Հատուկ կարգավիճակ տվեք Սորոսի գրասենյակին

Հատուկ կարգավիճակ տվեք Սորոսի գրասենյակին

Հունիսի 3-ին  «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները երիցս բողոքի ակցիա իրականացրին «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության  գրասենյակի հարևանությամբ։ Կազմակերպությունը Հայաստանում առավել հայտնի է որպես «Սորոսի գրասենյակ»։ Իսկ ակցիան անցկացվեց գրասենյակի հարևանությամբ այն պատճառով, որ ոստիկանների գումարտակը պարզապես թույլ չտվեց մոտենալ շենքին․ նրանք շուրջ 4 ժամ տևած ակցիայի ողջ ընթացքում փակած պահեցին դեպի գրասենյակ տանող ճանապարհի սկզբնամասը։ Ակցիայի մասնակիցները՝ կազմակերպիչ Նարեկ Մալյանի գլխավորությամբ պարբերաբար փորձում էին ճեղքել ոստիկանների կողմից կազմված պատը, սակայն այդ փորձերը ավելի շատ «կռիվ-կռիվ» կամ սումոյի մենամարտեր էին հիշեցնում․ ոստիկաններն ու ցուցարարները պարբերաբար բախվում էին միմյանց, ապա Մալյանը «պերեկուր» էր հայտարարում, ու կրկին սկսում հրմշտոցը։ Խաղը նույնիսկ դուր էր եկել ոստիկաններին․ «Բայց մալադեց Արշակյանին, տեսա՞ր ոնց էր բրթում»,- փսփսում էին ոստիկանները։ Մի խոսքով՝ տուրուդմփոց, ծափ ու ծիծաղ։

Սակայն որքան էլ որ խաղը դուր էր եկել կողմերին, այնուամենայնիվ, մի հարց անպատասխան մնաց, թե ինչո՞ւ չի կարելի «Սորոսի գրասենյակի» առջև բողոքի ակցիա իրականացնել, ինչո՞ւ էին ոստիկանները անձնուրաց պաշտպանում գրասենյակը, իրենց մարմիններով փակում դեպի այնտեղ տանող ճանապարհի սկզբնամասը։ Այդ հարցերին չպատասխանեցին դեպքի վայրի ոստիկանները, նրանց խոսքով՝ այդ հարցերը պետք է ուղղել ոստիկանության լրատվական վարչությանը։ Այդպես էլ արեցինք, սակայն այնտեղից նույնպես պատասխան չստացանք։ Վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը այդ պարզ հարցին պատասխանելու համար գրավոր հարցում պահանջեց՝ շատ լավ իմանալով, որ հարցը հրատապություն ունի, և պատասխանն այս պահին է կարևոր ու հետաքրքիր, իսկ ինքը կարող է մի 5 օր չպատասխանել, ապա ևս 1 ամիս խնդրել՝ պատասխանելու համար։ 

Ոստիկանների պահվածքը այդչափ տարօրինակ չէր լինի, եթե նույն պատկերը լիներ  բողոքի այլ ակցիաների ժամանակ։ Տպավորություն է, որ ոստիկանների կողմից երկակի ստանդարտներ են կիրառվում։ Նրանք նույն եռանդով չպաշտպանեցին, օրինակ, Ամուլսարի հանքավայրը, երբ բնապահպան-ցուցարարները մեկ տարի շարունակ շրջափակել էին այն, մինչդեռ, ի տարբերություն «Սորոսի հիմնադրամի», այս պարագայում խոսքը Հայաստանում հարյուր միլիոնավոր դոլարներ ներդրած միջազգային կազմակերպության՝ «Լիդիանի» մասին էր։ Նույնատիպ անտարբերություն էին դրսևորում ոստիկանները նաև  դատարենների մուտքերը արգելափակելու  ժամանակ։ Նրանք չէին պաշտպանում դատավորների փաստաբանների ու քաղաքացիների իրավունքները։ Ոստիկանության սպան գալիս էր, մեկ անգամ «կոչ» անում բացել դատարանների մուտքերը, ապա, նույնիսկ պատասխան չլսելով, անմիջապես հեռանում։ Փաստորեն դուրս է գալիս, որ « Սորոսի գրասենյակը» Հայաստանում ավելի խիստ պահպանություն ունի, քան, ասենք, խոշոր ներդրողը կամ պետական մարմինը։

Այս տրամաբանությամբ կառավարությանն առաջարկում ենք, հետագայում նման հարցադրումներից խուսափելու և անհարմար իրավիճակում չհայտնվելու համար, «Սորոսի» գրասենյակը ներառել պետական պաշտպանության տակ գտնվող կարևորագույն կառույցների ցանկում։