Չեխիայում քննարկվում է Ֆրանկլին Գոնսալես-Նարեկին քաղաքական ապաստան տալու հարցը 

Չեխիայում քննարկվում է Ֆրանկլին Գոնսալես-Նարեկին քաղաքական ապաստան տալու հարցը 

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Չեխիայի դատարանը կասեցրել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` Ֆրանկլին Գոնսալես-Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործի քննությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմումի համաձայն եւ նրան տեղափոխել են փախստականների ճամբար: Միաժամանակ: 

Մենք լրացուցիչ մանրամասներ ենք իմացել այս գործի հետ կապված։ Մենք տեղեկացանք, որ Ֆրանկլին-Նարեկը Երևանում փաստաբան չունի, բայց Պրահայում փաստաբանների խումբ է աշխատում նրա համար, որոնք կապի մեջ են Նարեկի հոր՝ Սաշիկ Սարգսյանի մտերիմների ու փաստաբանների հետ։ Չեխ փաստաբանների խնդրանքով այստեղից Չեխիա են ուղարկվել մեծ թվով նյութեր եւ մասնավորապես՝ նրա հոր դատական գործով նյութեր, հոդվածներ, տեսաձայնագրություններ, որոնք ներկայացվել են չեխ իրավապահներին։ Դրանց ուսումնասիրությունից հետո Չեխիայի իրավական համակարգում եզրակացրել են, որ Սարգսյանների հանդեպ քաղաքական հետապնդման տարրեր են կիրառվում, ուստի պետք է մերժել ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը եւ չարտահանձնել Նարեկ Սարգսյանին։ Ավելին, մեր տեղեկություններով մոտ օրերս Նարեկ Սարգսյանին քաղաքական ապաստան կտրամադրեն։

Ուշագրավ է, որ հենց այս օրերին՝ ապրիլի 9-ից պաշտոնական այցով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությունը։ ՊՆ պաշտոնական հաղորդագորւթյան մեջ ասված է․ «Քննարկվել են Հայաստանի և Չեխիայի պաշտպանական համագործակցության ընթացքը, հեռանկարները, ինչպես նաև․․․միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր։ Կողմերը համաձայնել են, որ մի շարք հարցերում երկու երկրներն ունեն միանման մոտեցումներ՝ անկախ նրանից, թե ինչ անվտանգային համակարգեր են ընտրել»:

Հիշեցնենք, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: