Ի՞նչ գին ունի ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանը

Ի՞նչ գին ունի ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանը

Երեկ լրահոսում հանդիպեց երկու ուշագրավ լուր։ Առաջինն այն էր, որ ՌԴ-ն Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ, Հայաստանում պաշտոնի չարաշահման գործով քրեական հետապնդման ենթարկված, միջազգային հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին տվել է ժամանակավոր կեցության կարգավիճակ։ Երկրորդ լուրը վերաբերում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին։ Պրահայի քաղաքային դատարանը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին որոշում է կայացրել։ Իսկ չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ անօրինական զենք պահելու համար։ Նա ձերբակալվել էր անցյալ տարի, դեկտեմբերին, Պրահայում, Ինտերպոլի եւ չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից։ Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով եւ կեղծ անձնագրով։ 

2018թ․ դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա։

Արդյո՞ք Չեխիան, ի տարբերություն ՌԴ-ի, օգնության ձեռք է մեկնում Հայաստանին՝ քրեաօլիգարխիայի դեմ պայքարում։ 
Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ այդ գործընթացների հիմքում ընկած են քաղաքական որոշումներ։

«Պետք չէ պատկերացնել, որ ՌԴ-ում արդարադատության համակարգն ամբողջովին վերահսկվում է իշխանությունների կողմից, իսկ ԵՄ-ում արդարադատության համակարգն ամբողջովին ազատ է։ Չեխիայի պարագայում, քաղաքական այդ որոշման ներքո,   կարող ենք հասկանալ այն, որ ԵՄ-ն այլեւս որեւէ պարտավորություն չունի ՀՀ երրորդ նախագահի եւ նրա ազգականների նկատմամբ։ Եվ բնականաբար Եվրամիությունը կարող է հանձնել Սերժ Սարգսյանի բարեկամին։

Դա քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարի համատեքստում չէ, այլ երաշխիքների բացակայության։ ԵՄ-ում կա մի քանի միլիոն փախստական։ Ինչպե՞ս պատահեց, որ հենց այդ  քաղաքացուն այլ անձնագրով  կարողացան բացահայտել մի քանի միլիոն փախստականների մեջ։ Դա նշանակում է, որ նա ի սկզբանե եղել է հսկողության ներքո։

ԵՄ-ն այդ կերպ Հայաստանի իշխանություններին այդ մարդուն հանձնելու պատրաստակամությունը հայտնեց՝ նշելով, որ ինքը քաղաքական պատասխանատվություն եւ պատրոնաժ չի ցանկանում իրականացնել ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ։ Եվ բոլոր այն անդրկուլիսյան  պայմանավորվածությունները, որ եղել են ՀՀ երրորդ նախագահի եւ Եվրոպայի միջեւ, այլեւս չկան»,- ասաց Արմեն Բադալյանը։

Ինչ վերաբերում է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, ապա քաղաքագետը հիշեցնում է, թե ինչպես նա մի քանի տարի առաջ նրա գործունեությունը  բացահայտվեց Պանամայի օֆշորային սկանդալում, որում մի քանի հարյուր միլիոն դոլարի չհայտարարագրված գումար կար։ Ըստ Արմեն Բադալյանի՝ ՌԴ-ն, հանձնելով Միհրան Պողոսյանին, պետք է հանձնի ոչ թե տվյալ քաղաքացուն, այլ այդ չհայտարարագրված գումարը։ Իսկ այդքան գումար հանձնելու դեպքում էլ, պարզ է, որ ՌԴ-ն ակնկալում է համարժեք փոխհատուցում։ 

«Այդ գինը, կարծում եմ, ՀՀ երկրորդ նախագահի արդարացման հետ է կապված։ Եթե նա արդարացվի, ապա այդ գումարը կտրամադրվի Հայաստանին, չարդարացվի՝ այդ գործընթացը կձգձվի։ Դա պետք է լինի բանակցային գործընթացի միջոցով»,- նշեց քաղաքագետը։