Արման Եղոյան, դուք որևէ իրավասություն չունեք լրատվամիջոցներին ինչ որ բան հիշեցնելու, հուշելու

Արման Եղոյան, դուք որևէ իրավասություն չունեք լրատվամիջոցներին ինչ որ բան հիշեցնելու, հուշելու

ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանն՝ իր նշանակման պահից ի վեր քանիցս սկանդալների մեջ է հայտնվել։ Նրա ոչ կոռեկտ հայտարարություններին անդրադարձել են անգամ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա հասցրել է «չսիրվել» լրագրողների կողմից։ Գոնե «Հրապարակի» լրագրողները նրանից գոհ լինելու որեւէ պատճառ չունեն՝ նա կամ չի պատասխանում լրագրողական հարցումներին կամ՝ իրեն դուր չեկած հրապարակումներից հետո «ռազբիրատներ» է սկսում՝ ինչու այսպես գրեցիք եւ այլն։ Մենք տեւական ժամանակ ըմբռնումով էինք մոտենում խոսնակի պահվածքին՝ դա վերագրելով անփորձությանը, անտեղյակությանը, հուսալով, որ ժամանակի ընթացքում նա կհասկանա, կսովորի, կգիտակցի, թե որն է վարչապետի խոսնակի պատասխանատվությունն ու առաքելությունը։ Սակայն այսօր ֆեյսբուքում կատարած մի գրառումից հասկացանք, որ անիմաստ է նման հույսեր փայփայելը։

Օրեր առաջ վարչապետի խոսնակը՝ ստանձնելով ՊԵԿ տեսուչի կամ Վերահսկողականի աշխատակցի առաքելություն, զանգահարել է ArmDay.am կայքի խմբագրին եւ հետաքրքրվել կայքի ֆինանսական հաշվետվությամբ, թե՝ արդյոք հրապարակվե՞լ է կայքի հաշվետվությունը, ինչ միջոցներից են գոյանում նրա ֆինանսները եւ այլն։ Դրան հաջորդեց կայքի խմբագրի արձագանքը, որ «հարցադրում անելու իրավունք Եղոյանը չունի»։ 

Ապա «Մեդիա պաշտպան» նախագծի ղեկավար Աղասի Ենոքյանը հայտարարություն տարածեց․
«2018թ. դեկտեմբերի   18-ին ArmDay.am-ի լրատվական կայքի թղթակցին կառավարությունում հավատարմագրելու համար խմբագրությունից պահանջել են հիմնադիր իրավաբանական անձի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, ինչը չի նախատեսվում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ավելին՝ հակասում է այդ օրենքին։  Կառավարության լրատվական բաժնի աշխատակցի փոխարեն լրատվամիջոցի հետ այնհուտեւ քննարկումը շարունակել է վարչապետի պաշտոնակատարի մամլո քարտուղար Արման Եղոյանը, ով շարունակել է պնդել այդ պահանջը։ Այնուհետեւ նա ներկայացել է իբրեւ շարքային քաղաքացի եւ փորձել է տեղեկություններ ձեռք բերել լրատվամիջոցի ֆինանսավորման մանրամասների վերաբերյալ։ ArmDay.am-ը օրենքի պահանջներից չբխող այս հարցապնդումները պայմանավորում է ՀՀ կառավարության աշխատանքների վերաբերյալ իրենց քննադատական հրապարակումներով եւ այն գնահատում է որպես լրատվամիջոցի նկատմամբ ճնշման փորձ։ 


Կոչ ենք անում ՀՀ Կառավորոթյան աշխատակիցներին եւ բոլոր պատկան մարմիններին ձեռնպահ մնալ մամուլի աշխատանքներին անհարկի միջամտելու փորձերից։ 2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխության կարեւորագույն արդյունքը քաղաքացու իրավունքների եւ ազատությունների լիակատար իրականացումն է։ Հեղափոխությունը կատարվել է ՀՀ քաղաքացիների շնորհիվ եւ նրանց համար, իսկ իշխանությունների խնդիրն է նպաստել քաղաքացիների բոլոր, այդ թվում նաեւ՝ խոսքի ազատության իրավունքի իրականացմանը»։

Իսկ այսօր արդեն Եղոյանը անդրադարձել է միջադեպին, իր ֆեյսբուքի էջում գրելով․ 

«Որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ զարմացել են, թե ինչու եմ ես հանկարծ հիշել զանգվածային լրատվության մասին օրենքի «Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը» վերտառությամբ 12-րդ հոդվածը, համաձայն որի՝
Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ` նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ օրենքը իմպերատիվ կերպով սահմանում է, որ լրատվական գործունեություն իրականացնողը պետք է ՀՐԱՊԱՐԱԿԻ այդ հաշվետվությունը, ոչ թե ներկայացնի այս կամ այն պետական մարմնին, այլ՝ հրապարակի՛, հետևաբար պետք է հասանելի դարձնի յուրաքանչյուր քաղաքացու:
Պատահական չէ, որ այս նորմը տեղ է գտել օրենսդրության մեջ. զանգվածային լրատվության միջոցները պետք է նույն կերպ հաշվետու լինեն հասարակության առաջ ինչպես և՝ հանրային ծառայողներն ու պետական պաշտոնյաները: Զարմանալի չէ, որ բոլոր այն լրատվամիջոցները որոնք հրապարակել էին իրենց տարեկան հաշվետվությունը սիրահոժար տրամադրեցին այն, իսկ որոնք ինչ-ինչ պատճառներով մոռացել կամ նույնիսկ չէին իմացել այս նորմի գոյության մասին, շնորհակալություն հայտնեցին հուշման և հիշեցման համար:
Կարող եմ ենթադրել, որ այն լրատվամիջոցները, որոնք դժգոհում են իմ այս հիշեցումից, իրենց ընթերցողից թաքցնելու բան ունեն, ինչը շատ մտահոգիչ է: Այնպես որ, ևս մեկ անգամ, արդեն հրապարակային, հիշեցնում եմ զանգվածային լրատվության մասին օրենքի 12-րդ հոդվածի գոյության մասին»:

ՀԳ․ Ցավոք սրտի չկա մեկը, որ ասի․հարգելի Արման Եղոյան, դուք որեւէ իրավասություն չունեք լրատվամիջոցներին ինչ որ բան հիշեցնելու, հուշելու, թելադրելու։ Ձեր առաքելությունը բացառապես ՀՀ վարչապետի խոսքը տեղ հասցնելն է, նրա գործունեության հետ կապված հարցերին պատասխանելը, ԶԼՄ-ների աշխատանքին աջակցելը։ Դուք ոչ դատարան եք, ոչ, ոստիկանություն, ոչ հարկայինի աշխատող, ոչ հարկադիր կատարող, ոչ քննիչ ու դատախազ։ Դուք պետական պաշտոնյա եք, որը իրավասու է կատարել միայն օրենքով իրեն վերապահված գործառույթներ։ Իսկ ԶԼՄ-ների գործունեությանը իրավական գնահատականներ տալը, կարգի հրավիրելը, նրանց աշխատանքում թերություններ գտնելը բոլորովին այլ մարմինների իրավասությունների շրջանակներում են։ Մնացեք Ձեր իրավասությունների շրջանակում եւ աշխատեք ազատ խոսքի խոչընդոտ չդառնալ։

ՀԳ 2․Որպեսզի չթվա, թե այս նյութը պայմանավորված է նրանով, թե «Հրապարակը» թաքցնում է իր ֆինանսական միջոցները, հատուկ Եղոյանի համար ընդգծում ենք՝ մեր ֆինանսական հաշվետվությունը տպագրվում է օրենքի տառին համապատասխան, ամեն տարվա գարնանը եւ հասանելի է մեր ընթերցողներին, բայց եթե Եղոյանը զանգահարեր խմբագրություն, մենք նույնպես չէինք ներկայացնի նրան այդ տվյալները, քանզի դա խոսնակի իրավասությունների մեջ չի մտնում եւ որեւէ առնչություն չունի հավատարմագրման պրոցեսին։