ՀՀ ՄԻՊ-ը՝ եվրոպացիների ստեղծած զուգահեռ իրականությունում

ՀՀ ՄԻՊ-ը՝ եվրոպացիների ստեղծած զուգահեռ իրականությունում

Հնարավոր է, որ Հայաստանում ինչ-որ մարդիկ կամ մարդկանց մի խումբ ապրում է այլ իրականությունում, իսկ մյուսները՝ բոլորովին այլ: Գուցե զուգահեռ իրականությունների գոյության գիտաֆանտաստիկ թեզն այնքան էլ ֆանտաստիկայի ոլորտից չէ, եւ  մենք դրա անմիջական ականատեսն ենք: Նման մտքեր են առաջանում՝ կարդալով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունը, որը պատմում է մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստինե Գրիգորյանի եւ Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակության հանդիպման մասին։

Այս հաղորդագրությունը, որն ավետում է մեզ, որ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը սկսել է աշխատել, տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում Հայաստանի ՄԻՊ-ը պատվիրակության անդամների հետ քննարկել է ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրեր, որոնք առնչվում են «ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը, քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերի ընդունմանը եւ իրավակիրառ պրակտիկայում դրանց մոնիտորինգին, բիոէթիկային, բուժաշխատողների էթիկայի կանոններին», եւ մի շարք այլ հարցեր: Կարդում ես, ու քեզ թվում է, թե հանդիպմանը մասնակցել է ոչ թե Հայաստանի, այլ ինչ-որ անհայտ եվրոպական երկրի մարդու իրավունքների պաշտպան:

Տպավորություն է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընդհանրապես պատկերացում չունի, թե ինքը որ երկրում է ապրում, մարդու իրավունքների հետ առնչվող ինչ խնդիրներ կան իր բնակության երկրում, ինչ խնդիրների են բախվում այդ երկրի քաղաքացիներն իրենց երկրում եւ երկրից դուրս:

Հայաստանում բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ կան, որոնք իշխանությունների կողմից հետապնդվում են, մեկը՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, մյուսը՝ ավագանու անդամ կամ քաղաքապետ ընտրվելու համար, կան քաղբանտարկյալներ, որոնք կտտանքների են ենթարկվում ազատ խոսքի համար, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում եւ իշխանությունների անհետեւողականության ու սեփական քաղաքացիների ճակատագրի նկատմամբ անտարբերության պատճառով, հայտնվել են ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների առաջնագծում, եւ վտանգված է նրանց կյանքի իրավունքը։ Հայաստանի տասնյակ քաղաքացիներ արդեն տարիուկես գտնվում են ադրբեջանական կալանավայրերում եւ ենթարկվում են անմարդկային խոշտանգումների։ Հայաստանի տասնյակ հազարավոր աղքատ ընտանիքների երեխաներ զրկված են նորմալ սնվելու, որակյալ կրթության եւ առողջապահության իրավունքից։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ամեն օր ապրում են թշնամական սպառնալիքների տակ եւ չունեն տարրական պաշտպանվածության զգացում: Այս շարքը կարելի է երկար շարունակել: Բայց Հայաստանի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակության հետ քննարկում է ընտանիքում բռնության կանխարգելման կամ բիոէթիկայի հարցերը:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Քրիստինե Գրիգորյանն ապրում բոլորովին այլ իրականությունում, մի իրականությունում, որը որեւէ առնչություն չունի Հայաստանի իրական կյանքի հետ: Սրա պատասխանը գուցե շատ պարզունակ է, բայց այլ բացատրություն չկա: Եվրոպական եւ արեւմտյան կառույցներն իրենց ֆինանսական միջոցների օգտագործմամբ փորձում են Հայաստանում ստեղծել մի ուրիշ, այլընտրանքային իրականություն եւ, ինչպես սեկտայի քարոզիչները, փորձում են այդ իրականության մեջ ներքաշել որքան հնարավոր է շատ կառույցներ ու մարդկանց: Այդ իրականության մեջ ապրելը ֆինանսապես շահավետ է, ու նաեւ կա կոմֆորտի զգացողություն: 
Այդ իրականությունում չկան ադրբեջանական զնդաններում տանջվող հայ գերիներ, իրենց քաղաքական հայացքների համար պայքարող ու հետապնդվող կալանավորներ, աղքատ ու սոված երեխաներ, որոնց իրավունքները դու պետք է պաշտպանես ու հակադրվես իշխանություններին: Հակառակը՝ եվրոպական գրանտներով կարելի է զբաղվել հայ ընտանիքներում բռնության կանխարգելմամբ կամ, ասենք, բիոէթիկայով: Դրա համար պետք չէ գնալ սահմանամերձ գյուղեր, ինչպես, օրինակ, դա անում էր նախորդ ՄԻՊ Արման Թաթոյանը, դրա համար պետք չէ գնալ կալանավայրեր, կարելի է ընդամենը հանդիպել եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ, մասնակցել այդ թեմաներով սեմինարների եւ վայելել իշխանությունների ու եվրակառույցների բարի վերաբերմունքն ու աջակցությունը:

Մի խորհուրդ էլ՝ մեր կողմից. ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն առաջիկայում կարող է սեմինար կազմակերպել՝ «Հիջաբի կրումը՝ որպես կնոջ ինքնարտահայտման ազատության դրսեւորում» թեմայով: Համոզված ենք, որ դա եւս կարժանանա եվրոպական կառույցների եւ Հայաստանի իշխանությունների քաջալերանքին:

Ավետիս Բաբաջանյան