Քոչարյանը 40 րոպե ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ ներկայացրել

Քոչարյանը 40 րոպե ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ ներկայացրել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդության քննությունը քիչ առաջ ավարտվեց։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշումը դատարանը կհրապարակի վաղը, ժամը՝ 15։00֊ին։

Հարցին, թե Քոչարյանը դատարանում ի՞նչ ելույթ է ունեցել, պաշտպանը նշեց. «Մոտ 40 րոպե ելույթ ունեցավ, մանրամասն ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել փետրվարի 19֊ից սկսած մինչեւ մարտի 2֊ը։ Ես պարոն Քոչարյանի փոխարեն հիմա չասեմ, այն ինչ մենք բարձրաձայնել ենք, այդ նույն բաներն արդեն իր տեսակետից, առաջին դեմքից էդ ամեն ինչն ասեց։ Մենք հիմա կարծում ենք, որ այդ փաստարկները բավականին ծանրակշիռ են, թե ինչ կորոշի դատարանը, ես հիմա չեմ կարող ասել։ Մեր փաստարկները վերաբերում են արդեն փոփոխված մեղադրանքին, նաեւ գումարվել է այն փաստարկը, որ նախաքննությունն ավարտվել է,  եւ դրանից հետեւություն, որ բոլոր ապացույցներն, որ քննիչը պատրաստվում էր հավաքել, դրանք հավաքված են, գործի քննության խոչընդոտելը 0֊ի է հավասար»։

Նա նաեւ նշեց, որ Քոչարյանն անդրադարձել է իր ելույթում կաշառքի դրվագին. «Բացարձակ անհիմն մեղադրանք է, որի հիման վրա նախաքննության մարմինը փորձում է ցույց տալ, որ կա ողջամիտ կասկած։ Ասաց, որ դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը մեղադրվում է «Մարտի 1֊ի» քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ. նա կալանքի տակ է 2018 թվականի դեկտեմբերի 7֊ից։