Բյուջեն կավելանա 90 միլիոն դոլարով, կբարձրանան ուսուցիչների ու զինծառայողների աշխատավարձերը․ Փաշինյան

Բյուջեն կավելանա 90 միլիոն դոլարով, կբարձրանան ուսուցիչների ու զինծառայողների աշխատավարձերը․ Փաշինյան

Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը քննարկում է 2018թ. հունիսի 1-ին հավանության արժանացած կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Հիմնական զեկուցողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, նա իր ելույթը սկսեց հայտարարությամբ՝ ասելով, որ 2019 թվականին ՀՀ պետական բյուջեն կավելանա 40 միլիարդ դրամով, կբարձրանան ուսուցիչների ու զինծառայողների աշխատավարձերը։ 

«Առաջին 3 ամիսների մեր գործունեությունն ամփոփելով՝ մենք եկել ենք այն համոզմանը, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով։ Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է, այսինքն՝ պետական եկամուտները 2019 թվականին կլինեն առնվազն այսքանով ավել, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով։ Ուզում եմ ընդգծել, որ սա առնվազն վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, որովհետև նախկինում մենք չենք ունեցել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները կգերակատարվեն, այն էլ՝ այսպիսի հսկայական ծավալներով։ Շատ ավելի կարևոր է արձանագրել, թե մենք ինչ ենք պատրաստվում անել այդ հավելյալ եկամուտների հետ։ Մենք մտադրված ենք 2019 թվականի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը․ մոտավորապես 38 հազար ուսուցիչների մասին է խոսքը»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ 303 կմ ավտոճանապարհներ կհիմնանորոգվեն ու կնորոգվեն։