Երկիրը քանակությամբ չի ղեկավարվում, առավել եւս ուռճացված ապարատով

Երկիրը քանակությամբ չի ղեկավարվում, առավել եւս ուռճացված ապարատով

Երգահան Արտավազդ Բայաթյանի կարծիքով Հայաստանում նախարարությունների թիվը ռեկորդային էր եւ ինքը միայն կողմ է դրանց միավորմանը․ «Այդքան նախարարություն այսքան մարդու համար նույնիսկ ծիծաղելի էր։ Մենք անպայման ուզում ենք դրանց քաշ տալ, բայց իմաստ չունի։ Այդ նախարարությունների փոխարեն եթե լինեն անգամ փոքրիկ կոմիտեներ, դրանք ի վիճակի կլինեն ղեկավարել այս երկիրը։ Նախկինում, հիշում եմ սփյուռքահայության կոմիտե կար նախարարությանը կից ու շատ ավելի արդյունավետ էր գործում։ Անիմաստ բան է լոճված այդ նախարարությունները հարյուրավոր հաստիքներով, դրանք ոչ մի օգուտ չեն տալիս բացի նրանից, որ բյուջեից ամբողջ գումարը խժռում են եւ տանում են։ Իհարկե, եթե արդյունավետ աշխատեն՝ փոքր կազմով, շատ ավելի ճիշտ կլինի, որովհետեւ Հայաստանը ոչ Ամերիկա է, ոչ էլ Ռուսաստան, ընդամենը միլիոն կամ մի քանի հարյուր հազար մարդ է՝ եթե աշխատող զանգվածը հաշվենք։ Այդքան նախարարություն ունենալը ինձ թվում է մեր հարկատուների վզին բեռ է եւ իմաստ չունի պետական փողերը այդպես անիմաստ վատնել եւ միլիոններ կամ նույնիսկ միլիարդներ ուղղել այդ ապարատները պահելու համար»։

Մտավախություն չկա՞, որ առանց այն էլ բարձիթողի ոլորտները էլ ավելի անպատասխանատու վիճակում կհայտնվեն․ «Կարծում եմ այդ փոփոխությունները անելու դեպքում ղեկավարման սկզբունքները չի խախտվի, երկիրը քանակությամբ չի ղեկավարվում, առավել եւս ուռճացված ապարատով, ձեւեր կա, թե ինչպես է ղեկավարվում, դրանք պետք է հաշվի առնել, որ խելքին մոտ լինի։ Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած ուռճացված պետական ապարատ արդեն պետությանը հակառակ է գործում, փոխանակ օգուտ տա։ Օրենքները պետք է կարգավորեն այդ ամենը։ Եւ շատ կարեւոր է չանել այնպես, որ նախորդից ավելի վատ լինի»։