Եթե Օսիպյանը մտածելու կարողություն ունենար…
Երբ այս գարնանը «դըմփ-դըմփ-հու» շարժման արդյունքում ոմանք փողոցից հայտնվեցին կառավարությունում, առաջին նշանակումներից մեկը Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետ կարգելն էր: Այդ ժամանակ ընկերներիցս մեկը, ով Փաշինյանի շարժման հանդեպ դրական վերաբերմունք ունի, խիստ տարակուսել էր Օսիպյանի նշանակումից. «Չեմ հասկանում, այդ քայլողին ո՞նց են նշանակում ոստիկանապետ, ո՞վ պիտի նրան հարգի… Ախր, նա քայլելուց բացի ուրիշ ի՞նչ է արել կամ ուրիշ ի՞նչ կարող է անել…»: Ժամանակը ցույց տվեց, որ ասվածը բավականին ճշմարիտ էր:
ստիկանապետի տարբերությունը շարքային քաղաքացուց
Անցնող ամիսների ընթացքում քայլելն ավարտած եւ ոստիկանապետի աթոռին բազմած Օսիպյանը ցույց տվեց, որ իր պրոֆեսիոնալիզմի սահմանն իրոք քայլելն է կամ էլ վերադասին ծառայելը՝ մոռանալով թե՛ պետության, թե՛ իրավունքի, թե՛ սպայական ուսադիրների ու պատվի մասին:
Եթե այդպես չլիներ, Օսիպյանը չէ՞ր գիտակցի, որ իրավապահ համակարգը պետության ատրիբուտ է, ոչ թե ամբոխի բնազդների սպասարկման մեխանիզմ: Օսիպյանը չի՞ տեսնում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատելուց հետո Էջմիածնի եւ Երեւանի փողոցներում մի քանի հարյուր հոգու սանձազերծած ամենաթողությունը, իսկ եթե տեսնում է եւ մտածելու կարողությունն էլ չի կորցրել, ինչպե՞ս գործողությունների չի դիմում:
Եթե Օսիպյանը լիներ շարքային քաղաքացի, կարող էր մտածել, որ Մանվել Գրիգորյանը գեներալի կոչման հասել է եւ անգամ ՀՀ պաշտպանության փոխնախարար է դարձել 2000թ․-ին, Քոչարյանի թեթեւ ձեռամբ` վարչապետ Արամ Սարգսյանի եւ Պնախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ լարված դավադրության եւ պաշտոնանկությունները նախապատրաստելու համատեքստում, «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանն ամենատգետ ու ֆինանսական մեքենայությունների մեջ թաղված ֆիգուրներից է Հայաստանում, ով անգամ ՀՀԿ-ի ձեռամբ պատգամավոր դառնալուց հետո չկարողացավ սովորել «բյուջե» բառն արտասանել, պառլամենտից հեռացավ «բուջե» ասելով, «Դոն Պիպո» կոչվող մեկ այլ հանցագործն էլ առհասարակ քրեական աշխարհից է: Այժմ այս երեք անձանց հետեւորդներն ու խաժամուժն իրար հետ հաշիվներ ունենալով՝ Էջմիածնի եւ Երեւանի փողոցներում շոուներ են տալիս, թող տան` բոլորն իրար արժանի են եւ հասարակության ուշադրությանը՝ անարժան:
Շարքային քաղաքացուն դա կարող է չհետաքրքրել եւ չհուզել կամ հետաքրքրել ու հուզել այնքան, որքան էժանագին մի սերիալ, շոու կամ բալագան: Չէ՞ որ միջին վիճակագրական քաղաքացին պատասխանատվություն չի կրում պետության, պետական ինստիտուտների, առավել եւս՝ արդարադատության համար: Մինչդեռ իրավապահ համակարգում ծառայող, առավել եւս այդ բուրգի կատարին գտնվող մարդը պարտավոր է իրավունքի եւ արդարադատության մասին մտահոգվել, որովհետեւ դրանց սասանումը նշանակում է պետության խորտակման ճանապարհ:
Օսիպյանը Հայաստանը վերածում է Պակիստանի՞
Իր մտածելու եւ գործելու անկարողությամբ Օսիպյանը Հայաստանը վերածում է Պակիստանի, երկիրը կանգնեցնում է վայրագ Արեւելքի վերածվելու արահետի վրա, որտեղ ո՛չ իրավունք գոյություն ունի, ո՛չ արդարադատություն, եւ մոլեռանդ ամբոխն է որոշում՝ քարերով մարդ սպանի՞, թե՞ ողջ թողնի, դատարանի որոշումն ընդուն՞ի, թե՞ դատավորին հայհոյի կամ վերացնի: Ըստ Օսիպյանի, Հայաստանում 4 հազար տարի պատմություն ու քաղաքակրթություն են արարվել, որ այսօր դըմփ-դըմփ-հու ձայնարկողներն ու նրանց ալտերէգո խաժամուժը (թեկուզ մի քանի հարյուր հոգանոց) փողոցներում դատուդատաստան անեն, արդարադատություն իրականացնող դատավորի վրա հարձակվեն եւ երկիրը տանեն նախնադա՞ր, ինքն էլ ոստիկանապետի իր աթոռից այդ ազատ անկմանը հետեւի: Օսիպյանը չի՞ ամաչում իր կրած ուսադիրներից:
ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելով՝ Օսիպյանն ինչպե՞ս է հանգիստ հետեւում, որ երկրում նախադեպ ստեղծվի, երբ խաժամուժը փողոցներում բարձրաձայն ծանրագույն քրեական հանցագործությունների մեղադրանքներ է ուղղում ՀՀ տարածքում գտնվող անձի, եւ դրան ոստիկանությունը չի արձագանքում: Մի կողմ թողնենք, որ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու շուրջ աղմկող ամբոխը, ամենայն հավանականությամբ, գեներացված է Ճոյտի եւ Դոն Պիպոյի համհարզներից, որ մի քանի տասնյակ կամ հարյուր հոգի են: Նշանակություն չունի՝ ովքեր են եւ քանիսն են:
Պետության եւ իրավունքի տեսակետից նշանակություն ունի միայն այն, որ Էջմիածնի, այնուհետ Երեւանի փողոցներում շոուներ տվող անձինք հրապարակավ եւ բարձաձայն Մանվել Գրիգորյանին մեղսագրում են ծանրագույն քրեական հանցագործություններ, այդ թվում` մարդկանց սպանություններ, ահաբեկման, առեւանգման, շղթայակապելու դեպքեր: Մի տիկին էլ` Սիլվա անունով, որ հայաստանյան հասարակությանը հայտնի է դարձել Երեւանի հյուրանոցներից մեկի ճեմասրահում գզվռտոցի մեջ ընկնելու եւ տարբեր անձանց դեմ ցուցմունքներ տալու առիթով, Մանվել Գրիգորյանին մեղադրում է բռնաբարությունների, այդ թվում՝ անչափահասների բռնաբարության համար:
Նման ծանր հանցագործությունների մասին հրապարակային հայտարարություններ հնչելուց հետո Օսիպյանը պարտավոր էր հանուն պետության եւ իրավունքի հանձնարարել, որ բոլոր նման հրապարակային հայտարարություններ անողները հրավիրվեն կամ բերման ենթարկվեն ոստիկանության բաժանմունքներ, եւ նրանցից ցուցմունք վերցվի բարձաձայնվող հանցագործությունների մասին: Չէ՞ որ ծանր քրեական հանցագործությունների մասին իմանալ-չհայտնելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է:
Թող ընթացք տա կամ հեռանա
Ստեղծված իրադրությունում երեւում է երկու ճանապարհ՝ կա՛մ Մանվել Գրիգորյանի կալանավորում պահանջող ամբոխը, հատկապես նրան հրապարակավ հանցագործություններ մեղսագրողները պետք է ցուցմունք տան իրենց հայտնի հանցանքների, անգամ զանցանքների մասին, որ կատարել է Մանվել Գրիգորյանը, որպեսզի այդ դրվագներով Գրիգորյանի դեմ հետաքննություն սկսվի (դա նաեւ օժանդակություն կլինի փողոցի բառապաշարով հեռախոսազրույցներ վարող Սասուն Խաչատրյանի հիմնարկին, որի քննիչները «տուշոնկա գողանալու» ամբաստանությունը կարծես չեն կարողանում Գրիգորյանի դեմ որպես մեղադրանք ձեւակերպել եւ ապացուցել, հնարավոր է նոր մեղադրանքները փոքրիշատե հիմք տան մեղադրական եզրակացություն կազմելու): Կա՛մ էլ եթե Գրիգորյանի կատարած հանցագործություների մասին աղաղակողները ստում են` առանց հավատարժան տեղեկությունների եւ փաստերի տիրապետելու, այդ դեպքում իրենց դեմ պետք է սուտ մատնության հոդվածով քրեական գործեր հարուցվեն:
Չկա այլ ճանապարհ: Մենք Պակիստան չենք, որ հանցագործ տարրերն ու սադրիչները դատարկախոսությամբ կամ սուտ մատնություններով ամբոխ գեներացնեն ու դեռ դատարանից կամ դատավորից էլ պատասխան պահանջեն: Իմիջիայլոց դատավորը, որի դեմ գազազել է Գրիգորյանի կալանավորումը պահանջող ամբոխը, արժանի է միմիայն հարգանքի եւ դրվատման` իր ինքնուրույնության, իրավունքի ընկալման եւ ամբոխահաճության մակարդակի չիջնելու համար: Գովելի է, որ Հայաստանում կան ինքնուրույնություն ունեցող եւ արդարադատության բարձրության վրա մնացող դատավորներ: Ինչ վերաբերում է դատավորի դեմ մոլեգնած ամբոխին, ապա ո՞ր իրավունքով, ովքե՞ր են, ինչի՞ են լիազորված: Հայաստանը նախնադարի մնացուկ չէ, որտեղ արդարադատությունն ու դատավորը պիտի իջնեն փողոցային ամբոխի առաջ հաշվետու լինելու մակարդակի: Արդարադատությունը Հին Հռոմից մինչ այսօր իրականացվում է հանուն մարդկային արժեքների, ոչ թե դրանց անհաղորդ ամբոխի քմահաճույքների:
Ավարտելով․ թեեւ Վալերի Օսիպյանը որեւէ արժանիք չունի ՀՀ ոստիկանապետ լինելու, սակայն քանի որ Հայաստանը ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի առջեւ պարտականություններ ստանձնած երկիր է, նա պետք է բարեհաճի մտածել եւ գործել որպես պետության պատվար հանդիսացող իրավապահ համակարգի ղեկավար: Թող կարգադրի, որ ոստիկանությունը Մանվել Գրիգորյանին հրապարակավ մեղսագրվող քրեական ծանրագույն հանցագործությունների մասին հայտարարություններին տա ընթացք կամ թող հեռանա` հանուն Հայաստանը նախնադար չտանելու կամ Պակիստանի չվերածելու:
Կարծիքներ