Ռուբլին մեր ֆինանսական համակարգում մեծ դերակատարում չունի

Ռուբլին մեր ֆինանսական համակարգում մեծ դերակատարում չունի

Ռուսական ռուբլին «հետեւողականորեն» արժեզրկվում է։ Արեւմուտքի կիրառած տնտեսական սանկցիաներն իրենց բացասական հետեւանքներն արդեն զգացնել են տալիս։ Դոլարի նկատմամբ ռուբլին արդեն ավելի քան 30 տոկոսով արժեզրկվել է՝ հատելով 100 ռուբլու շեմը մեկ դոլարի դիմաց։ Հայաստանում եւս ռուբլու կուրսն անկում է գրանցել․ երեկ, օրինակ, 1 ռուբլին հասել էր ընդհուպ 2.5 դրամի, իսկ վաճառքը կրկնակի ավելի էր՝ 5.3-5.5 դրամ։  Այս ամենը, բնականաբար, խնդիրներ է առաջացնելու ՀՀ քաղաքացիների, ՌԴ-ի հետ բիզնես անող գործարարների, ինչպես նաեւ, այսպես կոչված, «խոպանչիների» համար, որոնք ՌԴ-ից ռուբլով են գումար ուղարկում Հայաստան, որն այս օրերին, փաստացի, գրեթե արժեք չունի։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս սանկցիաները Հայաստանի վրա էական ազդեցություն, բնականաբար, կունենան, բայց բանկային համակարգի վրա՝ վերջին հերթին, քանի որ մեր բանկային համակարգը, ըստ նրա, համեմատաբար ավելի «մեկուսի» է՝ ի տարբերություն տնտեսության։

«Պետք է հետեւել ուղղակի իրադարձությունների ընթացքին, որովհետեւ անկանխատեսելի է, ոչ ոք չի կարող ասել՝ ինչ է լինելու, ինչ չափով։ Տեսաք՝ երեկ արդեն ՌԴ Կենտրոնական բանկը որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը շեշտակի բարձրացնել՝ 9.5-ից դարձնելով 20 տոկոս»,- ասաց նա։

- Իսկ Հայաստանում մեր Կենտրոնական բանկն ի՞նչ զսպող գործիքակազմ ունի, որով պետք է առաջնորդվի նման դեպքերում։

- Հատուկ բան չկա, որ ասեմ։ Պետք է ուշադիր հետեւի իրադարձությունների զարգացմանը, պետք է ճիշտ գնահատեն եւ, ըստ այդմ, եթե հարկ լինի, ինչ-որ քայլեր ձեռնարկեն։ Տեսանելի կոնկրետ բաներ չկան, որ ասես՝ այ, այս քայլերը պետք է անել։

- Ռուբլու առքը երեկ 2.5 էր, վաճառքը՝ 5-5.5, այսինքն՝ կրկնակի տարբերություն կար։ Սա զսպող քաղաքականությո՞ւն է, որ մարդիկ չկարողանան շատ ռուբլի գնել ցածր գնով։

- Չէ, սա համակարգի բնական ռեակցիան է, եւ դրա հետ Կենտրոնական բանկը ոչ մի կապ չունի։ Դու շուկայի մասնակից ես, էդ անորոշության ժամանակ դու դնում ես վերին ու ստորին սահման՝ այնպես, որ հանկարծ կորուստ չունենաս։ Պարզ է, էնտեղ ինչքան վիճակը խառնվի, էդ սահմանն ավելի մեծանալու է։ Սա շուկայի մասնակիցների նորմալ, խելամիտ արձագանքն է։ Ռուբլու ռիսկայնությունը շեշտակի աճել է, եւ իրենք՝ շուկայի մասնակիցները, ուզում են իրենց պաշտպանել այդ ռիսկից։ Եվ հետո ասեմ, որ ռուսական ռուբլին մեր ֆինանսական համակարգում մեծ դերակատարում չունի։ Էստեղ ավելի էական են մեր էքսպորտի եւ իմպորտի հնարավորությունները, այ, դրա մասին պետք է մտածել։

- Իսկ ՎՏԲ բանկի նկատմամբ  սանկցիաների մասով ի՞նչ կարող եք ասել՝ հաշվի առնելով, որ Հայաստանում եւս գործում է այդ բանկը։

- Հայաստանի ՎՏԲ-ն հայկական բանկ է՝ «ՎՏԲ-Հայաստան»։ Հիմա էդ սանկցիաների պայմաններում ինքը պետք է հարմարվի եւ իր հաճախորդներին սպասարկի։ Կարծում եմ՝ էդ մասով հատուկ խնդիր չկա․ այն հաճախորդները, որ ՎՏԲ-ով էին սպասարկվում, կգնան կողքի բանկերում կսպասարկվեն։