Քաղաքապետարանի  նոր նշանակված բաժնի պետերն ազատվել են աշխատանքից

Քաղաքապետարանի  նոր նշանակված բաժնի պետերն ազատվել են աշխատանքից

Հեղափոխությունից հետո Հրազդանի քաղաքապետարանում իրավիճակ փոխվեց, աշխատանքից ազատվեցին նախկին քաղաքապետի նշանակած բոլոր բաժնի պետերը: Հեղափոխությունից 1 տարի անց, քաղաքապետարանում կրկին իրավիճակ է փոխվում, այժմ էլ՝ աշխատանքից ազատվում են նոր նշանակված բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարները: Քաղաքապետարանի մոտ կանգնած մեր աղբյուրը մեզ հայտնում է, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել է համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար  Երվանդ Հակոբյանը,  ով Միքայելյանների ծանոթն էր, եւ նրանց իսկ հովանավորչությամբ զբաղեցնում էր այդ պաշտոնը:

Հակոբյանի աշխատանքից ազատվելու մասին քաղաքապետարանում ոչինչ չեն խոսում, միայն ասում էին, որ Հակոբյանը երբեմն խմած վիճակով աշխատանքի էր գալիս:

Նա միայն իր աշխատակիցներին ասել է, որ աշխատանքի էլ չի գալու: Համայնքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների կանոնակարգման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկազ Առաքելյանը, նույնպես չի աշխատելու: Մեր  տեղեկություններով՝ նա այժմ արձակուրդում է, իսկ արձակուրդից հետո աշխատանքի չի գնա.

 «Քաղաքապետարանում անդուր մթնոլորտ է տիրում, որոշ աշխատակիցներ չեն հարմարվում աշխատանքին, 2 բաժնի պետեր աշխատաքից ազատվել են: Նոր աշխատակիցները չեն կարողանում աշխատել, զանգում են քաղաքապետարանի նախկին աշխատակիցներին հարցուփորձ անում, թե որ պարագայում ինչ անեն, ինչպես աշխատեն»,-ասաց զրուցակիցս:  

Քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Մայիս Պողոսյանին հարցրինք, թե Երվանդ Հակոբյանը աշխատանքից ազատվել է  աշխատանքը թերի կատարելու համար, թե աշխատանքի էր գալիս ալկահոլ օգտագործած. «Ես չգիտեմ, թե այդ ինֆորմացիան որտեղից եք վերցրել, բայց աշխատանքից  ազատման  հիմքը իր դիմում է: Էնպես չի, որ  նա թերացել է իր աշխատանքում:  Աշխատանից ազատվել է, այլ աշխատանքի է անցել, կարծեմ հիմա աշխատում է»:  Այն հարցին, թե մյուս բաժնի պետն ինչո՞ւ է ազատվել աշխատանքից, Պողոսյանը պատասխանեց. «Առաքելյան Հայկազը նույնպես  անձնական գործունեություն է ծավալում, նպատակահարմար է գտել բիզնեսով զբաղվել, երեւի դա է պատճառը, որ աշխատանքից ազատվել է»:

Աշխատանքից ազատված բաժնի պետերի ժամանակավոր պաշտոնակատարների հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց,  հարցնելու, թե ո՞րն է եղել աշխատանիքից ազատման իրական պատճառը: