Իսկ գուցե դա ասի ոչ թե Ալիևին, այլ Նիկոլին․․․

Իսկ գուցե դա ասի ոչ թե Ալիևին, այլ Նիկոլին․․․

Եվրոպական շատ երկրներ, այդ թվում շատերին իր հայասիրությամբ ցնցած Ֆրանսիան բազմիցս է տարբեր նրբերանգներով հայտարարել, որ ինքը ուշադիր է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը Ադրբեջանին հենց վերջերս կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Մակրոնը, Ֆրանսիան կամ եվրոպական մի այլ երկիր չգիտի՞, որ եթե թշնամու զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, դա նշանակում է, որ նա արդեն խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Սա մի բան է նշանակում։ Որ նրանք այդ տարածքները, որտեղ ներխուժել է Ադրբեջանը ու բռնազավթել իշխանության թողտվությամբ, առանց որևէ դելիմիտացիայի և դեմարկացիայի, նրանք Հայաստանի սուվերեն տարածք չեն համարում։ Կամ տեղյակ են, որ ՀՀ իշխանությունը դա «նվեր է տվել» Ադրբեջանին, իսկ «նվեր» հետ պահանջելը հարգի չէ։

Հայաստանի տարածքային ամբողջականությունից են խոսում, բայց ծվատված Հայաստանում փողփողում են ադրբեջանական դրոշները, Հայաստանի անվտանգային առումով կարևոր մարտական դիրքերը Ադրբեջանի ձեռքերում են։ Կապանի մայրուղում անցակետ են դրել ու Հայաստանում Ադրբեջան են կառուցում։ Որոշ գյուղեր առանց իրավական գործընթացների արդեն Ադրբեջանի ոտքի տակ «մատաղ է արվել»։ Ջերմուկից, Գեղարքունիքից, մյուս հատվածներից էլ չխոսեմ։ Ո՞ր մի հանձնված տարածքի մասին խոսես, քնած ժողովրդին խուճապահար անես։ Այդ ամենի մասին տեղյա՞կ չէ Մակրոնը։ Այդ ինչպե՞ ս էլ լինում, որ Հայաստանում տարածքները հանձնվում են հալած յուղի պես սահուն։ Իսկ գուցե պետք է, որ ոչ թե Ալիևին ասի, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանի, այլ հենց Նիկոլին ասի՝ ինչու՞ չես պահում քո տարածքային ամբողջականությունը։