Այս փուլում մենք եւս 25 %-ով օպտիմալացում ենք անելու. Ռոմանոս Պետրոսյան

Այս փուլում մենք եւս 25 %-ով օպտիմալացում ենք անելու. Ռոմանոս Պետրոսյան

Մի քանի օր է, ինչ  քննարկվում է որոշ մարզպետերին եւ նրանց կողմից մարզպետարանի աշխատակիցներին տրված պարգեւավճարների թեման: Չնայած այն հանգամանքին, որ մարզպետները արդարանում են, որ գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները, այնուամենայնիվ, քննարկումները շարունակվում են:  

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բացի մարզպետարանի աշխատակազմից, պարգեւատրել են մարզային ենթակայության շուրջ 19 բուժհաստատությունների անձնակազմի շուրջ 650 աշխատակցի, ինչպես նաեւ մարզային ենթակայության ուսուցչական անձնակազմի ավելի քան 90 %-ին: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չեն պարգեւատրվել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները, իսկ պարգեւատրվածների մեջ կան այնպիսի տնօրեններ, ովքեր վերջերս Ձեր կողմից ստացել են խիստ նկատողություն, մարզպետը պատասխանեց․ «ՊՈԱԿ-ներ կան, որտեղ պարգեւատրումներ չեն եղել, որովհետեւ բյուջեի խնայողություն չեն ունեցել: Բնականաբար, մենք այլ միջոցներ, կամ այլ աղբյուրների միջոցով պարգեւատրոմների նպատակ չենք հետապնդել: Մարզպետարանի դեպքում պարգեւատրումները եղել են  բացառապես աշխատավարձի տնտեսած միջոցներով, իսկ մարզային ենթակայության մյուս հաստատություներում սեփական բյուջեի խնայողություներն են օգտագործել: Իսկ թե ինչո՞ւ ենք պարգեւատրել նկատողությունների արժանացած տնօրենների, ասեմ, որ մեկը մյուսի հետ կապ չունի, ե´ւ կարելի է խրախուսել եւ պարգեւատրել:  Նկատողություններ ստացած տնօրենների հետ կապված  մենք պարզաբանել ենք, կապված է եղել կոնկրետ դիպվածի, կոնկրետ դեպքի եւ վարքագծի հետ: Այսինքն՝ վարքագիծ դրսովորելով վնաս է հասցրել հաստատության համբավին, մյուս կողմից էլ համագործակցության արդյունքում բարձրացրել ենք ծառայության որակը: Կարճաժամկետ պլանում կոնկրետ խնդիրներ ենք առաջադրել, եւ հասել այդ խնդիրների լուծմանը, դրա հետ կապված մենք պարտեւատրել ենք տնօրեններին  օրենքով սահմանված կարգով: Ասեմ, որ մենք նաեւ մեր իրավաբանական բաժնի հետ ենք քննարկել պարգեւատրումների հարցը մինչեւ պարգեւատրումը, որեւէ հակասություն այս 2 ինստիտուտների միջեւ չկան: Պարգեւատրումների հարցում, մենք առաջնորդվել ենք ՀՀ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի 9-րդ եւ 10-րդ կետերով»: 

-Պարո´ն Պետրոսյան, նոր էիք պաշտոնը ստանձել, հայտարարեցիք, որ սոցիալապես անապահով մարդկանց օգնության չափ սահմանելու եք մինչեւ 20 հազար դրամը: Ձեր որոշումներում կան ընտանիքներ որոնց տրվել է մինչեւ 500 հազար դրամ օգնություն: Ի՞նչ չափորոշիչներով եք բաշխել օգնությունը։

-300-500 հազարական դրամներ տրամադրել ենք մարզում լեյկոզով հիվանդ երեխաներին: Եթե չեմ սխալվում,   պաշտոնական հարցումի արդյունքում մարզում կա 5 թե 6  երեխա, որոնք տառապում են այդ հիվանդությամբ, եւ բուժման կարիք ունեն: 100 հազար դրամներ տրամադրել ենք մարզում զոհված զինծառայողների ընտանիքներին:   Ասեմ, որ մարզպետին կից կա այլ նպաստներ բյուջից հոդվածով նախատեսված հրատապ սոցիալական օգնության ֆոնդ, որը 30 մլն. դրամ է: Ես նոր էին պաշտոնը ստանձնել են այդ ժամանակ այդ ֆոնդում մնացել էր գումարի 60%-ը: Դուք իրավացի եք, ես ասել էի, որ անապահով ընտանիքներին օգնություն կտրվի 15-20 հազար դրամ: Եվ մենք այդ աշխատաոճով 9 մլն. դրամ տնտեսել ենք: Մենք որոշեցինք այդ տնտեսած գումարը հատկացնել մարզային ենթակայության տակ գտնվող 2 դպրոցների ջեռուցման հարց լուծելու  համար: Այդ առաջարկը ներկայացրեցինք կառավարություն, ցավոք  առաջարկը մերժվեց, հիմնավորելով,   եթե բյուջեի ծախսային մասում կոնկրետ հոդվածով  է նախատեսված այդ գումարը, ապա այդ հոդվածով էլ պետք է սպառվի:  Եվ մենք որոշեցինք այդ գումարը բաշխել այն խոցելի խմբերի միջեւ,  որոնք  մարզային իշխանություններից  որեւէ  օգնություն չեն ստացել: Ինչպես նաեւ օգնություն ենք հատկացրել մարզում   5 եւ ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին: Այդ 9 մլն. դրամը բաշխեցինք  300 ընտանիքների միջեւ: 

