Այն հայտնի է դարձել մի սեպագիր արձանագրությունից, որի հեղինակի անունը հայտնի չէ, բայց, դատելով մանրամասն նկարագություններից և առաջին դեմքով գրված տեքստից, նա ականատես է եղել դեպքին:

Ահա ահա թե ինչ է գրում անհայտ պատմիչը.

«Հսկա դինոզավրերը մի մուկ բռնել՝ դատում էին, և մուկը ջանում էր հիմարացնել նրանց իր բոլոր հնարավոր և անհնար ստերով:

Տեսնելով, որ մուկը չի լռում՝ դինոզավրերը նրան ասացին՝

-Քո ճակատագիրն արդեն պարզ է, որոշել ենք քեզ տրորել մեր ոտքերի տակ: Քո արարքին արդարացում չկա:

Մուկը շուռ եկավ, թե.

-Էդ լուրջ եք ասո՞ւմ…

Դինոզավրերն էլ թե.

-Հա, ավելի լուրջ չի լինում:

Այս խոսակցությունից հետո դինոզավրերն սկսեցին մկան շուրջ նեղացնել շրջանը: Շրջանը որ շատ նեղացավ, մուկն անհանգիստ դեսուդեն ընկավ: Դինոզավրերն իրենց անճոռնի շարժումներով փորձեցին տրորել նրան: Հողը դմբդմբաց, գետինը շարժվեց, փոշու ծանր ամպ պատեց չորս բոլորը: Դինոզավրերն այնքան սեղմեցին շրջանը, որ կողոսկրերով դիպան իրար: Նրանց անկանոն աքացիները երբեմն էլ բաժին էին հասնում իրենց, ցավեցնում, հաշմում, կոտրում… Անասելի իրարանցում սկսվեց՝ բառաչ, բղավոց, խռխռոց…

Մի խոտակեր դինոզավր անզգուշորեն պոզահարեց իր գիշատիչ հարևանին: Սրա փորից ձուն ընկավ ու լղոզվեց գետնին: Մյուս գիշատիչները դա տեսան և իսկույն հարձակվեցին խոտակերների վրա: Եվ այդպես կռվեցին մինչև վերջին դինոզավրը:
Լուսաբացին, երբ լռություն տիրեց, մահացու վիրավորված վերջին դինոզավրը գլուխը մի կերպ բարձրացրեց և թույլ մկկաց.

-Իսկ մուկը չկա՞…