Չեխերն ու գունավոր հեղափոխությունների նուրբ արվե՞ստը

Չեխերն ու գունավոր հեղափոխությունների նուրբ արվե՞ստը

Հայաստանի ԱԳՆ կայքը տեղեկացնում է, որ մայիսի 9-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանի Թավշյա հեղափոխության մեկ տարվան նվիրված հանդիպում-քննարկմանը, որտեղ Հայաստանի փորձը ներկայացրել են Վրաստանի «Ալիք»  մեդիայի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը և Գյումրիի համայնքի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Մասնակիցներն անդրադարձել են քաղաքացիական հասարակության գործունեության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական հարթակների կարևորությանը, խոսեցին մեդիայի ազատության ու հասարակության մեդիագրագիտության բարձրացման կարևորության և այս ուղղությամբ պետական մակարդակով տարվող աշխատանքի մասին։ Իսկ  մայիսի 8-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում անցկացվել էր Հայաստանից ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ օրերս տեղեկացրել էինք, որ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի կայքում տեղադրված է  Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման աջակցության ծրագրի հրավեր։ Ծրագրի մյուս գործընկերը NESEHNUTÍ չեխական հասարակական կազմակերպությունն է, որը ընտրված խմբերի ու նախաձեռնությունների հետ թրեյնինգներ կանցկացնի արտասահմանցի պրոֆեսիոնալ  մարզիչների միջոցով։ Իսկ նրանց հետ ընտրական փուլ անցած ՀՀ քաղաքացիները կկարողանան զարգացնել իրենց  քաղաքացիական նախաձեռնությունների հետ կապված կոնկրետ ծրագրերը՝ 2019-20 թթ․ ժամանակահատվածում։ Ընտրված հայ մասնակիցներին սպասվում է նաև հոկտեմբերին՝ բարքեմփ Վրաստանում և այց՝ կենտրոնական Եվրոպա։

Հիշեցնենք, թե  Երևանում նոյեմբերին նաև իմքայլական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած թրեյնինգի պատճառով, ռուսաստանյան լրատվամիջոցները Մարգարիտա Սիմոնյանի գլխավորությամբ ի՜նչ արշավ էին սկսել Հայաստանի դեմ։

 Ռուսական քարոզչամեքենայի գաղափարախոսներին հունից հանել էր այն փաստը, որ գունավոր հեղափոխություններ անելու համար արտերկրից մարզիչներ են ժամանում, որոնք գործնական օրինակներով սովորեցնում են հայ երիտասարդներին գունավոր հեղափոխություններ անելու նուրբ արվեստին։

Ընդհուպ մինչև Պեսկովի հետ հանդիպման գնացած Վլադիմիր Կարապետյանի առաջ էին դժգոհություն հայտնել Մարգարիտա Սիմոնյանը և նրա ամուսին Տիգրան Քյոսայանը։