-Նախկին իշխանությունների օրոք էլ ընտրություններին առաջ եւ հետո օգնություններ էին բաժանվում, փոխելով ընտրակաշառքի ձեւը: Խոսակցություններ կան, որ նման ձեւով եք աշխատել: Ի՞նչ կասեք այս մասին: 

-Ես առաջին անգամ եմ  նման բան լսում, որ մեր կատարածը դիտվի ընտրակաշառք, որովհետեւ ընտրակաշառքը առնվազն կամ ընտրության նախաշեմին  են բաժանել նախկին իշխանության  կարկառուն ներկայացուցիչները, կամ  էլ ընտրության նախաշեմին խոստում են  տալիս,  եւ բաժանում ընտրություններից հետո:  Ես բացառում եմ, որ մեր թիմակիցները որեւէ խոստում տված լինեն,  քանի որ ընտրակաշառքի դեմ պայքարողների   առաջին շարքերում  մենք ենք:  Մենք բազմիցս  հայտարարել ենք, որ ամեն ինչ անելու ենք նման երեւույթները արմատախիլ անել մեր հասարկության միջից: Եթե մեկը  ընտրակաշառքի կամ այլ մոտիվացնող գործիքակազմ կիրառի ընտրությունների անաչառությունը կասկածի տակ դնելու, ապա նա նաեւ պետականության թշմանին է: Մենք այդ սոցօգնությունը տրամադրել ենք դեկտեմբերի 20-ից սկսած, իսկ նոյեմբերի վերջին եղել է պարբերական օգնություն: 

-Էդմոն Մարուքյանի կողմից առաջարկ եղավ կրճատել փոխմարզպետների թիվը: Կոտայքի  մարզպետարանում կրճատումներ կլինե՞ն: 

-Նախ ասեմ, որ մինչեւ պարոն Մարուքյանի այդ հայտարարությունը տարածելը, այդ մասին մենք խոսել ենք տարածքային կառավարման նախարարի հետ եւ ասել ենք, որ կառավարության կառուցվածքի օպտիմալացման փոփոխությունների շրջանակներում օպտիմալացվում է նաեւ մարզպետարանների աշխատակազմերը: Պարոն Մարուքյանի առաջարկով նախատեսվում է  1 փոխմարզպետ պահել, ինչը ես ճիշտ չեմ համարում: Առնվազն 2 փոխմարզպետ պետք է պահել, որպեսզի կատարենք մեր դեմ դրված աշխատանքները: Իսկ փոխմարզպետների օգնականների ինստիտուտը շատ կարեւոր է, որովհետեւ փոխմարզպետները ոլորտային կառավարում են իրականացնում մարզպետի հետ,  եւ ոլորտային կառավարման առումով իրենք կարիք ունեն փոխլրացնող աշխատակցի, քանի որ միշտ չէ,  որ իրենք տեղում են, տարբեր այցեր են կատարում  ուսումնասիրություններ անում, օգնականներ նրանց միանշանակ պետք են: Ես ունեմ 2 խորհրդականի հաստիք, 2- էլ թափուր են այսօր, ինչպես նաեւ մենք չունենք փոխմարզպետների վարորդներ, նախկին իշխանությանը ուներ 3 վարորդներ փոխմարզպետների համար: Մեկ մարզպետի օգնականի հաստքի եւս կրճատել ենք: Այս փուլում մենք եւս 25 %-ով օպտիմալացում ենք անելու:

-Պարոն Պետրոսյան, «պատերազմում» եք նաեւ  օնլայն տիրույթում, որոշ օգտատերեր  Ձեզ մեղադրում եմ կեղծ  ֆեյսբուքյան էջեր ունենալու մեջ:  

-Ես 100%-ով հավաստիացնում եմ, որ ես այդ արժեհամակարգի կրողը չեմ: Կոնտկրետ օգտատերերը,  որոնք ինձ մեղադրում են կեղծ ֆեյքեր ունենալու մեջ, ես չեմ ճանաչում: Իմ գործունեությունը, եւ իմ անձը զպարտող բազմաթիվ կեղծ օգտատերերի պրոֆիլներից տեղեկություններ են տարածվում որոնք չեն ահմապատասխանում իրականությանը: Որոշակի շրջանակների, ազդեցիկ մարդկանց  շահերին հակասում է Կոտայքի մարզում թափանցիկությունը  եւ օրենքի գերկայությունը: Ես կոնկրետ օգտատերերից մեկի մասով շուտով պատրաստվում են դիմել դատարան՝ զրպանտանքի, բարոյական վնասի փոխահտուցման պահանջով: