Ծաղկաձորի ճանապարհները քանդել են՝ տենդերը շահած ընկերության հետ դատվում են

Ծաղկաձորի ճանապարհները քանդել են՝ տենդերը շահած ընկերության հետ դատվում են

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճանապարհների անմխիթար վիճակից վարորդների նյարդերն արդեն տեղի են տալիս: Արդեն 1 տարի իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ո՛չ սկիզբն է երեւում, ո՛չ էլ՝ ավարտը: Վարորդները փորձում են գոնե մեկ նորմալ փողոց գտնել, որ կարողանան վարել մեքենան՝ չկա: Այս իրավիճակից նեղվում են նաեւ քաղաք այցելած զբոսաշրջիկները: Քաղաքում անգամ ոտքով քայլելն է անհնար դարձել: Քաղաքային տրանսպորտը հաճախ այլ ճանապարհներով է երթեւեկում, ինչն անհարմարության պատճառ է դառնում բնակիչների համար, քանի որ նրանք ստիպված՝ կանգառից կանգառ են վազում: Բողոքում են նաեւ հյուրանոցների տնօրենները, քանի որ ճանապարհների պատճառով տաքսիները զբոսաշրջիկներին հյուրանոց չեն հասցնում, անգամ կրկնակի վճարի դեպքում:

Մի խոսքով, Ծաղկաձորում շունը տիրոջը չի ճանաչում: Ծաղկաձորի քաղաքապետը չի հստակեցնում` քանի ամիս հետո այդ աշխատանքները կավարտվեն։ «Գործ են անում: Մենք չենք ավարտողը, դիմեք տարածքային կառավարման նախարարություն, այդ ճանապարհները մերը չեն, մենք պայմանագիր կապողը չենք, մրցույթ հայտարարողը մենք չենք, այդ ճանապարհները համայնքային չեն: Մհեր Մկրտչյան, Չարենցի, Կեչառեցու, Օլիմպիական եւ Սարալանջի փողոցները միջպետական ճանապարհներ են: Հիմա սպորտբազայինը սկսել են ասֆալտապատել»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետ Նարեկ Հարությունյանը: Հարցին՝ իսկ ինչո՞ւ է ասֆալտապատման աշխատանքը դանդաղում, Հարությունյանը պատասխանեց. «Դանդաղ աշխատելու հարցը չէ, անցած տարի մրցույթ է եղել, որ պետք է ճանապարհներն ասֆալտապատեին: Տենդերը շահած ընկերության հետ խնդիր է եղել, պայմանագիր են լուծարել: Երկրորդ մրցույթն են հայտարարել, եղանակները բացվել են, հիմա աշխատանքներն արվում են»:

«Ճանապարհների հետ կապված ասեմ, որ շինարարի հետ մենք խնդիր ունեցանք, հիմա գործը դատախազությունում է, բայց արդեն իսկ խզել ենք պայմանագիրը, նոր շահող կա, եւ աշխատանքները սկսված են: Ենթադրում եմ, որ շատ արագ տեմպերով պետք է ավարտին հասցնենք: Տվյալ ընկերությունը կառավարության ծրագրով եւ ֆինանսավորմամբ նաեւ աշխատանքներ է իրականացնում Հրազդան քաղաքի Սպանդարյան եւ Հայ ֆիդայիների փողոցներում»,- ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Համայնքների ճանապարհների ասֆալտապատման մրցույթը շահած կազմակերպությունը՝ ռուսական «Գլավդորստրոյ» ԲԸ-ն, որը, ըստ Ծաղկաձորի քաղաքապետի, հրաժարվել է ծրագրից ու դիմել նախարարությանը՝ խզելու պայմանագիրը, Մոսկվայում գրանցված ընկերություն է, արդեն 1 տարի է՝ մասնակցում է տարածքային կառավարման նախարարության մրցույթներին, շահում, իսկ որոշ ժամանակ անց նախարարությունը լուծում է պայմանագրերն այդ ընկերության հետ, արդյունքում տուժում են համայնքները: Անցած տարի ընկերությունը դիմել էր դատարան, վիճարկել իր հետ կնքված պայմանագրերից մեկը լուծարելու նախարարության որոշումը։ Դատարանը մեկ ամիս առաջ մերժել է ընկերության հայցն ու անփոփոխ թողել նախարարության որոշումը։ Այս տարեսկզբից ընկերությունը նաեւ ընդգրկվել է շինարարների սեւ ցուցակում եւ երկու տարով զրկվել մրցույթներին մասնակցելու իրավունքից։

«Գլավդորստրոյ» ընկերության շահերի ներկայացուցիչ Մհեր Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընկերությունը մասնակցել է Քաղաքաշինության կոմիտեի եւ տարածքային կառավարման նախարարության կազմակերպած մրցույթներին, մեծամասամբ մրցույթները շահել է, սակայն ինչ-ինչ պատճառներով հանել են մրցույթից:

