Թեմա են ստեղծում

Թեմա են ստեղծում

Արցախի Ոստիկանությունը պարզաբանել է, որ ՊԲ նախկին հրամանատարը սեփական հայեցողությամբ 2006թ.-ին դուրս է եկել Ստեփանակերտ քաղաքում հաշվառումից եւ մի քանի օր հետո հաշվառվել Երեւանում: Սոցիալական ցանցերում մի խումբ նախկին եւ ներկա արցախցիներ քննարկում են՝ դա նշանակում է, որ նա կորցրե՞լ է քաղաքացիությունը, բնակավայրի փոփոխությունը ենթադրում է քաղաքացիության կորու՞ստ, թե՞ մարդը կարող է մշտապես ապրել, ասենք, Չուկոտկայում, բայց շարունակել մնալ ծագման երկրի քաղաքացի:

Հարցը սրվում է, երբ դիտարկվում է գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ՊԲ նախկին հրամանատարի մտադրության տեսանկյունից: Սահմանադրությամբ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել Արցախի քաղաքացին, ով վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Արցախում: ՊԲ նախկին հրամանատարը հայտարարել է, որ կստեղծվի նախաձեռնող խումբ, կանցկացվի ստորագրահավաք, որպեսզի անցկացվի հանրաքվե եւ փոխվի սահամանադրության այդ նորմը:

Կստեղծվի՞ այդ խումբը, կհաջողվի՞ բավարար քանակի ստորագրություններ հավաքել, ինչպիսի՞ն կլինի Ազգային ժողովի մոտեցումը: Կարեւոր է, մանավանդ, այս պահը, որովհետեւ հանրաքվե նշանակելու մասին որոշումը պետք է ընդունի Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի կողմ ձայներով: Այսինքն, ՊԲ նախկին հրամանատարին աջակցող խումբը պետք է կարողանա ԱԺ 22 պատգամավորի համոզել, որ հարկ է սահմանադրությունից հանել նախագահի թեկնածուի քաղաքացիության եւ մշտական բնակության ցենզը: Սա է իրավական գործընթացի տրամաբանությունը եւ պետք է զինվել համբերությամբ եւ սպասել իրադարձությունների հետագա ընթացքին: Մինչդեռ որոշ շրջանակներ թեմա են ստեղծում, որ ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ իրականացվում է «խտրական քաղաքականություն»,:

Ինչո՞վ է այն արտահայտվում՝ փաստեր չեն վկայակոչվում: Դրանք պետք չեն, բավական է ֆեյսբուքում ունենալ հատուկ «անկյուն» եւ օրը տասը անգամ գրառում անել, որ Արցախի իշխանությունները «խոչընդոտում են Սամվել Բաբայանին»: Ու՞մ է պետք այս վաղաժամ աժիոտաժը: Օրը կգա՝ պարզ կլինի, թե հասարակության ո՞ր մասին է կիսում ՊԲ նախկին հրամանատարին Արցախի նախագահի պաշտոնում տեսնելու հեռանկարը, ո՞ր քաղաքական ուժը կսատարի նրան եւ այլն:

Ընտրությունը տեսակետների, գաղափարների, մոտեցումների եւ պատկերացումների մրցակցություն է: Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն օրերս բաց նամակով ներկայացրել է տնտեսական զարգացման իր տեսլականը: Ո՞րն է ՊԲ նախկին հրամանատարի պատկերացումն այս եւ այլ հարցերում: Ահա խնդիրը: Մնացածը իրավական հարթության հարց է եւ կլուծվի սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով: Թեմա ստեղծելու անհրաժեշտություն չկա: Ոչ էլ, մանավանդ, վերագրումների, որ ՊԲ նախկին հրամանատարի գրասենյակը թույլ է տալիս բոլորի հասցեին, ովքեր իրենցից տարբերվող տեսակետ ունեն: Այդ տոտալ անհանդուրժողականությունն արդեն իսկ վանող է եւ ոչ այնքան հեռավոր անցյալի մռայլ շունչն է հիշեցնում: