Մոտ 400 մլն դրամ կհատկացվի «Ֆակտորի փրոդաքշն»-ին՝ Բռնցքամարտի առաջնությունը կազմակերպելու համար

Մոտ 400 մլն դրամ կհատկացվի «Ֆակտորի փրոդաքշն»-ին՝ Բռնցքամարտի առաջնությունը կազմակերպելու համար

Մայիսի 21-31-ը Հայաստանում՝ Երեւանի Մարզահամերգային համալիրում, կայանալու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեզ տեղեկացրեց, որ ԿԳՄՍՆ բյուջեից` վերաբաշխմամբ, 78 մլն դրամ տվել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային, որպեսզի ձեռք բերեն տարբեր տեսակի մարզական գույք՝ պրոֆեսիոնալ ռինգեր, բռնցքամարտի ձեռնոցներ։

Բայց սա՝ միայն մարզական գույքի մասով։ Եվս մի քանի հարյուր միլիոն դրամ էլ բյուջեից հատկացվելու է միջոցառման կազմակերպման համար։ Դրա համար հայտարարվել է մցրույթ, որին մասնակցել է հինգ ընկերություն։ Լուրեր էին շրջանառվում, որ կրկին հաղթող է ճանաչվել «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը, որն անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին Անկախության 30-ամյակի տոնական մեծ միջոցառումն էր կազմակերպել։ Մենք խոսեցինք ընկերության ղեկավար Աշոտ Առաքելյանի հետ, ով ասաց, որ իրենք մասնակցել են մրցույթին, գրավիչ առաջարկ արել, բայց, իր նախնական տեղեկությամբ, իրենք չեն կազմակերպելու միջոցառումը, այսինքն՝ ուրիշ ընկերություն է հաղթել։ Թե որ ընկերությունը՝ Առաքելյանը չասաց։ «Մենք մասնակցել ենք տենդերին, շատ լավ առաջարկ ենք արել, մեր տարբերակը հավանության է արժանացել բոլորի կողմից, բայց, չգիտեմ, երեւի ֆինանսական կամ ուրիշ պատճառով մենք չենք էս պահի դրությամբ հաղթել»,- ասաց «Դոմինոյի» ղեկավարը։ Թե որքան է եղել իրենց գնային առաջարկը՝ այդ ծառայությունը մատուցելու համար, մեր զրուցակիցը չասաց՝ պատճառաբանելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է։  

Խոսեցինք նաեւ ԿԳՄՍ նախարար, սպորտի ոլորտը համակարգող Կարեն Գիլոյանի հետ։ Նա նախ ասաց, որ նախորդ օրը իր կողմից նշված 78 մլն դրամ գումարը միայն մարզագույք ձեռք բերելու համար չէ նախատեսված, դրանից 50 հազար դոլարի չափով էլ միջազգային ֆեդերացիային անդամավճար պետք է վճարեն։ «Ընդհանրապես, 500 հազար դոլար պիտի վճարեինք, էդքան է արժեքը՝ կոնկրետ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, աշխարհի առաջնությանն ավելի թանկ է, բայց Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ու ես զրուցեցինք միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ, նա բարի կամք դրսեւորեց եւ ասաց՝ լավ, 50 հազար դոլար մուծեք՝ բավարար է»,-ասաց Կարեն Գիլոյանը։

Ինչ վերաբերում է միջոցառման կազմակերպմանը, թե որքան գումար է հատացվելու բյուջեից, Գիլոյանն ասաց․ «Ճիշտն ասած՝ գումարի չափը հիմա դեռ քննարկվում է, ընկերությունը գումար է ասել, բայց վերջնական հայտարարի դեռ չենք եկել»։ Հարցրինք՝ ո՞ր ընկերությունն է հաղթել մրցույթում, արդյոք խոսքը «Դոմինո փրոդաքշնի՞» մասին է։ Գիլոյանն ասաց․ «Չէ, «Դոմինոն» չէ։ Վեց ընկերություն է մասնակցել, որոնցից մեկը հեռախոսով քննարկման մտավ, մյուսները գրավոր մասնակցեցին, մենք նայեցինք, հանձնախումբը նայեց, գին եւ որակ համադրությամբ հաղթեց «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը։ Բայց դեռ քննարկում ենք գումարի չափը, դեռ վերջնական որոշված չէ»։ Հարցրինք՝ որքա՞ն գումար է  առաջարկել այդ ընկերությունը։ Գիլոյանը դժվարացավ հստակ թիվ մտաբերել․ «Մոտավորապես 400 մլն դրամ էր, կարծեմ»։

«Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հիմնադիրը Ռուդիկ Տեր-Գալստյանն է, որը Հանրային հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսերն է եղել։ 2020 թ․ հուլիսի 24-ին եւ 27-ին ՊԵԿ-ը չկատարված հարկային պարտավորությունները գանձելու նպատակով այս ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել։ Այդ մասին ինֆորմացիան զետեղված է Azdarar.am կայքում։ Չկատարված հարկային պարտավորությունը կազմում է շուրջ 1 մլն դրամ։

Նշենք, որ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն հաճախակի է մասնակցում եւ հաղթում պետական միջոցառումների կազմակերպման մրցույթներում, իսկ երբեմն ուղղակի առանց մրցույթի մեկ անձից գնման կարգով է «հաղթում» ու ծառայություն մատուցում։ Օրինակ՝ 2018 թվականի դեկտեմբերին բյուջեից 30 մլն դրամ էր հատկացվել այս ընկերությանը, որպեսզի այն կազմակերպի Ամանորին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը։ Մյուս տարի եւս «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն մասնակցել է ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպմանը՝ պետական բյուջեից ստանալով միլիոնավոր դրամներ։ Այս ընկերությունը ծառայություններ է մատուցել նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ։ Հիմա հերթը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն է։