3 ամիսը մեկ պարոն Մարուքյանին պրոֆիլակտիկ հիշեցնելու ենք այն գործողությունները, որ նրանք արել են հեղափոխության օրերին

3 ամիսը մեկ պարոն Մարուքյանին պրոֆիլակտիկ հիշեցնելու ենք այն գործողությունները, որ նրանք արել են հեղափոխության օրերին

Երեկ կառավարության ծրագիրը վերածվեց իշխանություն- «Լուսավոր Հայաստան» փոխհրաձգության, որն ավարտվեց վարչապետ Փաշինյանի կոշտ ելույթով։ Առաջին գնդակն արձակեց «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը։ Նա Փաշինյանի նախկին գործընկերներին հիշեցրեց իրենց նախկին արարքները՝ հատ-հատ թվարկելով, թե ինչպես էին իրենց պահում այս ուժի ներկայացուցիչները հեղափոխության օրերին։ Պատգամավորը նույնիսկ քննարկեց Գեւորգ Գորգիսյանին ու նրա քիթը, որը վերջինս փակել էր «հեղափոխության ջահը» խորհրդարանում վառելու ժամանակ։ Պատգամավորը ելույթ էր ունենում ընդգծված հեգնանքով՝ առանց նշելու պատգամավորների անունները։ Ելույթից հետո մենք զրուցեցինք նրա հետ։

- Պարոն Առաքելյան, երբ հեգնանքով ու ծաղրով եք խոսում ընդդիմադիր գործընկերների մասին, ակամայից չե՞ք տեղափոխվում ՀՀԿ-ի դաշտ, որոնք նույնպես «վերեւից» էին նայում քաղաքական փոքրամասնությանը, հեգնում, ծաղրում էին, ինչի արդյունքում եղավ այն, ինչ եղավ։

- Դուք իմ խոսքի մեջ չեք գտնի որեւիցե հեգնանք կամ ծաղր, Ձեր հարցի մեջ Դուք թույլ եք տալիս փաստական անճշտություն։ Ես ասել եմ այն, ինչ ասել եմ, ու չեմ կարծում, որ որեւէ ՀՀԿ-ական կարող էր ասել այն, ինչ ես եմ ասել։

- Օրինակ, որ ասում էիք՝ «սգո սերվիս» դեմքերով եկել քննադատում եք կառավարության ծրագիրը, դա  ի՞նչ է, ի՞նչ նկատի ունեիք։

- Կարծում եմ՝ մեր հանրությունը, որը երեք օր հետեւել է խորհրդարանում մեր քննարկումներին, ինքը շատ լավ հասկացավ, թե ես ում եմ նկատի ունեցել եւ ինչի եմ օգտագործել այդ բառակապակցությունը։

- Ես հետեւել եմ, բայց ստացվում է, որ ձեզ քննադատել՝ նշանակում է «սգո սերվիս» դե՞մք ունենալ։

- Խոսքը նրա մասին է, որ երբ մեր քաղաքական ուժը, անձամբ վարչապետը նշում է, որ Հայաստանում պետք է տեղի ունենա մտքի հեղափոխություն, որ մենք պետք է քաջալերենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը, օգտագործելով իր ներուժը, ձեռնարկատիրական ջիղը, անձամբ մասնակցի տնտեսական հեղափոխությանը, եւ հիմա մոտիվացնելու շրջան է, այնպիսի շրջան, ինչպիսին անցած տարվա գարնանը, երբ մենք պետք է անեինք քաղաքական հեղափոխություն, եւ քաղաքացիներից յուրաքանչյուրն անձամբ պետք է իր քայլն աներ, մեր ընդդիմադիր գործընկերների կողմից տեսնում ենք վարքագիծ, որն ուղղված է քաջալերման ողնաշարը ջարդելուն։
 

- Այսինքն՝ կարծում եք, որ որեւէ մեկը չպիտի՞ կասկածի ձեր առաջարկած մեթոդներին, քննադատի դրանք։

