Ուրիշ պայմանագրեր էլ եմ լուծարել՝ բա դրանցով չեք հետաքրքրվո՞ւմ 

Ուրիշ պայմանագրեր էլ եմ լուծարել՝ բա դրանցով չեք հետաքրքրվո՞ւմ 

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի տարիներով ձգձգվող ասֆալտապատմանը բազմիցս ենք անդրադարձել: Գրել էինք, որ Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը մի քանի շինարարական ընկերությունների հետ միակողմանի լուծարել է պայմանագրերը, եւ նոր տենդեր հայտարարել, որի արդյունքում Ծաղկաձորում ասֆալտապատման սկիզբն ու վերջը չի երևում:

Ամիսներ են անցել, սակայն աշխատանքները շատ դանդաղ տեմպով են ընթանում: Պարզվում է, որ այս անգամ էլ քաղաքապետը խնդիր ունի կապալառու ընկերությունների հետ: Չգիտես ինչո՞ւ Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման եւ այլ աշխատանքներ կատարելու համար հայտարարված տենդերները շահում են այնպիսի կազմակերպություններ, որոնք, ըստ քաղաքապետի՝ շատ անորակ գործ են անում: 

Ծաղկաձորի համայնքապետարանը 2022 թվականի հուլիսի 25-ին պայմանագիր է կնքել «Շտռաբագ» ՍՊԸ-ի հետ, որը պարտավորվել է Ծաղկաձոր համայնքում տեղադրել թվով 4 կանգառ: Պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման վերջնաժամկետը սահմանված է եղել 2023թ. նոյեմբերի 1-ը: Այս ընկերության հետ եւս Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը միակողմանի լուծարում է պայմանագիրը.   

«Բնակավայրերում փաստացի նորմալ տեղադրված չի կանգառները: Նոյեմբերի 1-ին էլ ժամկետը լրացել ա, մասամբ եմ գումարը վճարել: 3 կանգառ ա տեղադրվել, այն էլ կիսատ-պռատ՝ չեն տեղադրվել ապակիները, որոշ դետալներ առկա չեն, ինչպես նաև կանգառներն արդեն ժանգոտվել են»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը, ապա հավելեց. «Անորակ աշխատանքներ կատարելու համար պայմանագիրը միակողմանի լուծարել եմ, դա միակ դեպքը չի, ուղղակի ես էլի որոշումներ եմ ստորագրել, էլի պայմանագրեր կան լուծարված: Բա դրանցով չե՞ք հետաքրքրվել: Ասեմ՝ խոսքը նոր թաղամասի ասֆալտապատման մասին ա: Այդ շինարարական կազմակերպությունը թղթերի խնդիր ուներ»:

Քաղաքապետին հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդպիսի ընկերություններ են շահում տենդերը, այդ ժամանակ չե՞ն ստուգվում բոլոր փաստաթղթերը. 

«Ցածր գին ա տվել, տենդերը շահել ա: Էդ պահին չեն ստուգել, հետո են ստուգել, որ կառավարության որոշումով պետք է ունենար լիցենզիա: Դրանից բացի, Ծաղկունյանց հրապարակի պայմանագիրն եմ լուծարել, գումարները չեմ տվել, եւ այդպես շարունակ, ովքեր նորմալ իրենց աշխատանքը որակով չեն կատարի՝ գումար չեն ստանա»: