Եթե չենք կանխում ձկնագողությունը, չի նշանակում, որ տեղյակ չենք

Եթե չենք կանխում ձկնագողությունը, չի նշանակում, որ տեղյակ չենք

ԱԱԾ-ն օրերս հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Սեւան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են սիգի ապօրինի արդյունահանումը։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս», «Արեւիկ» եւ «Սեւան» մասնաճյուղերի տնօրենները եւ տեսուչները, ի պաշտոնե լիազորված լինելով միջոցներ ձեռնարկել՝ հսկողություն իրականացնելու ձկների ապօրինի արդյունահանումը բացառելու ուղղությամբ, մի խումբ քաղաքացիների թույլ են տվել ապօրինի արդյունահանել մեծ քանակությամբ սիգ տեսակի ձուկ։ ԱԱԾ հաղորդագրության մեջ ժամկետներ եւ սիգի ծավալ նշված չեն․ տեղեկացանք, որ խոսքը 4-5 տարվա վաղեմության, նաեւ 2019 թ․ դեպքերի մասին է։

Հետեւաբար, խոսքն ինչպես գործող, այնպես էլ արդեն նախկին տնօրենների մասին է։ «Սեւան» մասնաճյուղի տնօրեն Արտակ Թովմասյանն ի պատասխան հարցին, թե անցնո՞ւմ է այդ գործով, ասաց․ «Չգիտեմ, չէ, ինձ ոչ մի բան չեն ասել»։ Կոնկրետ թույլտվություններ տալու եւ կաշառք ստանալու մեղադրանքների մասով Արտակ Թովմասյանն ասում էր․ «Ոչ միայն ես, ոչ մեկը, ո՞վ կարա թույլտվություն տա։ Բայց դե, գիտեք, որ ձուկը համատարած բռնում են, էլի։ Ընենց չի, որ որեւէ մեկը կարա էդ արգելի, հացի խնդիր են լուծում։ Ձուկ բռնողների 95 տոկոսը չգիտի, որ արգելված բան են անում իրենք, թղթով է արգելված, բայց ընդհանուր սաղ էլ բռնում են, քանի որ հացի խնդիր են լուծում»։ Արտակը մի հետաքրքիր բան էլ ասաց՝ նշելով․ «Բա որ ձուկ բռնելը չի թույլատրվում, ինչի՞ համար ենք էն մի ամսվա զապրետն անում՝ ձկան ձվադրման սեզոնին։ Խի զապրետի մեջ զապրե՞տ են անում»։

Իհարկե, որոշակի տրամաբանություն Արտակ խոսքերում կա, բայց շատ նման է Կարգին Հայկոյի ու Մկոյի մասնակցությամբ այն սկետչին, որտեղ ասվում է․ «Այ, որ հիմա չոտկի բացատրեցիր (ծեծվելուց հետո), սաղ չոտկի ա»։

«Վարդենիսի» տնօրենն էլ ասաց․ «Սիգի թույլտվության հետ ես ի՞նչ գործ ունեմ որ։ Մասնաճյուղի ղեկավարներն ինչի սիգի թույլտվությո՞ւն են տալիս։ Ես ո՞նց կարամ թույլտվություն տամ ձկան դեմ (վաճառքի)»։ «Ես չգիտեմ՝ եթե քրեական գործ է հարուցվել, ընդհանուրը քրեական գործով ցույց կտա՝ ով է մեղավոր»,- շարունակեց տնօրենը Նշենք, որ «Սեւան» մասնաճյուղի տնօրենն անցած տարի է նշանակվել, «Վարդենիսինը» հին տնօրենն է։
Գործով անցնում է մոտ մեկ տասնյակ մարդ։ «Արեւիկի» մասնաճյուղի տնօրենն էլ ազատված է աշխատանքից։ «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն իր ենթակաների ասածի մասին ասաց․ «Ես տենց բաները չեմ ընդունում (որ բոլորն էլ բռնում են, եւ արգելանքն էլ այնքան արգելանք չէ)։ Այո, մենք գիտենք, որ 1000 մարդ զբաղվում է ապօրինի ձկնորսությամբ, բայց դա չի նշանակում, թե «Սեւան» ազգային պարկի աշխատողը պետք է դրան ներգրավվի»։ Ազգային պարկի տնօրենը նշեց, թե կան մարդիկ, որոնք ոչ թե թույլտվություն են տվել, այլ հենց իրենք են զբաղվել։ Եղել են տեսուչներ, որոնց բռնել են՝ ձուկը ձեռքին։ Հարցրինք՝ իսկ չգիտե՞ր պետը, թե ենթականերն ինչով են զբաղվում։ «Պատկերացում ունենք եւ մշտապես փնտրում-գտնում ենք նման աշխատողներին։ Ավելի քան 20 եւ ավելի անձ էլ ազատվել են աշխատանքից մեր կողմից, երբ իմացել ենք, որ տենց բանով են զբաղվում։ Եվ որտեղ կա մարդկային գործոն, չես կարող բացառել»։ Վահե Գուլանյանին հարցրինք․ ԱԱԾ իրեն դեռ չի՞ հրավիրել բացատրություն տալու (օրինակ՝ վկայի կարգավիճակով)։ Ասաց, որ ոչ մեկին դեռ չեն կանչել, կանչեն՝ կգնա մեծ սիրով։

