Ինչո՞ւ Ամիրյան փողոց եւ ոչ թե Վռամշապուհ արքայի

Ինչո՞ւ Ամիրյան փողոց եւ ոչ թե Վռամշապուհ արքայի

Վերջերս մշակույթի նախարարությունը միավորվեց կրթության, գիտության, սպորտի նախարարության հետ, իսկ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն էլ հրաժեշտ տվեց իր պաշտոնին։ Փոխնախարարներ նշանակվեցին Արա Խզմալյանն ու Նարինե Թուխիկյանը։ 
Ո՞րը պետք է լինի միավորված նախարարության առաքելությունը, որքանո՞վ նա կարող է աջակցել  ստեղծագործողներին։

Գրող Լեւոն Ջավախյանը նշում է, որ իր համար նշանակություն չունի մշակույթի նախարարության՝ որեւէ կարգավիճակով լինել-չլինելը։

«Ես կարծում եմ, որ մշակույթը պետք է ստեղծի ստեղծագործող մարդը, այն հոգեւոր էլեմենտ է։ Բայց բոլորը չէ, որ ունեն իմ ազատությունը, իմ հնարավորությունը, որպեսզի կարողանան դիմանալ վայրի կապիտալիզմի պայմաններում։ Դրա համար անհրաժեշտ է, որ պետությունը խրախուսի իսկական մշակույթը կրողներին։ Այնքան էականը մշակույթի նախարարության լինելը չէ, որքան որ այնտեղ լինեն մենեջեր մարդիկ։ Նրանք պետք է կարողանան եւ՛ իրենց մեջ մշակույթ կրել, եւ՛ կարողանան թացը չորից զատել, օգտակար լինեն մշակույթն իրենց մեջ կրողներին։ Ես ծանոթ եմ Արա Խզմալյանին, ինքը դեռեւս փոխնախարար չէր, մշակութային ծրագիր էր գրել, ուղարկել էր ինձ, ծանոթացել էի։ Ես այդ երիտասարդի մեջ տեսա այն պոտենցիալը, որ կարող է լինել մենեջեր։ Օրինակ՝ կան շատ գրողներ, որոնք թարգմանվել են տասը-քսան  լեզուներով, իսկ ես պետական մրցանակ ստացած գրող եմ, ոչ մի անգամ չեմ թարգմանվել։ Թող մեծամտություն չլինի, բայց եթե մշակույթի նախարարությունն այսքան տարի իմ տիպի գրողին չի նկատել, ո՞ւմ է պետք այդ նախարարությունը։ 

Տիգրան Մեծը աշխարհակալ թագավոր էր, ծովից ծով Հայաստան է ստեղծել, բայց այդ Հայաստանից մնաց միայն հոգեւոր Հայաստանը, որը ստեղծել է Վռամշապուհ թագավորը։ Եթե Վռամշապուհ թագավորը չլիներ, չէին լինի հայոց գրերը,  չէր լինի ոսկե դարը, որին հետեւեցին Եղիշեն, Խորենացին, Ագաթանգեղոսը։

Մենք պետականություն ենք ունեցել, բայց ի՞նչ է եղել այդ ընթացքում։ Եկեղեցին իր գործիչներին տեր է կանգնել, բայց պետականությանը հարիր մշակույթ չի ստեղծել։ Եվ պատահական չէ, որ ժամանակին Երեւանի Ամիրյան փողոցի անունն անվանափոխեցին, դրեցին Վռամշապուհ արքայի անունով, իսկ հետո նորից փոխեցին Ամիրյանի։ Ո՞վ է Ամիրյանը, 26 կոմիսարներից մեկն է, որի միակ քաջագործությունը եղել է 26 բոլշեւիկների մեջ զոհվելը։ Եվ մի ամբողջ պողոտա են անվանակոչել նրա անունով»,- մեզ հետ զրույցում նշեց Լեւոն Ջավախյանը։