Իշխանությունները պետք է խելքի գան ու հետքայլ անեն

Իշխանությունները պետք է խելքի գան ու հետքայլ անեն

ՀՀ-ում գործող մի շարք արտախորհրդարանական ուժեր Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Հայտարարության տակ ստորագրել է 7 կուսակցություն՝ ՀՅԴ-ն, «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական, «Մեկ Հայաստան» կուսակցությունները, ՌԱԿ-ը։ Ուշագրավ է, որ պաշտոնական ընդդիմությունը չկա։ Հայտարարության տեքստը բավականին կոշտ է։ Ամրագրել են, որ քաղաքական իշխանությունը ճնշում է գործադրում ԲԴԽ-ի վրա, փորձում է ձեւավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան, եւ դատական համակարգի նվաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը լծվել են նաեւ իշխանամերձ մամուլն ու փորձագիտական ուղղորդվող մի շրջանակ։ Հայտարարության մասնակիցները իշխող մեծամասնությունից պահանջում են հրաժարվել այս գործելաոճից, դիմում են հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, որ նա ուղերձով հանդես գա, եւ սպառնում են, որ եթե այսպես շարունակվի, կդիմեն կոնկրետ գործողությունների։ 

Հայտարարության հեղինակներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեր հարցին, թե ինչպես է ստորագրվել հայտարարությունը, ասաց․ «Կուսակցությունները միմյանց հետ խորհրդակցություններ են ունեցել այդ հարցով, եկել են այս եզրակացության, եւ այդ հարցի շուրջ եղել է ընդհանուր փոխըմբռնում, համաձայնության են եկել, միասին հայտարարություն են մշակել եւ տարածել»։ Սաղաթելյանն ասաց, որ եղել են կուսակցություններ, որ ձգձգել են՝ տարբեր պատճառաբանություններով, կամ հրաժարվել են ստորագրել։ Իսկ խորհրդարանական ուժերին դիմե՞լ են՝ ԲՀԿ, ԼՀԿ։ Սաղաթելյանը չասաց․ «Դա արդեն էլ կարեւոր չէ, մենք այս կուսակցություններով եկել ենք համաձայնության էս հարցի շուրջ, ընդ որում՝ հայտարարությունը բաց է։ Եթե կան քաղաքական ուժեր, որոնք ցանկություն կունենան ու կկիսեն էս տեսակետները, կարող են միանալ»։

Հետաքրքրվեցինք, թե Արմեն Սարգսյանին առաջադրված պահանջը՝ որ նա պետք է ուղերձով դիմի ԱԺ-ին՝ դատական իշխանության շուրջ ստեղծված լարված մթնոլորտը լիցքաթափելու համար, կարծում են՝ նման ուղերձը կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ այս հարցում։ «Մենք էստեղ շատ հստակ ձեւակերպել ենք՝ կարեւորելով նախագահի ինստիտուտը եւ գտնում ենք, որ էստեղ նախագահը եւս անելիք ունի։ Այո, մենք ակնկալիք ունենք նրանից՝ իբրեւ հանրապետության նախագահ, նաեւ իր միջամտության կարիքը կա»,- ասաց ՀՅԴ անդամը։

Նշված է նաեւ, որ  դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունները շարունակվելու դեպքում իրենք հակազդելու են բոլոր ապօրինի գործողություններին եւ պատասխանատվության են կանչելու կազմակերպիչներին․ ինչպե՞ս են դա անելու։ Սաղաթելյանը կրկնեց՝ օրենքի, Սահմանադրության սահմաններում․ «Գործողությունները համատեղ կմշակենք, կքննարկենք, մենք պատկերացումներ ունենք, բայց դրա մասին կհայտարարենք էն ժամանակ, երբ որ վերջնական բոլոր կողմերից համաձայնություն կլինի»։ Այսինքն՝ ակցիաներ, միտինգներ, փողոց փակել, շենքեր շրջափակել։ Սաղաթելյանն ասաց, որ ոչ մի կաշկանդում չունեն որեւէ գործողություն անելու։ Իսկ ի՞նչ են ակնկալում այս հայտարարությունից։ «Այն, որ իշխանությունները խելքի կգան եւ հետքայլ կանեն այն պրոցեսից, որը սկսել են, եւ որը շատ վտանգավոր է մեր երկրի համար»։