- Ինձ զուտ մարդկայնորեն տհաճ է, երբ մենք, օգտագործելով այս պատմական հնարավորությունը, փորձում ենք դա վերափոխել տնտեսական հեղափոխության եւ մարդկանց ասում ենք՝ առաջին հերթին ձեր ուղեղում հարստացեք, ձեր գլխում հաղթահարեք խեղճությունն ու աղքատությունը, փորձեք օգտվել նաեւ պետության ընձեռելիք հնարավորություններից ու հասեք, բոլորս միասին հասնենք այն Հայաստանին, տնտեսական ձեռքբերումներին, որին ձգտում ենք, մեզ հակադարձում են «տռաուռնի» դեմքերով։

- Եթե մարդիկ չեն հավատում, որ լավ չապրելու պատճառն իրենք են, եւ լավ չեն ապրելու, քանի դեռ իրենց գլխում չեն թոթափել աղքատությունը, իշխանությունը չպե՞տք է հիմնավորի իր տեսլականը։ Թե՞, ինչպես Մարուքյանը կասեր, «նեյրոլինգվիստիկ» ոճով պետք է հաթաթաներ տա ընդդիմադիրներին։

- Ես հաթաթա չեմ տվել, ձեռքերս մաքսիմում քիչ եմ օգտագործել, խնդրում եմ՝ մի խեղաթյուրեք իրականությունը։ Ես պատրաստ եմ 6 ամիսը մեկ, 3 ամիսը մեկ պարոն Մարուքյանին եւ իր կուսակիցներին պրոֆիլակտիկ կերպով հիշեցնել բոլոր գործողությունները, որոնք նրանք արել են հեղափոխության օրերին, առավել եւս՝ հիմա․․․ Այն ժամանակ էլ կար ռոմանտիկների խումբ, որոնք պատրաստ էին անել քայլեր, որոնք պետք է հանգեցնեին ոչ այնքան հավատալի թվացող հեղափոխությանը, այդ մարդիկ հեգնանքով, քամահրանքով էին նայում ու ասում, որ հնարավոր չէ, եկեք գնանք Սերժ Սարգսյանից մի երկու հատ տեղակալի պաշտոն պոկենք ու դրանով սահմանափակվենք։ Այսօր նույն իրավիճակն է, մենք ասում ենք՝ այո, մենք մի խումբ ռոմանտիկներ ենք, որոնք հավատում են, որ նույնկերպ առաջնորդելով տնտեսական  հեղափոխությունը եւ քաղաքացիներին ոգեշնչելով՝ կարող ենք հասնել այն գերնպատակին, որն ունենք։

- Ու այդ ճանապարհին ուզում եք, որ ձեզ ոչ մեկը չքննադատի, չքննարկի ձեր արած-չարածը։

- Բացարձակ, ես հիասթափված եմ, անկեղծ՝ ակնկալում էի լսել բովանդակային քննադատություն։ Եթե ես լինեի ընդդիմադիր, մի քանի անգամ ավելի բարձր կարող էի քննադատել այս ծրագիրը։ Կան տարբեր կետեր, որ կարող էին ուրիշ կերպ շարադրված լինեին, կամ բաներ կան, որ կարող էին ընդգրկված լինեին, մինչդեռ չկան։

- Բա քննադատեիք, ասում էիք, թե առաջինը մենք ենք քննադատելու մեզ, անողոք ենք լինելու․․․

- Ես եթերներից մեկ-երկու օր առաջ նշել եմ այն գլուխը, որը, իմ կարծիքով, այնքան էլ լավ շարադրված չէ։ Իսկ ընդդիմության կողմից ընդամենը փորձ է արվում կոտրել քաղաքացիներին մոտիվացնելու գործընթացը։

- Կասե՞ք, թե ինչպես պետք է մոտիվացվի օրվա հացի խնդիր լուծող քաղաքացին, կարծում եք մարդկանց դո՞ւր է գալիս աղքատ լինելը, դրա համար էլ աղքատ են։ Ձեր իշխանությունը պատասխանատվության ողջ բեռը քաղաքացու ուսերին է դնում,  իսկ ինքն ի՞նչ է անելու։

