Պավանա Րեդի. Թուխ աղջկան

Պավանա Րեդի. Թուխ աղջկան

«Maza Dohta»․ Հարուկի Մուրակամիի IQ84-ից վերցված հենց այս անվամբ կգտնեք Լոս Անջելեսում բնակվող հնդիկ բանաստեղծ Պավանային (ծնված Ֆիջիում): Չնայած իր գործերը Tumblr-ում հրապարակելուն՝ թուխ աղջիկը որոշեց փորձել նաև ինստագրամյան հարթակը, եւ նրան անմիջապես գտավ իր մանկության հերոսը՝ Անուշկա Շանկարը՝ հարցնելով, թե արդյոք Պավանան կցանկանա գրել իր նոր ալբոմի համար․ «Ոսկու երկիրը»։ Նրան անմիջապես ճանաչում բերեց իր առաջին գիրքը՝ «Ռանգոլին»․ «Այս գիրքը դեպի Կանադա մեր ճանապարհորդության, քրոջս մահվան, այդ կորուստը հաղթահարելու մասին է։ Քույրս 13 էր, նա ինքնասպան եղավ երկու շաբաթ առաջ՝ նախքան ես կդառնայի 11։ Ինձնից շուրջ 10 տարի պահանջվեց, որպեսզի կարողանամ արտաբերել ինքնասպանություն բառը։ Այս գիրքը ես իսկապես գրել եմ ինքս ինձ համար»։ (Աղբյուրը՝ https://www.rattle.com/a-conversation-with-pavana-reddy )

***
ամենաերկարը
տարածությունն է երկու մարդկանց միջեւ
ովքեր երբեւէ սիրել են միմյանց

***
եթե պոեզիան
թարգմանում է սիրտը բառերի
ահա մի բանաստեղծություն.
ես արյունահոսում եմ
ես արյունահոսում եմ
ես արյունահոսում եմ

դեռ ողջ եմ

***
վառիր մի քանի մոմ
եւ այրիր որոշ կամուրջներ
ոչ բոլորն են արժանի
քո ուղեւորության մասը լինելու

***
քո հոգին հմայում է մարդկանց այնպես
ինչպես ծաղիկները արեւին
շրջապատիր քեզ միայն նրանցով
ովքեր ցանկանում են տեսնել քո աճը

***
այնքան շատ բառեր գտա
քո հեռանալուց հետո
միասին թե մնայինք
գուցե վերածվեինք լռության

***
թուխ աղջիկ
դու բանաստեղծություն ես երկրում`
ստեղծված բացառապես առասպելներից

***
թուխ աղջիկ
դու սիրուն ես
ամեն ստվերում

***
ինձ ասացին
սիրահարվիր աչքերդ փակ, բայց
                                                            իմ սիրտը
դեռեւս սովորում է 
արվեստը բաց լինելու, նա
                                                            ծաղկում է
խավարում գաղտագողի
փնտրելով ճանապարհներ 
միայնակ, առանց
                                                           քեզ
երջանիկ լինելու
                                                          համար

***
երբեմն 
ամիսներ եմ անցկացնում
առանց քեզ հիշելու

որոշ փոթորիկներ այդպիսին են

***
միգուցե մենք կհանդիպենք նորից
որպես հերոսներ մեկ այլ պատմության 

գուցե կկիսենք մի ամբողջ կյանք այդժամ

***
այս կյանքում դու կզգաս սիրո 3 տեսակ

սեր, որ քեզ կտա բառեր
սեր, որ կխլի դրանք քեզնից
եւ սեր, որ կսովորեցնի քեզ բոլորովին նոր լեզու

հույս ունեմ, կաճես այնքան` սովորելու տարբերությունը

***
բանաստեղծությունը սկսվում է այնքան հագեցած
եւ մշտապես ավարտվում քեզնով

***
մի քիչ էլ մնա ինձ հետ, խնդրում եմ
դու բանաստեղծություն ես
որ ուզել եմ գրել իմ ողջ կյանքում

***
երբ դիպչում ես ինձ
լուսինն է բարձրանում

միշտ եղել ես իմ արեւամուտը

***
երբ ներս ես թողնում նրան
հույս ունեմ
նա բացում է ամեն փակ դուռ
որ ձախողեցի գտնել ես

***
բանաստեղծությունը սկսվում է այնքան հագեցած
եւ մշտապես ավարտվում միայն քեզնով

 

Թարգմանությունն անգլերենից՝  Նոռա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