Կծափահարե՞ք հայոց լեզվի, հայ գրականության ու մշակույթի գլխին «դալլաքություն» անողներին

Կծափահարե՞ք հայոց լեզվի, հայ գրականության ու մշակույթի գլխին «դալլաքություն» անողներին

Գրականագետ Սերժ Սրապիոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հանրակրթական նոր չափորոշիչների եւ մասնավորապես գրականության ծրագրին.

«Մի առիթով արդեն ասել եմ, որ ՖԲ-ով չեմ սիրում հանդես գալ։ Բայց, ինչպես ասում են, մարդը որոշում է, Աստված տնօրինում։ Այս անգամ խախտում եմ իմ իսկ սկզբունքը ՀՀ ԿԳՄՍ նախարարարության պարտադարանքով։ Այո՛, պարտադրանքով, քանի որ դպրոցական կրթության ծրագրերի այն չափորոշիչները, որ սույն գերատեսչությունը ներկայացրել է իբր քննարկման, այլ կերպ, քան խոսելու պարտադրանք, չես անվանի։ Այդ «փաստաթղթի» շարադրանքի՝ իբրև անգրագիտության դասական օրինակի մասին մասնագետները ( Հրաչռւհի Փալանդուզյան, Լևոն Սարգսյան և այլք) արդեն հիմնավոր ու սպառիչ խոսել են։ Իմ խոսքը տվյալ փաստաթղթի բովանդակությանն է վերաբերում, ու նաև նրա հակազգային ու հայակործան նպատակներին։ Եվ սա չափազանցություն չէ։ Ի մասնավորի՝ նկատի ունեմ «Գրականություն» առարկայի ծրագիրը, ավելի ճիշտ՝ հակածրագիրը։ Նախ ասեմ, որ տողերիս հեղինակը բոլորովին վերջերս մասնակցել է ՀՌ-ի կազմակերպած մի քննարկման, որին մասնակցում էին հայ ժողովրդի պատմության մասնագետ ուսուցչուհի, կրթության գծով փորձագետ, ԲՈԿ-ի նախագահի տեղակալ(չգիտեմ դեռ շարունակում է պաշտոնավարել, թե ոչ, բայց դա կարևոր չէ) Ա. Մխիթարյանը և չափորոշիչները կազմողների խմբից երիտասարդ փորձագետ Ա. Թորոսյանը։ Այս մասնագետի մասին ես մի առիթով արդեն խոսել եմ։ Գրագետ, իր գործի գիտակ և սրտացավ մասնագետ է պ. Թորոսյանը։ Գոնե այն ժամանակ տպավորությունն այդպիսին էր։ Փաստաթղթի հրապարակումը, սակայն, որոշ չափով վերպահությունների տեղիք տվեց։ Նախ՝ պ. Թորոսյանը, պարզվում է, «Ֆիզիկա» առարկայի ծրագրերի կազմողների խմբում է, մինչդեռ քննարկում Հայ Եկեղեցու պատմութուն և Հայոց լեզու առարկաներին էր նվիրված։ Ապա՝ փորձագետը մասնակիցներին հավաստիացրեց, որ կոնկրետ առարկայացանկ դեռ գոյություն չունի, մինչդեռ այսօր արդեն հրապարկվել են թե՛ առարկաները և թե՛ դրանց բովանդակությունը։ Մնում է մտածել, թե պ. Թորոսյանը կա՛մ չէր տիրապետում իրողությանը, կա՛մ խուսափում էր իրականություն ներկայացնելուց։ Երկու դեպքում էլ , մեղմ ասած, անընդունելի մոտեցման հետ գործ ունենք։ Ինչևիցե, դառնանք գրականության չարաբաստիկ չափորոշիչներին։ Ստորև կխոսեմ ոչ շատ մանրամասնորեն՝ թողնելով դա ավելի հարմար տեղի և ժամանակի, և կներկայացնեմ մի քանի, իմ կարծիքով առավել կարևոր խնդիրներ։ Հայ աշակերտը, պատկերացնու՞մ եք, սովորելու ոչ թե ՀԱՅ գրականություն, այլ պարզապե՛ս գրականություն։ Եվ սա դեռ սկիզբն է։ Պարզվում է նաև՝ հին և միջնադարի գարականություն, որպես այդպիսին, չենք ունեցել, միայն Նահապետ Քուչակ և Սայաթ Նովա ենք ունեցել, այն էլ ոչ իբրև ուսումնասիրվող հեղինակներ, այլ ընդամենը համեմատության համար։ Թե ինչով և ինչքան են խանգարում Մ. Մաշտոցը, Մ. Խորենացին, Եղիշեն, Այգեկցին, Գոշը, Բուզանդը և միջնադարի մյուս մեծերը հայ աշակերտին «վերլուծելու» և «ինքնուրույն մտածողություն ձևավորելու», հայտնի է միայն Սատանային և մեկ էլ սույն «քյալլագյոզության» հեղինակներին։ Նախկինում հայ գրականության դասընթացին զուգահեռ դպրոցականը սովորում էր նաև ռուս գրականություն։ Ծրագրում անգամ հպանցիկ հիշատակում չկա նման գրականության գոյության մասին։ Թե համամարդկային ինչ արժեք է ռուսաց գրականությունը, վկայում են մերոնք և այլերը։ Թումանյանը վկա։ Չեմ էլ ուզում խոսել այն մասին, թե այն ինչ դերակատարություն է ունեցել հայ նոր գրականության ձևավորման և զարգացման ընթացքի վրա։ Վկան՝ դարձյալ Թումանյանը։ Ինչ եղավ արևմտահայ գրականության ճակատագիրը Ցեղասպանությունից հետո, նույնպես կարևոր չէ։ Այն պարզապես անհետացավ։ Սիրելի՛ հայրենակիցներ, հասկանու՞ մ եք, աշխարհում չեն եղել գլոբալացվող աշխարհի ամենակուլ երախում անհետացող հայ մարդու ճակատագրով մտահոգ շահնուրներ, հայ լեզվի ու եկեղեցու սիրահար ու ջատագով թեքեյաններ, նոր հայրենիքի հաջողություններով ուրախացող և սայթաքումներից սրտի ցավ ունեցող եսայաններ ու կոստանզարյաներ, չեն եղել ու չկան մուշեղիշխաններ, համաստեղներ, օշականներ ու մնձուրիներ։ Չեն եղել ու չկան։ Սփյուռք չկա ուղղակի։ Երջանիկ բացառություն է միայն Զահրատը։ Թե ինչ չափանիշով ու սկզբունքով, դարձյալ միայն «քյալլագյոզներին» է հայտնի։ Հա, չմոռանանք, նաև Սատանային։ (Բառը մեծատառով եմ գրում՝ նրա հետևորդներին չտխրեցնելու համար)։ Արդի կամ ժամանակակից գարականությունն արդեն վատ երազի պես մի բան է։ Դասական գրողների մեծ մասին ցանկից թողել են դուրս, փոխարենը աշակերտին «վերլուծել» են սովորեցնում թեկուզ շնորհալի, բայց գրականության մեջ նոր-նոր միայն առաջին քայլերն անող Գրիգի, Պաչյանի, Օհանյանի գրականությունով։ Լավ է, գոնե մեկ բանաստեղծությամբ հիշատակվում են Խաչիկ Մանուկյանի ու Հուսիկ Արայի անունները: Էլ չասեմ Թ. Տոնոյանի մասին, որի բանաստեղծությնները երգի են վերածվել, իսկ դրանցից մեկը արդեն քանի տարի է՝ կատարվում է Ապրիլ 24-ին։ Իսկ վաստակաշատ ու ճանաչված գիտնականն այսօր պատեհապաշտ, գավառացի ու տգետ էր անվանում բոլոր նրանց, ովքեր օվացիաներ չեն կանչու այս կառավարությանը։ Դուք, մեծարգո արվեստաբան, կծափահարե՞ք հայոց լեզվի, հայ գրականության ու մշակույթի գլխին «դալլաքություն» անողներին։ Ես հարցնում եմ Ձեր մեծ վաստակի առաջ անկեղծ խոնարհումով և առանց հեգնանքի։ Ես չէի անի։ Եվ սա դեռ ամենը չէ»։