Հայտնի է Շիրակի մարզպետի իրական թեկնածուն

Հայտնի է Շիրակի մարզպետի իրական թեկնածուն

Շիրակի մարզպետի հարցն այս օրերին Գյումրիում ամենից ակտուալ քննարկվող թեման է: Ո՞վ է փոխարինելու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին: Նա ԱԺ է գործուղվում, եւ սա անակնկալ չէր տեղի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների համար, քանի որ կոսակցության վերնախավը որոշումը վաղուց էր կայացրել: ՔՊ անդամի մեր աղբյուրի փոխանցմամբ, կուսակցության ներսում քննարկվել է՝ Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել մարզում հայտնի, ինչպես նաև անկուսակցական մեկին: Լուրեր շրջանառվեցին, որ այդ անձը Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանն է, սակայն մեր տեղեկություններով՝ իշխանությունը նրա հետ այլ պլաններ ունի. ցանկանում են տեսնել նախարարի պաշտոնում:

Մեր աղբյուրի տվյալներով՝ Շիրակի մարզպետի պաշտոնի համար արդեն իսկ առաջարկ է ստացել Շիրակի մարզում «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային պատգամավոր առաջադրված եւ մոտ 5000 ձայն հավաքած Տիգրան Պետրոսյանը: Նա գիտությունների թեկնածու է, քաղակտիվիստ, անկուսակցական եւ քաղաքում հարգված անձնավորություն է: Տեղի կուսակցությունը հակված է հենց նրա թեկնածությանը: Պետք է նշենք, սակայն, որ Տիգրան Պետրոսյանին ընտրությունների ընթացքում իրենց ողջ ռեսուրսներով աջակցեցին քաղաքացիական ակտիվիստներ, Գյումրիում հայտնի՝ որպես հեղափոխության առաջամարտիկներ, Կարեն Պետրոսյանն ու Ղարիբ Հարությունյանը: Ի դեպ, հեղափոխությունից հետո նրանց մասին նույնպես լուրեր էին պտտվում, որ հնարավոր է մարզպետ նշանակվեն:

Կարեն Պետրոսյանը նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդներից է: ԱԺ Ընտրություններից առաջ Ղարիբ Հարությանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Տիգրան Պետրոսյանին պատգամավորի թեկնածու առաջադրելը իրենց թիմային որոշումն է եղել՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջարկ ստանալուց հետո: Այսօր մեզ հետ զրույցում Ղարիբ Հարությունյանը չշտապեց հաստատել մեր ունեցած տեղեկությունը, բայց նշեց, որ Տիգրան Պետրոսյանին մարզպետ նշանակելու առաջարկի դեպքում կրկին պատրաստ են թիմով այն քննարկել:

«Մեր մոտեցումը թիմային է: Ընտրություններում էլ այն պարզ դարձավ, մարզում հավաքած ձայներով 5-րդն էինք, իսկ Գյումրիում՝ Ֆելիքս Ցոլակյանից հետո երկրորդը: Սա մեր թիմի համար նշանակում է, որ մենք պատասխանատվություն ունենք, բայց ինչ տեսքով կլինի՝ առաջիկայում կբարձրաձայնենք; Հիմա գործընթացներ կան, որոնցից առաջ ընկնել չենք ուզում»: Մեր ճշգրտող հարցին, թե որոնք են այդ գործընթացները, Ղարիբ Հարությունյանը պատասխանեց. «ԱԺ-ի եւ կառավարության ձևավորումից հետո պարզաբանում կտանք»: