Ի՞նչ զուգահեռներ կարող են լինել Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի միջև

Ի՞նչ զուգահեռներ կարող են լինել Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի միջև

Հասարակական գերլարված մթնոլորտում ընթացող Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը շատերին հիշեցնում է 2001-2004թթ․ ընթացող մեկ այլ, իր հնչեղությամբ ոչ պակաս կարեւոր գործի քննություն՝ 1999թ․  հոկտեմբերի 27-ի գործի քննությունը։ 

Հոկտեմբերի 27-ի գործով ԱԺ զոհված նախագահ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների փաստաբան Աշոտ Սարգսյանը կարծում է, որ այդ երկու գործերի քննության միջեւ զուգահեռներ կարելի է անցկացնել միայն մասշտաբի եւ ծանրաբեռնվածության առումով։

«Ովքե՞ր էին Հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալները, ովքե՞ր են Մարտի 1-ի գործով ամբաստանյալները։ Ո՞նց կարելի է այն ժամանակվա եւ այսօրվա ամբաստանյալներին համեմատել միմյանց հետ։ Կարելի է զուգահեռներ անցկացնել այն առումով, որ երկու դեպքում էլ ոտնձգություն է եղել պետության դեմ»,- ասաց Աշոտ Սարգսյանը։

Փաստաբանը կանխատեսում է, որ Մարտի 1-ի գործով դատավարությունը կարող է երկար տեւել, քանի որ միայն ապացույցների հետազոտությունը կարող է մեկ տարի տեւել։
Աշոտ Սարգսյանը հիշեցնում է, որ առաջին օրվանից ինքը հայտարարել է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հեղաշրջում էր, իսկ Մարտի 1-ը՝ սահմանադրական կարգի տապալում․ երկուսն էլ, ըստ նրա, պետության դեմ ուղղված մեղադրանքներ են։

Հետեւելով դատավարությանը՝ Աշոտ Սարգսյանը կարծում է, որ թե՛ Քոչարյանի աջակիցների, թե՛ նրա ընդդիմախոսների կողմից կազմակերպված ակցիաները դատարանի դիմաց միանշանակ դիտվում են որպես ճնշում դատարանի վրա։ 

«Երկու կողմն էլ պետք է մի քիչ զսպված լինեն, որպեսզի տեղիք չտան շահարկումների, թե դատարանի վրա ճնշում է գործադրվում։ Ավելի անտաղանդ, անիմաստ, պարտադրված  ակցիա, քան Քոչարյանի աջակիցների ակցիան է, ես չեմ տեսել։ Այդ պաշտպանության մեջ հոգի չկա։ Եթե Քոչարյանի ընդդիմախոսների ակցիայի մեջ գոնե հոգի կա, նրանց մեջ տպավորվել է նրա նախագահական տարիների գործունեությունը, ապա Քոչարյանի աջակիցները անիմաստ հավաքներ են կազմակերպում, հավաքվում են դեմքի վրա ոչ մի արտահայտություն չունեցող մարդիկ, ինչից երեւում է, որ այդ ամենը պարտադրված է»,- ասաց փաստաբանը։

Աշոտ Սարգսյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին չես կարող անվանել դիլետանտ, նրանք բարձր մակարդակի պաշտպանություն են իրականացնում։ Սակայն դրան զուգահեռ, իրավական դաշտից դուրս, գալիս են նրա անձը անտաղանդ ձեւով պաշտպանողներ, ինչն էլ խանգարում է փաստաբաններին։ Եվ այդ դեպքում էլ, ըստ նրա, դատարանի ցանկացած որոշում կդիտվի ոչ թե որպես փաստաբանների պրոֆեսիոնալիզմի արդյունք, այլ կարող է դիտվել Ռոբերտ Քոչարյանի անձը պաշտպանողների կողմից դատարանի վրա գործադրված ճնշում։ 
Փաստաբանը նշում է նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ գտնվելու ընթացքում թեեւ չի խուսափել, բայց  բացահայտ խոչընդոտել է քննությանը (նկատի ունի անցյալ ամռանը Հատուկ քննչական ծառայության  պետ Սասուն Խաչատրյանի եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը)։