Կարանտինային Գյումրի՝ զիջող ոստիկաններ եւ սոցիալական զգալի խնդիրներ

Կարանտինային Գյումրի՝ զիջող ոստիկաններ եւ սոցիալական զգալի խնդիրներ

Հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչները մտահոգ եւ զգուշավոր են: Փողոց են դուրս գալիս խիստ անհրաժեշտության դեպքերում: Դատարկ է  քաղաքի կենտրոնական շուկան, հայտնի Լաչինի միջանցքը, որտեղ անգամ  ոտք դնելու տեղ չկար:  Պետք է խոստովանենք, որ գյումրեցի ոստիկաններն առավել շատ բացատրական աշխատանքներ են կատարում, քան տուգանում:  «Էս քյասիբ ժողովրդին ինչը՞ղ տուգանես, մեկ էլ կտեսնիմ մե տատիկ կամ պապիկ հազիվ քելելով խանութ կերթա: Ոչ թուղթ ունեն, ոչ թամասա, մե կերպ կբացատրենք, տուն կճամփենք »,- hraparak.am-ի հետ զրույցում անկեղծորեն խոստովանում է ոստիկաններից մեկը՝ ընդգծելով, որ պարտաճանաչ քաղաքացիների թիվն էլ քիչ չէ: Միայն թե  ապրիլի սկզբին, երբ բաժանվեցին կենսաթոշակները, ոստիկանների համար  դժվար էր վերահսկել  իրավիճակը, քանի որ բանկոմատների շուրջ հավաքված քաղաքացիները ոչ միայն շատ էին, այլև կանգնած էին կողք կողքի, շփվում էին միմյանց հետ՝ առանց սոցիալական հեռավորություն պահելու: «Էդ օրերին հեչ վերահսկել չէր էղնի, մե կողմից կհասկընաս՝ մարդիկ փողի անուն էին լսել, րոպե առաջ կուզեին հանել, մյուս կողմից՝ օրենք էր խախտվում. պարետի որոշումն էր անտեսվում»,-ասում է հսկիչ ոստիկանը՝ միաժամանակ խոստովանելով, որ անգամ այդ իրավիճակում զերծ է մնացել որևէ մեկին տուգանելու քայլից: Ինչ խոսք, աղքատության ցուցանիշով առաջինը համարվող Հանրապետության երկրորդ քաղաքում այս օրերին խնդիրները կրկնապատկվել են: .

Տնակային ավաններում բնակվող  օրավարձով աշխատող շատ քաղաքացիներ հայտնվել են անելանելի վիճակում: «Քուրս, էլի էստեղ-էնդեղ մե բան կենեի, մեկի հողամասը գործ կեղներ, մեկի տանը մե բան կենեինք, էն ժամանակ երեխեքս կիսասոված էին, հըմի շատ սոված են: Կըսեն՝ օգնություններ կուդան, բայց մեզի հեչ բան չեն տվել, 9-րդ միջոցառումից չենք օգտվում, կնոջս ըսել են ձեր նպաստը 28 միավորից բարձր է: Մեկը հաշվի չի առել, որ 28-ից ցածրերն էլ մեզնից լավ ապրողներն են, մե տեղից եկամուտ ունին, ձևակերպե նպաստ կստանան, ըդոր հըմար էլ իրանց բալերը ցածր են »,-ասում է տնակային ավանի բնակիչը: 

Նշենք, որ  այս օրերին քաղաքում սոցիալան տարբեր միջոցառումներ են կազմակերպվում: Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետարանը սկսել է աշխատանքներ մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների ու ընկերությունների հետ՝ խոցելի խմբերի կարիքները հոգալու նպատակով։ Մարզպետի խոսքերով՝  արդեն իսկ համագործակցել են միջազգային և տեղի մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ։ Օրինակ, «IDEA» և «Շառլ Ազնավուր» հիմնադրամները նախապատվությունը տվել են  Բարեկամության այգու բնակիչներին, ամերիկացի բարերարներից մեկը նախընտրել է  օգնել «Թռչունյան տան»՝ ընտանիք վերադարձած երեխաներին, USAID-ի «Մի բան անենք» նախաձեռնության տրամարդած 1000 սննդային փաթեթների կեսը մարզպետարանը բաշխել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրի հետ համագործակցելով։
Եվս 2000 պարենային փաթեթներ կտրամադրի «Ռուսաստանի հայերի միությունը», որոնք արդեն կբաշխվեն մարզի գյուղական համայնքների թիրախային խմբերի ընտանիքներին։

.