Ոչ թե դատապարտում են ատելության խոսքն, այլ իշխանության դեմ խոսքը
Երեկ երեկոյան տեղեկացանք, որ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ՝ ֆեյսբուքյան գրառման համար քրեական հետապնդում է հարուցվել: Հայաստանում հեղափոխական իշխանությունները ժողովրդավարության անվան տակ ազատ խոսքի դեմ դաժան պայքար են սկսել: Ընդդիմադիրների դեմ գործեր են հարուցվում, նրանցից շատերն անգամ բանտարկվում են, իսկ իշխանական թևի ներկայացուցիչները շարունակում են հրապարակավ վիրավորել, սպառնալ և անպատիժ մնալ:
Իրավապահ համակարգում փաստացի երկակի ստանդարտներ են գործում, իսկ այդ ամենին երբեմնի ամենաակտիվ քաղհասարակությունն ընտրողաբար է արձագանքում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որը նախկինում քաղհասարակության ամենաակտիվ ներկայացուցիչներից էր, ի դեպ հիմա էլ որպես քաղհասարակության ներկայացուցիչ ահռելի գրանտներ է ստանում դրսից, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ Ավետիք Իշխանյանի դեմ հարուցված քրեական հետապնդումից: Ավելին՝ Իոաննիսյանը մեզանից լինք խնդրեց գործի մանրամասներին ծանոթանալու համար: Փաստացի քաղհասարակության ներկայացուցիչն այն աստիճան է հեռացել քաղաքացիական հասարակությունից, որ անգամ ամենաքննարկվող քրեական հետապնդումների մասին չունի տեղեկություն:
Մենք դիմեցինք Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին, հասկանալու համար՝ որքանո՞վ է իրավաչափ գրառման համար անձի դեմ քրեական հետապնդում հարուցելը: Նա «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ ֆեյսբուքյան գրառումների համար քրեական հետապնդում հարուցելն անհամաչափ պրոցես է, քանի որ նմանաբնույթ գրառումներում չկա հստակ անուն-ազգանուն, ուստի չեն կարող հստակեցնել, թե ում են կոնկրետ ուղղված այդ գրառումները: Նա նշում է, որ բռնությունն անթույլատրելի է, սակայն իշխանական թևի ներկայացուցիչներից ոմանք և նրանց համակիրները ևս զբաղված են համացանցում բռնության կոչեր անելով և իրավապահների կողմից չկա որևէ արձագանք. «Գրառումների համար գործեր հարուցելը համաչափ չեմ համարում: Ինչու, որովհետև գրառումները կապված են կոնկրետ կոչերին, ատելության խոսք տարածելուն, սակայն եթե չկա կոնկրետ անուն և ազգանուն, ուրեմն չկա կոնկրետ հասցեատեր: Նման գրառումները շատ հաճախ ավելի շատ հռետորական բնույթի են: Դատարանում, երբ պնդում են, թե դրանք սպառնալիքներ են, ապա պետք է տվյալ սպառնալիքի սցենարը ևս ներկայացնեն: Ենթադրենք արվել է սպանության կոչ, պետք է հստակեցնել. ինչպե՞ս, ի՞նչ եղանակով: Հաղորդում ներկայացրած անձին սովորաբար հարցնում են՝ վստա՞հ եք, որ ձեզ սպանելու են, արդյո՞ք նման կոչերը չափելի են: Նույնիսկ կոնկրետ անձին ուղղված սպառնալիքի պարագայում քրեական գործեր չեն հարուցվում, կամ դրանք կարճվում են՝ հիմքերի բացակայության պատճառով: Այնպես որ նման գործերն անտեղի են: Ես որպես իրավապաշտպան դեմ եմ ատելության խոսքի տարածմանը: Դա ստեղծում է թշնամական մթնոլորտ հասարակության շրջանում, սակայն իշխանական թևի աջակիցները ևս լծված են այդ գործին: Ատելության խոսքի ալիքը մեծացնում է իշխանական թևի աջակիցների բանակը: Այստեղ ևս կա անհամաչափություն: Սրանով մեծանում է անդունդը: Այսինքն՝ ոչ թե դատապարտում են ատելության խոսքն, այլ իշխանության դեմ խոսքը»,- եզրափակում է իրավապաշտպանը:
Կարծիքներ