Հարցրինք նաեւ՝ տեսե՞լ  է, որ Սեւանում, ինչպես առաջ, ձկնորսական մեծ ցանցեր են գցում, 400 գրամանոց սիգն էլ 100 դրամով են վաճառում։ Վահե Գուլանյանն ասաց՝ պարտադիր չէ, որ տեսնի։ «Մանավանդ, որ ինձնից բացի ինչ-որ մեկը դժվար ինձնից շատ ինֆորմացիա ունենա, թե քանի մարդ է մտնում լիճ, քանի լողամիջոց է մտնում-դուրս գալիս, թե մոտավորապես ինչքան ձուկ են որսում, դուրս հանում, ինչ գնով են վաճառում, չվաճառված ձուկն էլ ինչ են անում, ուր են տանում։ Եվ եթե չենք կանխում, չի նշանակում, որ տեղյակ չենք։ Այլ խնդիր է, թե ինչ հնարավորություններ ունենք»։ Գուլանյանը վրդովված ասաց, որ ազգային պարկը շատ քիչ լիազորություններ ունի, որպեսզի այդ ամեն ինչը կապեն իրենց հետ։ «Նույնիսկ Սեւանի մասին օրենքը չի փրկում՝ լիճ մտնող կեղտաջրեր, օրգանական նյութեր, այլ գործոններ, որոնք ճահճացնում են լիճը․ բոլոր այս ազդանշանները ստանում են, բայց դա իրենց լիազորություններից դուրս է»։

Խոսեցինք նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ, հարցրինք, թե ինչպես է գնահատում, որ Հայաստանում հեղափոխությունից հետո էլ նույն ձկնագողությունն ու դրա համար կաշառքը շարունակվում են։ Գնել Սանոսյանը տվեց քաղաքական գնահատական՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունեցել, իրապես անթույլատրելի է․ «Չի կարող որեւէ ոլորտում պատասխանատվություն ստանձնած անձը կա՛մ բարձիթողի վիճակում թողնի, կա՛մ ինքը ներքաշված լինի տվյալ գործունեության մեջ։ Եվ ժամ առ ժամ համակարգից, տարբեր կառույցներից նման մարդիկ պետք է մաքրվեն, որպեսզի ոլորտները ճիշտ աշխատեն»։ Կոնկրետ Սեւանով մեկ փռված ցանցերի մասին Սանոսյանն ասում է․ «Բոլոր ձկնորսները պետք է գան օրինական դաշտ, ազգային պարկն իմանա՝ քանի ձկնորս կա, ինչքան ձուկ է մուտք գործում լիճ, յուրաքանչյուր մուտք գործելուց հետո որքանն է հանվել։ Ընթացակարգերի մի շարք, որոնց մեջ մտնում են նաեւ ցանցերի չափերն ու որակը՝ կլինի չինական, թե այլ տեղում արտադրված։ Այդ ամենը պետք է կանոնակարգվի»։