Նախկին խմբագիր չի լինում

Նախկին խմբագիր չի լինում

Թեւավոր խոսք կա, թե նախկին դաշնակցական չի լինում։ Այս խոսքը ձեւափոխելով՝ կարող ենք ասել, որ նախկին լրագրող ու խմբագիր էլ չի լինում։ Եթե ոմանց թվում է, թե երբ մարդը դադարում է լրագրող աշխատել ու հեռանում է խմբագրի պաշտոնից, նա այլեւս դադարում է լրագրողի հայացքով նայել ամեն ինչին, հոդվածներ գրել ու խմբագրել, տեղեկություններ փոխանցել իր նախկին լրատվամիջոցին կամ ուղղակի հեռվից խմբագրել այն, չարաչար սխալվում է։

Հավանաբար, իշխանական ճամբարում հույս ունեին, որ եթե մեծ թվով լրագրողների առաջարկեն պաշտոններ զբաղեցնել կամ պատգամավոր դառնալ, երաշխավորված կլինի իրենց հասցեին մամուլի դրական վերաբերմունքը, եւ այլեւս խնդիրներ չեն ունենա ԶԼՄ-ների հետ։ Բայց կյանքը ցույց տվեց, որ նախ՝ սուրբ տեղը դատարկ չի մնում՝ ժամանակին իշխանություններին խիստ քննադատության ենթարկած «Ազատությանը» կամ «Հայկական ժամանակին» կփոխարինեն այլ լրատվամիջոցներ, ասենք՝ «Ֆակտոր», «Երեւան թուդեյ», «168 ժամ» եւ այլն, որոնք կկատարեն այդ գործը։ Իսկ, ասենք, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը որքան էլ երազի դառնալ պատգամավոր, այնքան էլ պատրաստ չէ իր թերթը դարձնելու պրոիշխանական լրատվամիջոց եւ ամեն գնով աշխատելու է թերթի դեմքը պահպանել նաեւ հետագայում։ Այնպես, ինչպես գերմարդկային ճիգեր են գործադրում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ տարիների ընթացքում ստեղծած իրենց անկախ լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», որպես լրատվամիջոց պահպանելու համար։ Այդ ընթացքում այս լրատվամիջոցների ղեկավարները բազում խնդիրներ են ունենում՝ ներթիմային խնդիրներ, մերձավորների հետ վեճեր, տարբեր խմբերի հետ լուրջ կոնֆլիկտներ ու մեղադրանքներ, բայց իրական խմբագիրն ու լրագրողը չի կարող իր պրոֆեսիային դավաճանել, եւ միեւնույն է՝ առաջին տեղում նա միշտ դնելու է թերթի ու ընթերցողի շահը։ Մանավանդ՝ վարչապետի ու պատգամավորի պաշտոնն անցողիկ է, իսկ խմբագրի գործը՝ մնայուն։

Մեզ մի ծիծաղաշարժ պատմություն ներկայացրին․ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը որոշել է հրաժարական տալ եւ մտել է վարչապետի մոտ՝ հրաժեշտ տալու։ Երբ նրանց խոսակցությունն ավարտվել է, եւ արդեն նախկին պաշտոնյան պատրաստվել է հեռանալ կառավարության ղեկավարի կաբինետից, վարչապետը վերջին պահին ձայն է տվել՝ որ դուրս գաս, զանգի «Հայկական ժամանակ», ասա թող առաջինն իրենք լուրը գրեն։ Չգիտեմ, որքանով է ճշմարտացի այս պատմությունը, բայց, դատելով նրանից, թե ինչ դժվարությամբ է Նիկոլ Փաշինյանը տարիների ընթացքում կայացրել իր թերթը, թերեւս, հեռու չէ իրականություն լինելուց։
Եվ հիմա էլ «Հայկական ժամանակը» փորձում է երբեմն քննադատական հոդվածներով հանդես գալ։ Դրանք, իհարկե, սովետական «Պրավդայի» քննադատությանն են նմանվում, այն իմաստով, որ թիրախում հայտնված մարդիկ հասկանում են, որ վերեւում իրենք խնդիր ունեն, եւ շատերն այդ հրապարակումներից գլոբալ հետեւություններ են անում, բայց, ամեն դեպքում, ավելի լավ է այսպես, քան «Հայաստանի Հանրապետություն» դառնալու ճանապարհը։ Օրինակ, օրերս «ՀԺ»-ն հրապարակում էր արել Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի մասին եւ ենթադրությունների տեղիք տվել, թե ինչով է այս կինը հայտնվել իշխանական մամուլի ուշադրության կենտրոնում։

Նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաեւ «Ժողովուրդ» թերթի սեփականատեր, այժմ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որի թերթում տպագրված յուրաքանչյուր հոդված դառնում է խմբակցության, իշխանական տարբեր շրջանակների քննարկման առարկա։ Նրան մեղադրում են ինֆորմացիայի արտահոսքի, իշխանական խոհանոցը բացելու, թիմին դավաճանելու մեջ, որը, որոշ նոր իշխանավորների կարծիքով, հանցանքին համազոր բան է։ Առհասարակ՝ երիտասարդ իշխանավորները մեծ արագությամբ սկսեցին նմանվել հազար տարվա չինովնիկներին, որոնք ատում են լրագրողներին եւ երազում, որ լրատվամիջոցները մի օր փակվեն-վերանան, որ իրենք հանգիստ ապրեն ու վայելեն իրենց պաշտոնները։