Ադրբեջանը գերիներին կօգտագործի բանակցային գործընթացի վրա ազդելու համար

Ադրբեջանը գերիներին կօգտագործի բանակցային գործընթացի վրա ազդելու համար

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

- Երկու հայ գեներալների՝ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին ադրբեջանցիները ձերբակալել են։ Սա ի՞նչ է նշանակում՝ նվաստացում, ռազմական մտքի ոչնչացո՞ւմ։

-Սա մի քանի նպատակներ է հետապնդում, որոնցից մեկը չափազանց խորքային է և որի մասին այս պահին կարծում եմ չարժի խոսել։ Այս պահին սա Ադրբեջանի համար գործիք է, ապագա բանակցությունների վրա ազդելու և գերեվարված գեներալներին ու քաղաքական գործիչներին որպես առեւտրի առարկա օգտագործելու։ Հաջորդիվ պետք է նշել, որ Ադրբեջանը փորձում է ցույց տալ իր ուժը և «պատժի» անխուսափելիությունը, որպեսզի վաղը ցանկացած ոք, ով կմտածի Արցախի վերաազատագրման մասին, իր աչքի առաջ ունենա այս հեռանկարը։ Սա ըստ էության երկար գործողության ական է, որը Ադրբեջանը դնում է մեր պետականության հիմքերի տակ։

-Կա կարծիք, որ այս ցուցակը համաձայնեցված է Փաշինյանի հետ` իր դեմ հանդես եկած անձանց թշնամու ձեռքով մեկուսացնում է:

-Իհարկե ես այս թեզը չեմ կարող քննարկել, քանի որ Ալիեւը իր նպատակների մասին վաղուց է ասել և Ադրբեջանը վաղուց ուներ իր սև ցուցակում գտնվող անձինք, որոնց նկատմամբ մի օր պետք է կատարեր ահաբեկչական գործողություններ։ Եթե փորձեք վերլուծել բաքվեցի բռնապետի գործողությունների տրամաբանությունը, կտեսնեք, որ դրանք լավ ու երկարաժամկետ պլանավորված են, այլ հարց է, որ գուցե այս գործողությունների մեջ ինչ որ կարճատև ժամանակում շահառու լինեն նաեւ ՀՀ իշխանությունները այն իմաստով, որ պոտենցիալ օպոնենտները չեզոքացված կլինեն։ Բայց կրկնվեմ, դա միայն կարճաժամկետ ժամանակահատվածում, որովհետև այն որոշ ժամանակ անց հակադարձ էֆֆեկտ է առաջացնելու։

-Արցախը վերադարձնելու էջը փակվա՞ծ է։

-Վստահ եմ, որ ոչ։ Արցախի վերաազատագրման գաղափարը մեռցնել, նշանակում է հավիտյան մեռցնել Հայաստան պետության գաղափարը։ Միջազգային հարաբերությունները մշտապես փոփոխվում են, ստեղծվում են նոր իրավիճակներ, որոնք օգտագործելու պարագայում հնարավոր է հասնել Արցախի վերաազատագրմանը։ Հարավային Կովկասը մշտապես եղել է տերությունների բախման թատերաբեմ, ուստի առաջիկայում այդպես էլ կմնա, և մեր խնդիրը կլինի նոր` ռազմավարական էլիտա ձեւավորել և պատրաստվել հնարավոր նոր զարգացումներին, եթե իհարկե ցանկություն և կամք ունենք պահպանել մեր պետականությունը այս հողակտորի վրա։

-Հռոմի ստատուտն են վավերացնում, իսկ Պեսկովը հայտարարում է, որ դա ծայրահեղ թշնամական վերաբերմունք է ՌԴ-ի նկատմամբ։ ԻՆչպիսի՞ն կարող են լինել հետևանքները։

-Հռոմի ստատուտի վավերացումը որպես գործիք և պատրանքները դրա մասին պարզապես ֆիկցիա են։ Դրա վավերացումը դրական առումով մեզ ոչինչ չի տալու, իսկ ովքեր հակառակն են պնդում, նրանք պարզապես կեղծում են և ազնիվ չեն հասարակության հետ։ Այստեղ ընդամենը մենք պետք է խնդիրը դիտարկենք հայ-ռուսական հարաբերությունների մեջ լարումը մեծացնելու և ի վերջո այդ հարաբերությունները խզելու ծիրում։ Ընդ որում տարօրինակ է նաև ՌԴ արձագանքը և Հռոմի ստատուտին այդքան մեծ դեր ու իմաստ վերապահելը, հատկապես երբ ակնհայտ է, որ դիվանագիտական խողովակներով հնարավոր էր հասնել ՀՀ կողմից միանալու վերապահման արձանագրմանը։ Բայց ըստ էության կողմերը ընտրել են առճակատման ուղին, որի պարագայում կորուստներ կրելու են բոլոր կողմերը։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այսօրվա հանրահավաքից։

-Ցավոք էական ակնկալիքներ չունեմ, և պատճառն այն է, որ այդպես էլ չի ձևավորվել կոնտրէլիտա, որը կունենա վճռականություն և կամք։

-Հայաստան տեղափոխված արցախցիների ճակատագիրն ինչ է լինելու:

-Օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր հայրենակիցներին արդեն Հայաստանում չլուծարել վարչական շրջանների մարմինները և պահպանել պետական ողջ ստրուկտուրան։ Սա հնարավորություն կտա նախ և առաջ օպերատիվ կերպով արձագանքել Հայաստանում փրկություն գտած մեր հայրենակիցների խնդիրներին արձագանքելու և համայնքները պահելու համար, իսկ երկարաժամկետ հեռանկարում նաև Արցախի վերաազատագրման գաղափարի կենսագործման համար առիթ ու խթան կլինի։ Ցավոք, տեսնելով, թե ինչպես են պետական մարմինները իսկական քաոս ստեղծել, բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հատկացվող կացարանների որակը և բնակելիության մակարդակը, միայն կարելի էր սարսափով պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այս հսկա կամավորական աշխատանքը չլիներ և հարյուրավոր կամավորներ իրենք չլուծեին մեր հայրենակիցների առաջին անհրաժեշտության խնդիրները։ Հիմա կարևոր եմ համարում Արցախի մեր հայրենակիցների Հայաստանում մնալը և արտասահման չմեկնելը։ Կառավարության վրա հույս դնելը համարում եմ խիստ վտանգավոր, քանի որ բոլոր տեղերում, որտեղ փորձել է մի բան անել, լիակատար ձախողման ենք ականատես եղել։ Ուստի նաև այս հանգամանքով պայմանավորված, կարծում եմ, որ Արցախի Հանրապետության պետական համակարգի կարևոր ինստիտուտների պահպանումը և' կարճաժամկետ, և' երկարաժամկետ հեռանկարում խիստ կարևոր է։
Արցախի մեր հայրենակիցները հիմա պետք է զգան հայ ժողովրդի հավաքական աջակցությունը, և այն, որ 9 ամիս պարզապես հույս չենք տվել, այլ իրապես ապրումակցել ենք ու պատրաստ ենք ջերմորեն մեր գիրկը առնել նրանց։ Իսկ թե հետագայում նրանք կստանան փախստականի կարգավիճակ և դա ինչպես կկարողանանք օգտագործել, սա թերեւս քննարկման այլ նյութ է։