«Մրցույթների մի մասով պայմանագիր է կնքվել, սկսել են գործունեություն անել, այն փաստաթղթերով, ինչը որ ունեցել են, ինչը որ հիմա ունեն: Որոշ մրցույթներից էլ ընկերությանը հանել են տարբեր պատճառներով, չնայած այն բանին, որ հաղթող է ճանաչվել: Եղել են ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառաբանություններ: Մենք դատական կարգով վիճարկում ենք, թե արդյո՞ք օրինական է եղել տարածքային կառավարման նախարարության կողմից հաղթող ճանաչված մասնակից ընկերությանը մրցույթից հանելը՝ այն հիմքով, որ ներկայացված բանկային երաշխիքը, որպես այդպիսին, չի համապատասխանում ՀՀ օրենսդրության չափանիշներին: Քանի որ պետությունը ստուգել է, եւ պարզվել է, որ երաշխիք տվող կազմակերպությունը չի հանդիսանում բանկ կամ վարկային այլ կազմակերպություն, իսկ գնման հրավերով նախատեսված ՀՀ գնումների օրենքով նախատեսված է, որ բանկային երաշխիքը տրամադրվում է բանկի կամ ֆինանսական կազմակերպության կողմից: Մինչդեռ իրենց տրամադրած երաշխիքը որեւէ ռեեստրում գրանցած չէ որպես բանկ կամ ֆինանսական կազմակերպություն: Դա իրավական խնդիր է, որ դատարանում վիճարկվում է, միանշանակ չէ, որ պետությունը ճիշտ է ասում, եւ միանշանակ էլ չէ, որ սխալ է ասում, դատարանում կպարզվի: Կնքված պայմանագրերի մասով՝ մի պայմանագիրը, որն այս պահին դատախազությունում քննվում է, լուծվել է: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, առաջարկվել է ընկերությանը՝ լուծել պայմանագրի մի մասը՝ ուղղակի զուտ ընկերական հարաբերությունների հիմքով: 2 լոտ է եղել, խնդրել են, որ մեկից հրաժարվի: Ես ասել եմ, որ հրաժարվելու պարագայում կունենաք խնդիրներ, ավելի լավ է փոխադարձ համաձայնությամբ լուծեք: Ասեմ, որ բավականին ազդեցիկ խնդրանք է եղել, եւ ընկերությունը չի ուզեցել կոնֆլիկտի գնալ, պայմանագիրը լուծել է եւ հրաժարվել է մրցույթի այդ մասից: 2022 թ․ դեկտեմբերի 31-ին՝ հատուկ եմ շեշտում, ընկերությունը ստացել է ծանուցում նախարարությունից՝ քանի որ դուք հրաժարվել եք միակողմանի պայմանագրից, մենք տույժ-տուգանք ենք կիրառում եւ ձեզ գցում ենք սեւ ցուցակ: Այսինքն՝ այնպես են արել, որ այս կազմակերպությունն անգամ Ռուսաստանում չկարողանա մրցույթների մասնակցել: Ընտրում են այնպիսի օր, որ դրան հաջորդող օրերը լինում են ոչ աշխատանքային, իսկ վիճարկման օրերի քանակը շատ սուղ է՝ դեկտեմբերի 31-ին ծանուցումը ստանալուց հետո: Մարդն ընդունել է ազդեցիկ խնդրանք, հետո դա օգտագործվել է իր դեմ: Ծաղկաձորում ընկերությունը բոլոր աշխատանքները վերջացրել է անցած տարի: Կատարվել են լրացուցիչ աշխատանքներ, որոնք դեռեւս չեն վճարված: 288 մլն դրամի է եղել, մի մասը վճարել են, մյուս մասը հիմա քննարկման փուլում է: Ծաղկաձորի համայնքապետարանը ներկայացրել է այն հանգամանքը, թե բացահայտվել է, որ մեր լիցենզիան չի համապատասխանում օրենսդրությանը, բացի այդ՝ հղում է արել բանկային երաշխիքին: Հազար ներողություն, լիցենզիան կամ բանկային երաշխիքը կատարված աշխատանքի կամ աշխատանքի որակի հետ կապ չունի, դա թղթաբանական հարց է, դա պետք է պարզվեր, ոչ թե մրցույթը հաղթելուց ու աշխատանքներն ավարտելուց հետո, այլ՝ մրցույթի փուլում: Խնդիրն այն է, որ այս կազմակերպությունն իր ռուսական պոտենցիալի ներդրումների հաշվին աշխատանքները կատարում է բավականին մատչելի գներով, մրցույթներին մասնակցում ավելի մատչելի գներով, քան այլ կազմակերպություններ: Ու նաեւ փաստն այն է, որ ունի բավականին մրցույթներ, որոնք կատարել է եւ վճարվել, ամեն բան նորմալ է եղել, ունի ընթացիկ մրցույթներ, որ հիմա արհեստական խնդիրներ են առաջանում: Իսկ Հրազդան քաղաքի հետ կապված ասեմ, որ նույնպես դադարեցրել են ընկերության հետ պայմանագիրը: Ասֆալտաքերման աշխատանքները կատարել է ընկերությունը․ դրա մեջ որակի բան չկա, որ ասեն՝ աշխատանքները որակով չեն արել: Այդքան աշխատանք այս ընկերությունը կատարեց, հիմա մրցույթը պետք է ուրիշին տան, որ մնացած աշխատանքը շարունակի, ի՞նչ պատճառով են վերցնում՝ ուրիշին տալիս, ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային: Ճանապարհի այդ հատվածի ասֆալտի շերտը քերելուց հետո բողոքները շատ էին, որ եկան՝ ճանապարհը քանդեցին, գնացին, բայց փաստն այն է, որ այս ընկերությանը չեն թողել, որ աշխատանքները շարունակի Հրազդանում: Ընկերության աշխատակիցներն աշխատել են, անցած տարվա վերջում նախարարությունից ստացել են գրություն, որ ֆինանսավորումը բացակայում է, աշխատանքները դադարեցրեք, երբ որ ֆինանսավորումը կլինի, նոր կշարունակվի: Բնականաբար, ընկերությունը դադարեցրել էր աշխատանքները, կատարված աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է 200 մլն դրամ, դա եւս վճարված չէ»: