Նիկոլանման անձի ղեկավար լինելը երկրին կարող է պատճառել միայն պարտություններ
Ընդդիմադիր գործիչ Փաշինյան Նիկոլը հայտարարում էր, որ ինքը չի անելու այնպիսի մի քայլ, որը կհիասթափեցնի ժողովրդին: Խոսքը գնում էր հետընտրական զարգացումների մասին, երբ մարդիկ դուրս էին գալիս փողոց՝ բողոքելու ընտրությունների արդյունքներից: Որոշ ժամանակ անց շարժումը մահանում էր, ու մարդիկ հիասթափված վերադառնում էին իրենց առօրյային: Եվ նա կատարեց իր խոստումը. 2018-ի ապրիլյան իրադարձությունների արդյունքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնեց իշխանությունը: Արդեն շուրջ 4 տարի է, ինչ Փաշինյան Նիկոլը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Իր հռչակած «ժողովրդավարության բաստիոնում» նա կարծես լիներ երկրորդ «Անկաշառը» (ժամանակակիցների կողմից «Անկաշառ» անվանումը ստացել էր Ֆրանսիական հեղափոխության ականավոր գործիչներից Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը (1758-1794)): Համենայն դեպս, այդպիսին էր թվում նա սկզբում: Թվում էր նաև, որ Փաշինյանի վարչապետության սկզբում մենք բարձունքներ էինք գրավում: Կարճ ժամանակ անց հասարակության գրագետ հատվածի մի մասը (դժբախտաբար, չափազանց փոքր մասը) հասկացավ, որ ձեռքբերումները ոչ թե իրական էին, այլ վիրտուալ բնույթի: Դա ավելի ակնհայտ դարձավ՝ երբ նախաձեռնվեց «ձեռքբերումների» 100-ական փաստերի հրապարակումը:
Ինչևէ, հասարակության մեծամասնությունը դեռևս շարունակում էր աջակցել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Երբեմն այդ աջակցությունն էյֆորիկ բնույթ էր ընդունում՝ հիշենք «հեղափոխությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան Արցախյան ազատամարտը» վտանգավոր անհեթեթությունը կա՛մ Նիկոլին տրված «փրկիչ» մականունը և կա՛մ «Քայլող մարդ» արձանը: Ինչն էլ առաջ էր բերում անսխալականության կամ մեսիականության ինքնաընկալում: Դրա դրսևորում էր 2020 թվականի օգոստոսի սկզբներին Սարդարապատում տեղի ունեցած արարողությունը: Փաշինյան Նիկոլն առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրում էր Տավուշի մարզի՝ հուլիսի վերջին կայացած սահմանային դիրքային մարտի երևի բոլոր մասնակիցներին (մեկին էլ Ազգային հերոսի կոչմամբ): Տվյալ վայրում այն անցկացնելն իր մեջ պարունակում էր այդ աննշան մարտը Սարդարապատի հերոսամարտին հավասարեցնելու մեսիջ: Բայց Փաշինյանի համար փառահեղ այդ միջոցառումից ընդամենը երեք ամիս անց մենք պետք է կրեինք ամենախայտառակ պարտությունը: Եվ երբ մարդիկ, որպես գաղտնի եռակողմ հայտարարություն ստորագրելու դեմ բողոքի նշան, մտան անտերության մատնված կառավարական շենքերը՝ մեկ-երկու գույք էլ ջարդելով, երևի դեղերի ազդեցությամբ ինքնատիրապետումն ամբողջությամբ կորցրած Փաշինյանը վրեժի կոչեց իր համախոհներին: Ոչ թե ընդդեմ արտաքին թշնամու, այլ չարիք դարձած իշխանության դեմ ընդվզողների նկատմամբ:
Պարտությունը սառը ցնցուղի դեր կատարեց հանրության գրագետ հատվածի համար: Իրական Նիկոլի առաջին բացահայտումներից էր Արցախ չայցելելն այն դեպքում, երբ նախքան պատերազմն անընդհատ այնտեղ էր: Էլ չասած Ստեփանակերտի հանրահավաքում նրա կանչը՝ «Արցախը Հայաստան է , և վերջ»: Նրա իրական դեմքը բացահայտվեց նաև արտահերթ խորհդարանական ընտրության քարոզարշավում: Առիթները հետևում էին մեկը մյուսին, և հասարակության գրագետ հատվածին թվում էր, թե ոտից գլուխ ուսումնասիրել է նրան: Նրան ու նրա ընտանիքի անդամներին: Բայց զարմանալիորեն մենք դեռևս չենք ճանաչում նրան: Մենք ասելով նկատի ունեմ թե՛ մեզ՝ շարքային քաղաքացիներիս, և թե՛ խորհրդարանական ընդդիմությանն ու նրա ղեկավարներին: Մենք կարծես թե նոր ենք գիտակցում, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պատերազմի սպառնալիքով փորձում է փակել Արցախի հարցը՝ հայրենիքի այդ մասն ու նրանում ապրող մարդկանց «նվիրելով» Ադրբեջանին: Ադրբեջանական պահանջներն ամբողջությամբ ընդունելի համարելով: Իսկ արցախցիների համար պահանջելով ընդամենը ինչ-ինչ իրավունքներ: Կարծես չիմանալով, որ հայերը ոչ մի իրավունք էլ չունեն Ադրբեջանի ենթակայությամբ. միակ «իրավունքը» իրենց պապենական հողը լքելն է:
Մենք կարծես մոռացել ենք փաշինյանական այդ հատկությունը՝ էյֆորիկ վիճակում «բանտիկով չագուջ» ճոճել ընդդիմության վրա: Իսկ երբ իշխանության համար անելանելի վիճակ է ստեղծվում՝ մարդկանց խեղճացնել պատերազմի սպառնալիքով: Մոռացել ենք, որ 2020 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակում՝ մինչև 9-ի կեսգիշեր, վերջինս դեռ «հաղթող» էր, իսկ կեսգիշերն անց եռակողմ հայտարարության ստորագրմամբ «փրկում» էր 25-30 հազար հայ զինվորների կյանքը: Այսօր էլ, իր ասելով, փորձում է մեզ ազատել վերահաս պատերազմի վտանգից՝ պարտվողական պայմանագիր ստորագրելով: Բայց ես չեմ կարծում, թե առկա է վերահաս պատերազմի վտանգ: Այն խիստ չափազանցված է Նիկոլի կողմից: Ադրբեջանը չի կարող հարձակվել Հայաստանի վրա: Եթե կարողանար, ապա դա վաղուց կաներ: Նույնը կարող ենք ասել Արցախի առումով: Իլհամն ընդամենը փորձում է օգուտ քաղել Ուկրաինայում ընթացող պատերազմի ձգձգվելուց: Դա նրան շատ է նման՝ օգտագործել ամենափոքր հնարավորությունն անգամ, որ ընձեռում են զարգացումները: Ուրիշ հարց, որ նրան լրացուցիչ լիցք կարող է հաղորդել Փաշինյանը: Իր չմտածված քայլերով, որոնցից վերջինը Քարագլխի բարձունքից հայկական և ադրբեջանական դիրքերի հայելային հետ քաշելու գաղափարն էր: Ես չեմ խոսում հանուն իշխանության պահպանման գիտակցված հակահայ քայլերի մասին:
Եվ եթե մենք իսկապես ճանաչեինք Փաշինյանին, ապա պետք է ամեն ինչ անեինք նրա «խաղաղասիրական» նախաձեռնությունը վիժեցնելու նպատակով: Դա պետք է արվեր դեռևս այն ժամանակ, երբ այն ներկայացվում էր որպես «100 տոկոսանոց հայանպաստ» ծրագիր: Եվ ոչ թե «հանգստանայինք»՝ նրան թույլ տալով գործընթացը համարյա թե հասցնել ավարտին: Ու նոր միայն փորձեինք քայլեր ձեռնարկել: Ինչևէ, թեև ուշացել ենք, սակայն Փաշինյանին պաշտոնից հեռացնելն այլընտրանք չունի: Որովհետև, չի կարող պետության ղեկավար լինել այնպիսի մեկը, ով հաջողության դեպքում այնքան է ոգևորվում, որ կորցնում է իրականության զգացումը: Իսկ անհաջողության դեպքում ընկնում է նույնքան խոր ընկճախտի մեջ: Եվ փոխանակ դրանից դուրս գալու քայլ անի՝ մտածելով երկրի ճակատագրի մասին, մեղավորներ է փնտրում: Ինչն, ի դեպ, միտված է սեփական իշխանության պահպանմանը: Իսկ իրենից դուրս մեղավորների փնտրտուքը, բնականաբար, հանգեցնում է դրանց «հայտնաբերմանը» ընդդիմադիրների կամ լոկ ընդդիմախոսների շրջանում: Եվ հատկապես նախկիններին մեղավոր կարգելը նրա մեջ մեռցնում է երևույթների պատճառա-հետևանքային կապը դիտարկելու ունակությունը: Իսկ դա, իր հերթին, առաջ է բերում երկրի մարտահրավերներին պատասխանելու կարողության իսպառ կորուստ: Նման անձի ղեկավար լինելը, բնականաբար, երկրին կարող է պատճառել միայն ձախողումներ և պարտություններ:
Կարծիքներ