- Մենք ամենեւին նկատի չունենք սոցիալապես խոցելի խմբերին, մենք թոշակառուներին կարող ենք խնդրել ընդամենը, որ ՀԴՄ կտրոն ուզի, իր մասն այդքան է, գոնե այդքանով մասնակցի հեղափոխությանը, մենք դրա մեջ չենք ներառում հաշմանդամներին, անչափահասներին, բազմազավակներին։ Սահմանադրության մեջ, այո, նշված է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, ու պետությունը պետք է իրականացնի իր սոցիալական գործառույթները։ Երբ ասում ենք, որ քաղաքացին պետք է ավելի նախաձեռնող լինի, նկատի ունենք աշխատունակ, կարող մարդկանց, երբ ասում ենք, որ մարդ պետք է գլխում հաղթահարի աղքատությունը, նկատի ունենք ծույլ մարդկանց, որոնք ոչինչ չեն անում, որ իրենց կյանքը լավանա, տեղում նստած սպասում են, որ պետությունն իրենց փոխարեն անի։

- Փաստորեն, դուք կարծում եք, որ Հայաստանում մարդիկ լավ չեն ապրել, քանի որ ծույլ են, ավելին՝ այդ ծույլ մարդիկ ծանրակշիռ  զանգված են, քանի որ ծրագրում թվերի բացակայությունն էլ հենց նրանցով եք պայմանավորել, թե՞ չգիտեք՝ ինչ նախաձեռնողականություն կցուցաբերեն մարդիկ, որ թվեր գրեիք։

- Արդեն երրորդ անգամ եք խեղաթյուրում իմ բառերը։ Ես չասացի՝ գերակշիռ մասը ծույլ է, ասացի՝ կան ծույլեր։ Երբ ասում ենք, որ ուղեղում այդ փոխարկումը պետք է տեղի ունենա՝ անջատված ռեժիմից՝ միացված ռեժիմ, մենք նկատի ունենք հենց սա, մարդը պետք է ցանկանա հարստանալ, ես վերաձեւակերպելով վարչապետի խոսքը, ոչ թե գլխի մեջ հաղթահարելով աղքատությունը, այլ մտքի մեջ, ուղեղում համոզել ապրել բարեկեցիկ, տալ այդ «նաստրոյը», տրամադրել ապրելու ավելի բարեկեցիկ ու երջանիկ կյանքով։

- Ի դեպ, Մարուքյանը ձեր ակնարկին ի պատասխան ասաց, որ «հակահեղափոխականներն» իշխանությունում են՝ ի դեմս ֆինանսների նախարարի եւ նախկին իշխանավորներից շատերի։

- Այո, քաղաքական պաշտոնների նշանակվել են մարդիկ, որոնք ունակ են եղել զբաղեցնել այդ պաշտոնը, մենք չենք կարող արկածախնդրության ճանապարհով գնալ եւ այդ պաշտոններում նշանակել տնտեսությունից ու ֆինանսներից անտեղյակ մարդկանց։ Մենք գնացել ենք տեխնոկրատների նշանակելու ճանապարհով, շատ կցանկանայի, որ նույնպիսի կադր ունենայինք այդ բլոկի համար, ինչպիսին է, օրինակ, մեր թիմի անդամ Արսեն Թորոսյանը, բայց ունենք այն, ինչ ունենք։

- Իսկ ի՞նչ կասեք այն քննադատություններին, որ բախտի բերմամբ հայտնվեցիք հեղափոխական թիմում ու հիմա «տաքուկ» տեղից քննադատում եք ուրիշներին։

- Եկեք իմ սենյակը, նայեք ու տեսեք՝ արդյոք այն պայմանները, որ ես ունեմ, ու այն աշխատավարձը, որ ստանում եմ, լավ տեղավորվե՞լ է նշանակում։ Ես այստեղ եկել եմ «այթի» ոլորտից ու  հունվարի 1-ից եռապատիկ ավել աշխատավարձ կստանայի՝ մի քանի անգամ ավել, քան պատգամավորի աշխատավարձն է։ Եթե այս ամենի համար է պարոն Մարուքյանն ինձ մեղադրում, շնորհավորում եմ, փայլուն տրամաբանություն է։