Զրպարտություն է, թե ես քրեական հեղինակություն եմ 

Զրպարտություն է, թե ես քրեական հեղինակություն եմ 

Պետեկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան նախկին պետ Բաբկեն Ղազարյանը դատական հայց է ներկայացրել Իրազեկ քաղաքացիների միավորումը հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ։ Դատական հայցի պատճառը Իոաննիսյանի հայտարարություններն են  Ղազարյանի վերաբերյալ, մասնավորապես Իոաննիսյանը նշել էր․ 
«Նախկինում մենք չենք տեսել դեպքեր որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: …Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն՝ անուն ազգանուները ես չգիտեմ, մականուններով են ասում՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ, այսինքն` էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում քան նախկինում…»: 

Ըստ Ղազարյանի՝  Իոաննիսյանը հրապարակային քննարկման ժամանակ զրպարտել է իրեն՝ հայտնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնք արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը: 

Նա պահանջում է որպես բարոյական վնասի փոխհատուցում պարտավորեցնել Իոաննիսյանին՝ նույն կերպ, լրատվամիջոցների ներկայությամբ, հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները՝ տպագրելով հերքման տեքստն ամբողջությամբ, ինչպես նաև բռնագանձել երկու միլիոն դրամ, ինչը կօգտագործվի բարեգործական նպատակներով:

Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը երբեք և ոչ մի տեղ Բաբկեն Ղազարյանի  անունը  չի հնչեցրել, և նա երբեք Իոաննիսյանի ուշադրության կենտրոնում չի եղել․ «Մի քիչ սուր իրավիճակ է, չի կարելի հենց այնպես ասել, որ ինչ-որ մեկը ինձ զրպարտել է։ Ինքը երբեք մեր ուշադրության կենտրոնում չի եղել, զոռով այնպես է անում, որ մեր ուշադրության կենտրոնում  հայտնվի։ Այո, տեղեկություններ ունենք, որոնք մենք ստացել էինք, քանի որ իր անձը մեզ համար որեւիցե հետաքրքրություն չէր ներկայացնում, ինքը եղել է միջին ռանգի չինովնիկ։ Երբ թաղային հեղինակությունը նման հայտարարություններ է անում եւ մեզ դատի է տալիս, ապա մենք սկսում ենք արդեն ուսումնասիրել, եւ կարծում եմ՝ եթե մեր ունեցած տեղեկությունների մի մասը հաստատվի, ապացույցներ ձեռք բերենք, ապա ինչ-որ խնդիրներ կունենա»,- ասաց Իոաննիսյանը։

ՀԿ ղեկավարի այս, ինչ-որ տեղ, սպառնալիքներից հետո անդրադառնանք Ղազարյանին։ Նա մեզ հետ զրույցում ասաց՝․« Զրպարտությունն այն է, որ ես քրեական հեղինակություն եմ հանդես գալիս»։ Բայց Իոաննիսյանը պնդում է, որ Ղազարյանի անուն-ազգանունը չի նշել, և իրենց ուշադրության կենտրոնում Ղազարյանը չի եղել․

«Ինքը մի քանի անգամ այդ ամենը փաստել է, որ ինձ նկատի ունի՝ Ղազարյան Բաբկենին, «Թոխմախի Բաբո» հասկացությունը վերագրվում է որպես մականուն, իսկ որպես անձ Ղազարյան Բաբկենն եմ, իսկ մնացածը, ինձ թվում է, դատարանը կպարզի»։
Բաբկեն Ղազարյանին հարցրինք նաև, թե ի՞նչ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրենի հետ․
«ԱԱԾ տնօրենի հետ հարաբերությունների մասին, կարծում եմ, հենց ԱԱԾ տնօրենը իր խոսքի մեջ արդեն նշել է։ Աշխատանքային հարաբերություններ են եղել, այո, ես աշխատել եմ համակարգում նույն վարչական շրջանում, և տարբեր աշխատանքներ միասին իրականացրել ենք»,- ասաց Ղազարյանը։