Մենք շատ ուրախ ենք, որ ի հայտ եկավ նման թուլակամ նախկին սպա

Մենք շատ ուրախ ենք, որ ի հայտ եկավ նման թուլակամ նախկին սպա

Մայիսի 25-ին «Պահեստազորի սպաներ» շարժումը մի հայտարարություն էր փոխանցել «Հրապարակին», որով իր աջակցությունն էր հայտնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սպասվելիք ընտրություններիում։ Հայտարարությունը ստորագրել էր 78 անձ, նրանց շարքում էր նաև ոստիկանության պահեստազորի փոխգնդապետ Նաիրի Ղալումյանը։

Վերջինս երեկ մեզ հերքման պահանջ է ուղարկել, նշելով, թե ինքը չի ստորագրել հայտարարությունը․ «Հայտնում եմ, որ ես չեմ անդամագրվել «Պահեստազորի սպաներ» շարժմանը, տեղյակ չեմ տրամադրված հայտարարությունից, ինչպես նաև որևէ մեկին չեմ աջակցում։ Համարում եմ, որ տեղի է ունեցել վրիպակ, խնդրում եմ տալ համապատասխան հերքում»,- ասված է նամակում։

Մենք դիմեցինք «Պահեստազորի սպաներ» շարժմանը՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է ստացվել, որ Ղալումյանի անունը տեղ է գտել հայտարարության տակ, մինչդեռ վերջինս ասում է, որ տեղյակ չէ հայտարարությունից՝ չի ստորագրել։

Մեր հարցին ստացել ենք հետեւյալ պատասխանը․

«Պահեստազորի սպաների» շարժումն իր մտահոգությունն ու խղճահարությունն է հայտնում այս նախկին սպայի հոգեբանական վիճակի մասին և արձանագրում, որ նա կարծես թե հայտնվել է փակուղու առաջ: Մի կողմից նրա մեջ խոսում է սպային բնորոշ արժանապատվությունը, մյուս կողմից ազգադավ իշխանության մեջ գտնվող որոշ անձանց հետ եղած ազգակցական կապերը, այն դեպքում երբ նախկինում ինքն էր իր պատասխանատվությունը հայտնել՝ աջակցելու մեր յուրաքանչյուր գործունեությանը: Ղալումյան ազգանունը մեզ բոլորիս հայտնի է, խոսքը բացառապես վերաբերվում է թուրքի կամակատար ժ/պ-ի հետ քավոր-սանիկական կապերի մեջ գտնվող Ղալումյան եղբայրներին:

Այս անհայրենիք եղբայրներից մարզպետ կոչվածը առանց վարանելու և խղճի խայթի Տավուշի տարածքի մի շարք գյուղեր համարում է ավերակներ ու թուրքական տարածքներ: Այս նախկին սպան ամենայն հավանականությամբ չի կարողացել ձերբազատվել անբարո ազգականների կապանքներից: «Պահեստազորի սպաների» շարժումը համախմբել է արժանապատվության ու պատվի բարձր զգացում ունեցող մարդկանց: Մեր շարքերը կուռ են ու միակամ և մենք շարունակում ենք պայքարել այս թուրքի կամակատար իշխանություններին հեռացնելու և Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակն ապահովելու ուղղությամբ: Այս առումով մենք նաև շատ ուրախ ենք, որ ի հայտ եկավ նման թուլակամ նախկին սպան եւ մեր շարքերը առավելապես մաքրագործվեց: Ն.Ղալումյանը հանդիսանում է փաստաբան և կարծում ենք, որ փաստաբանական համայնքը ևս իր համապատասխան հետևությունը կանի:

Հ.Գ. Ն. Ղալումյանը իրավաբան է ու փաստաբան և կարծում ենք, որ նա պետք է, որ ունենար միջին մակարդակի գիտելիք և հերքում պահանջներ ոչ թե «Հրապարակ» օրաթերթից, այլ «Պահեստազորի սպաների» շարժումից»։