Հեղափոխության մակաբույծները

Հեղափոխության մակաբույծները

Արցախի գործող եւ երկրորդ նախագահների երաշխավորությամբ դատարանը փոխել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, նա մեկուսարանից ազատ է արձակվել: Եւ դրանից երիտասարդ լրագրողը բխեցնում է, որ «փաստորեն հեղափոխության նկատմամբ առաջին ռեւանշն արձանագրվեց հեռավոր Ստեփանակերտից, Արցախի ռազմաքաղաքական ընտրախավը ուղղակի մարտահրավեր նետեց Փաշինյանի կառավարությանն ու ընդհանրապես Հայաստանի քաղաքացիներին»:

 Ստացվում է` Նիկոլ Փաշինյանի կառավարությու՞նն էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրել: Կամ Հայաստանի բոլոր քաղաքացինե՞րը: Եւ Արցախի ռազմաքաղաքական ընտրախավը նրանց մարտահրավեր նետեց ու հեղափոխության նկատմամբ հասավ ռեւանշի՞: Հեղափոխության գերնպատակն Ռոբերտ Քոչարյանի կալանավորու՞մն էր: Այլ, ավելի կարեւոր խնդիրներ չկա՞ն: Կարդում ես եւ զարմանում` մի”թե սա է հեղափոխության պաշտպանությունը: Անշուշտ` ոչ:

Իրավիճակի ճշգրիտ բնութագիրն այսօր ֆեյսբուքյան կարճառոտ գրառմամբ Գեղամ Բաղդասարյանն է տվել` Քոչարյանի նկատմամբ ընդունված դատական ակտը վկայում է, որ մենք, իրոք, ապրում ենք նոր, ժողովրդավարական Հայաստանում: Այո: Այլապես Արցախի նախագահները երաշխավորություն չէին ներկայացնի, եւ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ վերջ կմնար կալանքի տակ: Հեղափոխության նկատմամբ ռեւանշի կամ Փաշինյանի կառավարությանն Արցախից նետած մարտահրավերի մասին խոսք լինել չի կարող:

Իրականությունը պետք է ընդունել` ինչպես որ այն կա: Եթե Հայաստանն իրավական պետություն է, որտեղ դատարանի անկախությունը երաշխավորված է, ապա արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Ռոբերտ Քոչարյանը մնում է մեղադրյալի կարգավիճակում, շուտով կսկսվի գործի ամբողջական քննությունը, որ կարող է եւ տարիներ տեւել: Սենսացիայի ի՞նչ առիթ կա: Հասարակությանը պետք է կանխատրամադրել, որ զինվի համբերությամբ եւ սպասի դատարանի վերջնական վճռին: Իսկ առհասարակ ավելի լավ կլիներ, եթե ամեն մարդ զբաղվեր իր առօրյա գործով:

Վստահեր արդարադատությանը: Պատրաստ լիներ այդ գործով ցանկացած վճռի: Մամուլը, փորձագիտական եւ քաղաքական որոշ շրջանակներ, մինչդեռ, արհեստականորեն ուռճացնում, գրեթե ճակատագրական մակարդակի են բարձրացնում իրավական խնդիրը: Իսկ իրականության մեջ կա երկու հանգուցալուծում` կապացուցվի՞ Քոչարյանի մեղքը, նա կդապարտավի, ո՞չ` կարդարացվի: Իսկ երիտասարդ լրագրողն Արցախի իշխանություններին չարագուշակ հիշեցնում է, որ պատերազմի դեպքում Հայաստանի բանակն ու կամավորականներն են կանգնելու նրանց կողքին: Ինչպես ասում են` չհասկացանք. եթե Ռոբերտ Քոչարյանը չազատազրկվի, արդարացվի եւ, չտա աստված, պատերազմ սկսվի, Հայաստանը չպիտի՞ կատարի Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունը: Հեղափոխությանը վնասում են հենց այս կարգի մակաբույծները: Նրանք են արհեստականորեն թեմա հրահրում, տեղեկատվական միֆեր շրջանառում: Նրանք են պահանջում, որ Փաշինյանը գործի դնի հեղափոխական գիլյոտինը եւ բոլոր անցանկալիներին «գլխատի»:

Իսկ հետո՞: Այս մասին երիտասարդ լրագրողը մտածե՞լ է: Հաստատ` ոչ: Այլապես չէր գրի. «Վստահաբար պատերազմի վերսկսման պարագայում Արցախի ղեկավարները կսթափվեն ու կվերադառնան իրականություն, քանի որ Արցախի գոյության ու անվտանգության երաշխավորը հայ ժողովուրդն է, այլ ոչ թե Քոչարյանը։ Այն նույն ժողովուրդը, որի երեսին այսօր թքեցին Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը»: