«Տարվա ամենաժողովրդավար» տիտղոսին է արժանանում

«Տարվա ամենաժողովրդավար» տիտղոսին է արժանանում

Մինչ դուք հյուրերին սուրճ եք առաջարկում, այն հույսով, որ հետո նրանք վերջապես տուն կգնան, «Հրապարակի» կազմը աշխատում է և փորձում է տոնական տրամադրություն ստեղծել: Ինչ Նոր տարի, եթե չկա տարվա ամփոփում, քանի որ 21 թվականին դրական ձեռքբերումները այնքան քիչ ու աննշան են եղել, որ դրանք թվարկելը անգամ ամոթ կլինի, որոշեցինք տարվա հակահերոսներին հիշատակել:

Եվ այսպես, «տարվա ամենաժողովրդավար» տիտղոսին է արժանանում ժողվարչապետ, ժողովրդավարության բաստիոնի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Իր Ամանորյա ուղերձի ժամանակ «ժողովուրդ» և «ժողովրդավարություն» բառերը 13 անգամ կրկնած վարչապետը 2021-ին աչքի է ընկել աննախադեպ ժողովրդավարությամբ: 

Միայն այս տարվա ընթացքում ձերբակալվել և կալանավորվել են

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում 38.7 տոկոս ձայն ստացած Մամիկոն Ասլանյանը

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը
 
Գորիս համայնքի ընտրված ղեկավար Առուշ Առուշանյանը

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ղեկավար Արամ Հարությունյանը

Ազգային ժողովի ընդիմադիր պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Մխիթար Հայրապետյանը, Արմեն Չարչյան:

Ցանկը կարելի է շարունակել, բազմաթիվ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող մարդիկ այս տարվա ընթացքում հասցրել են լինել կամ ձերբակալված, կամ արդեն կալանավորված::

Սակայն ժողովրդավարության փարոսը միայն այսքանով չի սահմանափակվել, այս տարի փակվել են վարչապետի ֆեյսբուքյան էջում գրառումներ անելու հնարավորությունը և ֆեյսբուքյան էջում արգելափակվել են գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչները: Թերևս արժե հիշատակել նաև խոսքի ազատության դեմ արվող քայլերը` օրինակ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժի սահմանափակումը, կամ մամուլի դեմ ուղղված օրինագծերի նախաձեռնում: 

Այսքանով «Հրապարակը» ավարտում է տարվա հակահերոսների պարգևատրումը, մեր անձնակազմը հույս ունի, որ 2022-ը կլինի իսկապես ձեռքբերումների տարի, իսկ տարեվերջյան ամփոփումը զերծ կլինի չակերտներից և սարկազմից: