Հինգ դաս Ալեն Սիմոնյանին

Հինգ դաս Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյան

Կան մարդիկ, որոնք քաղաքական գործիչ են դառնում իրենց աշխատասիրության, համառության ու կամքի շնորհիվ: Հարգում եմ այդպիսի մարդկանց, բայց և չեմ կարող կարող բավարարել ընթերցողներիս պահանջ-հարցադրումը` ինչո՞ւ Դուք քաղաքական գործիչ չեք դառնում: Ես չեմ ուզում քաղաքական գործիչ դառնալ, որովհետև քաղաքական գործիչներին հետևելն ու նրանց գործունեությունը գնահատելն ավելի հետաքրքիր գործ է ինձ համար:
Հիմա ուզում եմ «գնահատել» Ալեն Սիմոնյան քաղաքական գործչի գործունեությունը, որն օրերս հասավ ԱԺ փոխնախագահի աթոռին, բայց արդեն գլխից բարձր ցատկելու առաջին փորձերն է անում:

Ալեն Սիմոնյան, հանգիստ նստիր տեղդ, ասում եմ` հանգիստ նստիր տեղդ: Դու իրավունք չունես մեկնաբանելու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հայտարարությունը, որով նա հստակ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը չի հարգել իրենց պայմանավորվածությունը: Ալեն Սիմոնյան, դու ներկա չես եղել երբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բանակցություններ է վարել Փաշինյանի հետ: Ավելի կոնկրետ ասեմ` երբ Էրեբունիից Նիկոլին տարան «անհայտ ուղղությամբ», դու շարունակում էիր փողոցում բղավել բարձրախոսից ու ինչ-որ անկապ կոչեր անել ժողովրդին: Ողղիր ինձ, եթե սխալվում եմ: Իսկ եթե ոչ, ապա բարի եղիր և քո անմիջական ղեկավարից հետաքրքրվիր, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսել Հրանտ Մարգարյանը ՀՅԴ 33-րդ ԸԺ բացման ժամանակ: Սա` մեկ:

Երկրորդ` զուտ պատահականության բերումով իշխանության գլխին հայտնված ուժը, որի ներկայացուցիչն ես դու` Ալեն Սիմոնյան, երբեք չի կարող խոստովանել, որ անցած 9 ամիսների ընթացքում չի կատարել իր խոստումներից և ոչ մեկը: Հետևաբար, մեկը պետք է լինի, որ խոսի այդ մասին և ցույց տա ձեր իսկական դեմքը: Խորհրդարանում այդպիսի ուժ չկա այսօր, և այդ ուժի ֆունկցիան կատարում է ՀՅԴ-ն և դա անում է ամենաբարձր մակարդակով: Ժողովուրդը պետք է իմանա դա, պետք է ի վերջո հասկանա, որ իր էյֆորիկ քվեարկությամբ իշխանության է բերել փանջունիների մի խմբակի, որոնց համար պաշտոնը ճոճք է թվում, իսկ երկիրը ծիրանագույն բուրաստան: Եվ շատ էլ մի շահարկիր, Ալեն Սիմոնյան, հոկտեմբերի 2-ը և հին ԸՕ-ով ընտրությունների գնալու փաստը: Հոկտեմբերի 2-ի հետ կապված բոլոր պարզաբանումներն են տրվել` բացառությամբ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքի, որ այդպես էլ չհասկացանք, թե ինչի հետևանք էր: Իսկ ահա հին Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու պատճառները փնտրիր Փաշինյանի շտապողականության և ՀՀԿ-ի հետ պայմանավորվածությունների մեջ:

Երրորդ` դու, Ալեն Սիմոնյան, Դաշնակցությունից ոչինչ չես հասկանում: Լիբանանում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում ՀՅԴ գրասենյակ այցելելը և լավ ընդունելություն գտնելը դու և քո թիմակից Փաշինյանը համարում եք դրսի և ներսի Դաշնակցության տարբերություն և հայտարարում եք, որ Դաշնակցությունը, իբր, բազմաշերտ կառույց է: Ողբամ զձեզ, որ այդպիսի թյուր կարծիք ունեք մի ուժի մասին, որ մոխիրներից Հայաստան է կերտել և այսօր էլ հպարտությամբ կարող է ասել, որ մեր նոր անկախության 30 տարիների ընթացքում իր օրակարգն է եղել Հայաստանի Հանրապետության գոյատևման, պահպանման, զարգացման հիմքում: Բավարարվենք միայն թվարկելով` զինված պայքար Արցախում, ԼՏՊ-ի հրաժարական, զարգանալ առանց զիջելու, ոչ հայ-թուրքական արձանագրություններին, նոր սահմանադրության ընդունում և, վերջապես` Նիկոլի հետ պայմանավորվածություն, որ այս շարժումը պետք է ծառայեցնել ժողովրդի շահերին: 

Չորրորդ` Ալեն Սիմոնյան, որպեսզի դու, դաշնակցական չլինելով, կարողանայիր Հրանտ Մարգարյանի անձը զատել Դաշնակցությունից, ապա առնվազն պետք է չիմանայիր, որ թվարկված օրակարգերի մեծ մասը բաժին է ընկնում հենց Հրանտ Մարգարյանի ներկայացրած Դաշնակցության օրերին: Մենք` դաշնակցականներս, այլ կերպ ենք մտածում: Հրանտ Մարգարյանն արել է այն, ինչ պետք է և կարող էր անել Դաշնակցությունը` ոչ ավել, ոչ պակաս: Եվ սա է պատճառը, որ Դաշնակցությունը հավասարապես պատասխանատվություն է ստանձնում թե իր հաջողությունների և թե իր «անհաջողության» համար:

Եվ հինգերորդ` Ալեն Սիմոնյան, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Ի՞նչ է, ձեզ նման կտրիճնե՞ր են տուն գնացել Դաշնակցության պահանջով: Իսկ ի՞նչ է նշանակում` նախ թող ներս գան, հետո մեզ տուն ուղարկեն: Դուք իշխանափոխությունը միայն խորհրդարանական ուժերի միջոցո՞վ եք պատկերացնում: Դարձյալ պետք է հիասթափեցնեմ` դա քաղաքական մտածողություն չէ: Հարցրեք Լևոն Տեր-Պետրոսյանին և նա ձեզ կբացատրի, թե որը որից հետո է: Այնպես որ, աշխատեք շատ չշեղվել Դաշնակցության օրակարգից և երկիրը չկանգնեցնել նոր վտանգների առջև: Հստակ է ասվել, որ շարժումը պետք է ծառայեցնել Հայաստանի և նրա քաղաքացու շահերին: Եվ ուրեմն, ամպերից իջիր, Ալեն Սիմոնյան ու գործով զբաղվիր: