Երեխան ծնողի սեփականությունը չէ. խախտված սահմաններ

Երեխան ծնողի սեփականությունը չէ. խախտված սահմաններ

Հաճախ ծնողները երեխային վերաբերվում են ինչպես իրենց սեփականության` անտեսելով նրա անհատականությունը, ցանկություններն ու ապրումները:

Թեմայի շուրջ զրուցել ենք «Ունկ» հոգեբանական ու լոգոպեդական կենտրոնի համահիմնադիր, հոգեբան Գոհար Բարխուդարյանի հետ, ով վստահ է` երեխային պետք է զգալ, պետք է ընդունել, որ ծնված պահից նա առանձին անհատ է, հասկանալ, որ, ի դեմս նրա, նոր կյանք է աշխարհ մտնում. «Երեխան ծնված չէ նրա համար, որ ծնողի ցանկություններն ու պահանջները կատարի: Նա ծնվել է, որպեսզի ճանաչի աշխարհը, իսկ ծնողների խնդիրն է նրան օգնել այդ հարցում եւ նպաստել ինքնուրույն դառնալուն»: 

Խախտված սահմաններ

«Ծնող-երեխա հարաբերություններում հաճախ սահմանները կարող են խախտվել, քանի որ ծնողի համար ի սկզբանե դժվար է ընդունել երեխայի անհատականությունը` հենց ծնվելուց ի վեր,- նկատում է հոգեբանը`հավելելով։- Սովորաբար մտածում են, որ դեռ փոքրիկ երեխա է»: Վստահ է`մոր խնդիրն է հետեւել երեխայի ցանկություններին, քանի որ երեխան ցույց է տալիս, թե ինչ է զգում: Չէ՞ որ երեխաները հենց փոքր տարիքից տարբեր են իրենց զգացողություններով, ցանկություններով: Արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար առաջին միջնորդը մաման է, ու շատ կարեւոր է, որ նա երեխային հենց այդ վաղ շրջանից որպես անհատականություն ընդունի: «Իհարկե, հայերի մոտ, որպես կանոն, այդպես չէ: Հաճախ երեխան մեծանում, հասուն մարդ է դառնում, բայց մամաները պետք է պարտադիր զանգեն ու իմանան` ի՞նչ ես կերել, որից հետո ո՞րն ես արել: Ինչ-որ առումով ես կասեի` չեն վստահում իրենց զավակին, նույնիսկ դա շարունակվում է ամուսնությունից հետո ու մինչեւ կյանքի վերջ»,- մտահոգվում է Բարխուդարյանը: 

Քանի դեռ մաման կա, դու երեխա ես 

Հայերիս մոտ այս մոտեցումը շատ ամրապնդված է, ու բարդ է բացատրել, թե ինչու է այդպես: Հոգեբանն այս պարագայում շատ է կարեւորում ծնողի հասունությունը: Հիշեցնում է` չհասունացած ծնողը վտանգավոր է երեխայի հոգեկանի համար: Աշխատելով շատ երեխաների հետ` վստահ ասում է` լուրջ խնդիրներ են ունենում հենց այն բալիկները, ում մամաներն իրենց չեն զգում, հիմնականում երեխային առաջնորդում են «պիտի»-ներով: «Երեխայից շատ պահանջում են, բայց թե երեխան տվյալ արարքն ինչու արեց, հաճախ չեն զգում,- բացատրում է,- նման դեպքերում ծնողներն իրենք ունեն խնդիրներ, եւ իրենց համար բարդ է հենց իրենց զգացողությունները հասկանալը, արարքներ են անում պարզապես անելու համար` առանց վերլուծելու դրանք կամ անում են, քանի որ հասարակությունում այդպես է ընդունված, հասարակական նորմերն այդպես են պահանջում: Իրենք գիտեն, որ երեխային պետք է դաստիարակել, բայց երեխան դաստիարակվում է ամեն պահ` ծնողի վարքագիծը տեսնելով ու կրկնօրինակելով»: Եվ դաստիարակության նման մեթոդի դեպքում, Բարխուդարյանի խոսքով, պատնեշ է առաջանում ծնող-երեխա հարաբերություններում: Մեկնաբանում է` եթե ծնողը երեխային չի զգում, բնականաբար, անընդհատ թելադրում է իրենը` դառնալով երեխայի սեփականատերը: Վստահ է` նման դեպքերում ծնողը պարզապես չի ուզում զգալ երեխային, ընկալել նրան որպես առանձին անհատականություն: Ու այստեղ բախվում են ծնող-երեխա հարաբերությունների սահմանները: 

Ինքնուրույն երեխա

Նրա խոսքով, ծնողի հիմնական խնդիրն ինքնուրույն երեխա մեծացնելն է. «Բայց թե որքան հասուն է ծնողը եւ արդյո՞ք ուզում է, որ երեխան իրենից անջատ, առանձին անհատ մեծանա, հարց է, կամ տարիների ընթացքում ծնողն ի՞նչ է անում, որ երեխան ինքնուրույն դառնա: Շատ դեպքերում ծնողին դա պետք չէ, նա ուզում է, որ երեխան իրենից կախվածության մեջ լինի: Նման դեպքերում հասուն տարիքում արդեն ստեղծվում է մի իրավիճակ, երբ անընդհատ երեսով են տալիս. «Ես քեզ համար այսքան բան եմ արել, հանուն քեզ այսինչ բանից ինձ զրկել եմ»,-նկատում է հոգեբանը` խոսելով  նման մոտեցման հետեւանքների մասին: Նրա խոսքով` կան դեպքեր, երբ երեխան, չափահաս դառնալով, սկսում է աշխատել իր մանկության  խնդիրների հետ: Եթե, իհարկե, խոսում  ենք անձնային աճ ունեցող չափահասի մասին: Ու նա կարող է ընդունել ծնողներին այնպիսին, ինչպիսին,որ նրանք կան: Ինքն արդեն փորձում է ծնողին հասկացնել, որ յուրաքանչյուրն իր առանձին սահմանն ունի, եւ ծնողը չպիտի խախտի այդ սահմանը: Սակայն կարող է նաեւ հակառակը լինել, երբ դա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել. երեխան օտարանա ծնողներից  ու չփորձի այդ խնդիրները կառուցողական ձեւով հաղթահարել: «Ցանկացած փոխհարաբերության մեջ շատ կարեւոր է սահմանների պահպանումը, երբեմն ծնողը կարող է այդ սահմանը չզգալ: Երբեմն ծնողներն իրենց չիրականացված երազանքները փորձում են իրականացնել սեփական երեխաների միջոցով,  սակայն, երեխան կարող է չունենալ համապատասխան ընդունակություններ ու ցանկություն: Սա արդեն կոնֆլիկտի հիմք կարող է դառնալ հենց երեխայի մոտ, հանգեցնել նեւրոզային վիճակի: 

Անոթ` լցված սիրով

Հաճախ ծնողը երեխային վերաբերվում է որպես ապագայում իրեն խնամողի ու պահողի` պարբերաբար հիշեցնելով նրան այդ մասին: Բարխուդարյանը մեկնաբանում է։ «Այո, մարդն իր բնույթով շատ եսակենտրոն է եւ ուզում է, որ իրեն շարունակող լինի, բայց ծնողը երեխա չի ունենում նրա համար, որ նա հետագայում իրեն պահի: Եթե երեխան փոքր տարիքից իրեն հասկացված ու սիրված է զգում, հնարավոր չէ հետագայում չվերադարձնի այդ սերն ու հոգատարությունը: Ամբողջ տիեզերքը տալու-վերցնելու շրջանառության մեջ է: Եթե երեխան ի սկզբանե լցվում է սիրով, հոգատարությամբ, ապա հնարավոր չէ, որ իր վերցրածը նա հետագայում չտա մեզ: Երեխան դատարկ անոթ է, ինչ իր մեջ լցնում ենք, այդպիսին էլ նա հետագայում լինում է: Այսինքն` նման դեպքում հետագայում նրանից սեր ու ջերմություն պահանջելու կարիք չի լինի, նա այսպես թե այնպես դա կվերադարձնի»,- վստահեցնում է:

«Պիտի»-ն պարտադրանք է

Ըստ Գոհար Բարխուդարյանի, երբ մենք ասում ենք` դու պիտի սա անես, պիտի նա անես, մենք պահանջում ենք` ոչինչ չտալով: Հեռախոսը, օրինակ, պիտի դնես այդտեղ, ինքը կարող էր ասել. «արի հեռախոսը դնենք էնտեղ կամ արի օգնեմ քեզ»:  Երբ ծնողն ավելի շատ պահանջում է, ոչ թե տալիս, երեխայի մոտ մի շարք բարդույթներ են առաջ գալիս: Ինքն իրեն սկսում է շատ հարցերում սահմանափակել, չէ՞ որ իրեն ծնողն է սահմանափակել։ «Երբ երեխան հասկացված ու զգացված չէ, առաջին հերթին իր մոտ մերժվածության զգացողություն է առաջանում, որից կարող են լիքը վարքային դրսեւորումներ ի հայտ գալ, օրինակ` բացասական հուզական դիրքորոշում մեծահասակների նկատմամբ: Իսկ եթե այդ դիրքորոշումն ամրապնդվում է, երեխայի մոտ առաջանում է նեգատիվիզմ: Նա սկսում է ամեն ինչին հակառակվել: Անում է ծնողի ասածի ճիշտ հակառակը: Հուզական կապը խաթարվում է»,- նշում է Բարխուդարյանը: 

Խորհուրդ հոգեբանից

«Ծնող չեն ծնվում, ծնող դառնում են, իսկ թե ով ինչպես է կրում այդ պատասխանատվությունն ու կոչումը, մեծ հաշվով, անմիջականորեն կապված է, թե ինքն ինչպիսի մանկություն է ունեցել եւ ինչպես է դաստիարակվել, «աճել» տարիների ընթացքում: Գրեթե բոլոր ծնողները ցանկանում են ամենաբարին իրենց երեխաներին, եւ հենց այդ մեծ ցանկությունն էլ կարող է խանգարել ինքնուրույն անձի կայացմանը։ Եթե Դուք կարողացել եք հասնել նրան, որ այժմ Ձեր երեխաներն ինքնուրույն, կայացած մարդիկ են, ապա շարունակեք ապրել Ձեր սեփական կյանքով` վայելելով Ձեր հասունությունը»,- եզրափակում է: 

Ուստի, շատ-շատ սիրելի ծնողնե՛ր, սեփականատեր մի՛ եղեք, զգացե՛ք ձեր երեխային, հարգե՛ք նրա անհատականությունը եւ Դուք էլ ապրեք Ձեր սեփական կյանքով:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