Հնարավորր է Մանվել Գրիգորյանը հեռանա Հայաստանից. պաշտպանները միջնորդեցին կալանքը վերացնել

Հնարավորր է Մանվել Գրիգորյանը հեռանա Հայաստանից. պաշտպանները միջնորդեցին կալանքը վերացնել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական նիստը, որտեղ քննարկվում է Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման հիմնավորել լինել-չլինելու հարցը: 

Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը ներկայացրեց այն բոլոր հիվանդությունները, որոնք առկա են իր պաշտպանյալի մոտ: Նա նաեւ միջնորդեց խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով. «Տեղեկատվությունն ուղարկվել է Փարիզի բժիշկներից մեկին, որը բուժօգնություն է ցուցաբերել Գրիգորյանին: Դասական խոշտանգման օրինակ է: Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, ունի մշտական բնակության վայր, ընտանիք: Միջնորդում ենք կալանավորումը փոխարինել գրավով: Թույլատրելի դարձնել, որ Մանվել Գրիգորյանը մասնակցի, դիրքորոշում հայտնի մամուլի առաջ, ինչու չէ՝ նաեւ պատասխանի դատարանի հարցերին»:

Մեղադրողներն էլ առարկեցին խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդության դեմ. «Գտնում եմ, որ այն հիմնավոր չէ, ժամանակավրեպ է: Հիվանդության հարցը բարձրաձայնվել է, դրանք նույնաբովանդակ են, նախաքննական մարմինն իրականացրել է բոլոր գործողությունները՝ փարատելու կասկածները, որ Մանվել Գրիգորյանն իր հիվանդության պայմաններում կարող  է պահվել կալանքի տակ: Պետք է բուժումը ստանա Ֆրանսիայում, դա խոսում է այն բանի մասին, որ ժամանակի ընթացքում այդ հանգամանքն արծարծելով՝ բուժման նպատակով կարող է գալ նրան՝ հեռանա Հայաստանից, հետագայում խուսափի քրեական պատասխանատվությունից: Հերքվում են այն փաստերը, որոնք ներկայացվում են: Այն ուռուցքային հիվանդությունը, որի մասին բարձրաձայնում են, այն համարվում է ապաքինված: Գտնում եմ, որ խափանման միջոցն ընտրված չէ, եւ այն ենթական չէ փոփոխման»:

Հիշեցնենք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` «Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել է հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: