Մամուլի հետ այդ տոնով չխոսեք, դա խաղ է կրակի հետ․ Մերուժան Տեր- Գուլանյան

Մամուլի հետ այդ տոնով չխոսեք, դա խաղ է կրակի հետ․ Մերուժան Տեր- Գուլանյան

Երեկ քաղաքապետարանը Բյուզանդի 1/3 հասցեում տեղակայված մի շարք լրատվամիջոցների գրություն է ուղարկել՝ հորդորելով հնգօրյա ժամկետում լքել խմբագրություններին հատկացված տարածքները։ Նման գրություններ են ստացել «Հրապարակ» օրաթերթը, «Հայելի» մամուլի ակումբը, «Անդին» ամսագիրը, «Ա1+» հեռուստաընկերությունը։ Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր- Գուլանյանը նախ պատմոց, թե ինչ տարածք է լրատվամիջոցներին հատկացվել քաղաքապետարանի կողմից, ապա հորդորեց քաղաքապետարանին մամուլի հետ նման տոնով չխոսել․

«Այս շենքը դրսից՝ գեղեցիկ, ներսից քստմնելի է։ Այս շենքի ներսը ուղղակի տարաշխարհիկ է, ես չգիտեմ՝ ով է ճարտարապետը, և,  ինչպես Չարենցը կասեր, երազել այսքան դաժան։ Զարմանալի է, թե ինչի՞ համար է սարքված այս շենքը։ 6 տարի առաջ, երբ այստեղ տարածք տվեցին «Անդին» ամսագրին, պատը կրկնակի ստվարաթղթից էր, եթե ձեռքով հարվածեիր, ձեռքդ ներս կմտներ։ Առհասարակ մենք տարածք չենք ստացել, մենք ստացել ենք հողամաս։ Հողամասի լավը այն է, որ գոնե ծառ կտնկես, այստեղ դրա հնարավորությունն էլ չկար։ Ինչևէ, հսկայական փող ծախսեցինք, որպեսզի քրիստոնյա տեսքի բերենք, որ աշխատատեղ դառնա։

Սանհանգույց սարքեցինք, դուռ, լուսամուտ, ամեն ինչ փոխեցինք։ Նախկին քաղաքապետարանը, տեսնելով, թե որքան փող ենք ծախսել, որոշեցին անհատույց ժամանակավոր տրամադրել։ Անհատույց, որովհետև իրենք փող չէին ծախսել ու մեզ սենյակներ չէին տվել։ Ինձ թվում է, որ քաղաքապետարանը մեզ պարտք է, այս մեռյալ շենքը կենդանանում է մեզանով։ Այս շենք գալիս են մարդիկ, մտավորականություն, գիտնականներ, նկարիչներ, գրողներ, օտարերկրյա այցելուներ։

Բոլորը գալիս են այս խմբագրությունների համար, և այս մեռյալ շենքը կենդանանում է, կենդանանում է մեզանով։ Ես կարծում եմ, որ այն որոշումը, որ մեզ ուղարկել են, չափազանց անհարգալից վերաբերմունք է մամուլի հանդեպ։ Ես ամբողջ կյանքս մամուլում եմ աշխատել, այսպիսի վերաբերմունք մամուլի հանդեպ ես երբեք չեմ տեսել, ինչպես այս նամակում էր, այս տարաշխարհիկ նամակում, որը, ըստ էության, վերջնագիր է ներկայացնում։ Իմ բարի խորհուրդը պաչոն վարչության պետին, և իմ բարի խորհուրդը քաղաքապետարանին, բարեկամաբար խնդրում եմ, խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ, մամուլի հետ այդ տոնով չխոսեք, դա խաղ է կրակի հետ  ․․․»

Մանրամասն՝ տեսանյութում։