Քաղաքական կոռուպցիա՞ է, թե՞ ոչ

Քաղաքական կոռուպցիա՞ է, թե՞ ոչ

Եվ այսպես, պարգեւավճարների թեման երիտկառավարությունը փորձում է փակել՝ հասարակությանը հանգստացնելով, թե օրենքը կփոխվի, եւ նման բան այլեւս չի կրկնվի: Կառավարությունն աշխատում է չանդրադառնալ դրանց, տարբեր թեմաներով շեղել, որ հասարակությունը շուտ մոռանա, անցնի գնա: Այն, որ Փաշինյանը դավոսյան իր «լայվով» սկսեց արդարացնել պարգեւատրվածներին, դա արդեն ենթադրության տեղիք է տալիս, որ ինքը տեղյակ է եղել դրանց մասին, գուցե անձամբ է հրահանգել թիմակիցներին՝ օգտվել այդ բարիքից: Իսկ թե ինչու է վարչապետը հարկատուների հաշվին այդպես շռայլ գտնվել իր «պրոֆեսիոնալ» թիմակիցների հանդեպ, պատասխանը տվեց օրերս լրատվամիջոցներից մեկում հրապարակված լուրը, թե դրանց մեծ մասը գնացել է ՔՊ կուսակցության «օբշչակ», պարգեւավճարներից բավականին «կլորիկ» գումարներ են հավաքվել, եւ կուսակցության ղեկավարությունը որոշել է գրասենյակ գնել կամ վարձակալել։ Սկզբում նշվում էր Հյուսիսային պողոտայի մերձակա հատվածը, ապա պարզվեց՝ Չարենցի փողոցում է․ Յուքոմի շենքում են վարձակալում՝ 1 միլիոնից ավելի վարձ վճարելով: Տեղեկությունների համաձայն՝ այդ գործը վստահված է ՏԿԶ նախարարի հորեղբորորդի Արազ Պապիկյանին, որը նաեւ կառավարության գործերի կառավարչի տեղակալն է, եւ նրա ընկեր Արմեն Ղալեչյանին, ով ընտրության օրերին Սուրեն Պապիկյանի տեղակալն էր՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբում: 

Փաստորեն, ապօրինությունների դեմ անողոք պայքարի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ական պաշտոնյաների՝ օրենքի խախտմամբ տրված պարգեւատրումները ոչ միայն ներվեցին, այլեւ քաջալերվեցին: Ներվեցին, քանի որ դրանցով Փաշինյանն իր ղեկավարած կուսակցության ֆինանսական խնդիրներն է լուծում: Մինչդեռ հասարակությունը սպասում էր, որ այդ գումարները ետ կվերադարձվեն այնտեղ, որտեղից դուրս են եկել: 

Եթե ՀՀԿ-ն հարուստ գործարարներին ու օլիգարխներին էր ընդգրկում իր կազմում, որպեսզի նրանց հաշվին հոգա կուսակցության ֆինանսական խնդիրները, ապա թավշյա իշխանությունն իր կուսակցությունը ծաղկեցնում է բյուջեի՝ հարկատուների հաշվին: Հետաքրքիր է, որ այդ թեմայով ՔՊ-ականների կողմից ԱԺ պարզաբանման հրավիրվեցին միայն երկու ոչ ՔՊ-ական պաշտոնյաներ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Հավանաբար, միայն այս երկու պաշտոնյաների ղեկավարած գերատեսչությունների պարգեւավճարներից չեն մուծվել ՔՊ-ի բյուջե: Կանչեցին, հարցուպատասխան արին, իրար հետ պայմանավորվեցին, հասկացան, անցավ գնաց: 

Օրերս աշխատանքից ազատվեց Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբոյանը: Հիշեցնենք, որ 150 տոկոսով պարգեւավճար էին ստացել նաեւ նրա ղեկավարած կառույցի 100-ից ավելի աշխատողներ: Իսկ Գաբոյանի պարգեւավճարի մասին Ջրային կոմիտեից «Հրապարակին» ասել էին, թե իր պարգեւավճարը փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին: Հիշեցնենք, որ այս հիմնադրամը ստեղծել եւ ղեկավարում է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը: Փաստորեն, առաջին պաշտոնյան, ով հրապարակավ խոստովանեց, որ իր պարգեւավճարը փոխանցել է առաջին տիկնոջը պատկանող հիմնադրամին, եղավ Գաբոյանը, ում պաշտոնանկությունը չուշացավ: Գաբոյանը կամավո՞ր հիմունքներով է կատարել այս փոխանցումը, թե՞ հարկադրաբար, դժվար է ասել: Սակայն, ըստ օդում կախված լուրերի, հիմնադրամից զանգում են միջին եւ խոշոր գործարարներին, առեւտրային կազմակերպություններին եւ ասում, որ նրանք կոնկրետ որոշակի կլորիկ գումար վճարեն «Իմ քայլը» հիմնադրամին: Հիմնադրամն արդեն բավականին երկար ժամանակ գործում է, սակայն նրա կայքից դեռեւս հնարավոր չէ տեղեկանալ հիմնադրամի ֆինանսական մուտքերի եւ ելքերի մասին, եւ մնում է ենթադրություններ անել, հավատալ կամ չհավատալ օդում կախված լուրերին: 

Փաստորեն, պետական կառավարման մարմինների մի մասը մուծվում է Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ին, մյուս մասը եւ գործարար շերտը՝ նրա կնոջ ղեկավարած «Իմ քայլին»: Սրա քաղաքական գնահատականը, հավանաբար, կտա ժամանակը…