Հայկ Մարությանի թաքնված «ախրանիկը»

Հայկ Մարությանի թաքնված «ախրանիկը»

Փետրվարի 15-ին Երևանում Holday Inn հյուրանոցի բացմանը մենք լուսանկարել էինք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, թե ինչպես է նա քաղաքապետարանի կողմից իրեն հատկացված Nissan Qashqai ավտոմեքենան վարում անձամբ։ Գրել էինք, որ Մարությանը հաճախ է ինքը վարում մեքենան, ոչ թե վարորդը։ Նաեւ չունի թիկնապահ և ուղեկցող մեքենա, ինչպես Տարոն Մարգարյանի դեպքում էր։ Բայց, արի ու տես, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, որքան ցույց է տալիս Հայկ Մարությանն իր PR ակցիաներում։ 


Այդ օրը Մարությանին ուղեկցում էր մի տղամարդ, որը դե ֆակտո թիկնապահի կամ, ավելի շուտ, «ախրանիկի» ֆունկցիա էր կատարում։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա միայն «ախրանիկներին» հատուկ «երկաթյա» հայացքով զննում էր մեզ, իսկ երբ փորձում էինք «շեֆին» փոքր ինչ ավելի մոտենալ՝ հարմար դիրքավորվելու համար, նա մի քանի անգամ հրեց մեզ։ Բայց դա անում էր շատ զգուշորեն, բացահայտ ցույց չտալով, որ թիկնապահական ֆունկցիա է իրականացնում։ Խոսքը քաղաքապետի դե յուրե օգնական Կարեն Հարությունյանի մասին է, ով դե ֆակտո քաղաքապետի անվտանգության աշխատակցի ֆունկցիաներն է իրականացնում։ Դրա համար այդ պահին շատ ուշադրություն չդարձրինք ու չկենտրոնացանք նրա վարքի վրա, հատկապես, որ պարզեցինք՝ նա ընդամենը քաղաքապետի օգնականն է, կայքում էլ այդպես է գրանցված։ Հայկ Մարությանն էլ այդ օրը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, թե թիկնապահ չունի։

Ավելի ուշ տեղեկացանք, որ քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանն, իրականում, թիկնապահի երկարամյա փորձ ունի, մարդիկ կան, որ նրան հիշում են Սերժ Սարգսյանի «անվտանգությունում» աշխատելիս՝ որպես ՊՊԾ աշխատակից, այդ մասին նշված է նաև քաղաքապետարանի կայքում զետեղված նրա երկուտողանոց կենսագրականում․ «2010-2018թթ. ծառայել է պետական պահպանության ծառայությունում։ 2018թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական»։

Մեզ ասացին, որ Մարությանն իրականում այս ամենն անում է PR նպատակներով՝ ցույց տալով, թե թիկնապահ չունի, միայնակ է շրջում քաղաքում, մեքենան ինքն է վարում, բայց դա անում է հիմանականում բաց միջոցառումների ժամանակ, որ մարդիկ տեսնեն նրա «դեմոկրատ» լինելն ու ողջունեն, թե տեսեք՝ ինչ ազատ, անմիջական քաղաքապետ ունենք, անգամ թիկնապահ չունի։ Իսկ իրականում լավ էլ օգտվում է քաղաքապետին «հարիր» բոլոր բարիքներից՝ թիկնապահ, ծառայողական մեքենա, վարորդ, և կոնկրետ այս ՊՊԾ նախկին աշխատակիցն էլ, իրականում, օգնականի անվան տակ ձևակերպվել է հենց «ախրանիկի» գործառույթներ իրականացնելու համար, որ հանկարծ Մարությանի խաթրին դիպչող չլինի։