Հիվանդ երեխաների մայրը օգնություն է խնդրում 

Հիվանդ երեխաների մայրը օգնություն է խնդրում 

Արմինե Դավթյանն իր 3 երեխաների հետ բնակվում է Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում: Տունը, որպես ապաստան, անհուսալի է՝ պատերի միջով ազատ ելումուտ է անում քամին, հատակը բետոնից է ու խոնավ, տանիքն էլ լավ օրի չի, անձրեւային եղանակներին տան պատերը թրջվում են: 

44- ամյա Արմինեն պատմում է, որ երկար տարիներ Արարատի մարզի Ավշար գյուղի անասնագոմերից մեկում ապրելուց հետո տեղափոխվել է Վարսեր գյուղ. «Ամուսնալուծվելուց հետո 3 երեխաներիս հետ ապրել եմ անասնագոմերում, որպեսզի կարողանամ ընտանիքս պահել, այլ տարբերակ չկար: Սկզբում Հոկտեմբերյանում մի ֆերմերի մոտ աշխատում էինք, այդ ֆերմայում էլ ապրում: Հետո տեղափոխվեցինք Ավշար գյուղ: Այնտեղ եւս 10 տարի եւ ավելի անասնապահությամբ էինք զբաղվում: Երեխաներս էլ իմ հետ հավասար տանջվում էին: Վարսեր գյուղի բնակիչներ Կառլեն եւ Գայանե Աղաջանյանները մեզ իրենց փոքրիկ տունն առաջարկեցին, որ տեղափոխվենք ու այդտեղ մնանք: Երբ մի փոքր գումար աշխատեցինք, բարի մարդկանց շնորհիվ մի քանի անասուն ձեռք բերեցինք, որպես մեզ ապրուստի միջոց, որոշեցինք ընդունել Աղաջանյանների առաջարկը, եկանք Վարսեր: Հիմա գիտեմ, որ երեխաներիս համար 4 պատ կա, ուրիշի գոմերում չենք քնի, վախի ու սարսափի օրերը անցան»: 

Արմինեի տղան՝ Արմանը 23 տարեկան է, հիվանդության պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Աղջիկը՝ 19 տարեկան է, նա եւս առողջական խնդիրներ ունի, իսկ 14 տարեկան Մարիամը սեպտեմբերին 8-րդ դասարան կհաճախի. «Հոկտեմբերյանում գիշերով զինված մարդիկ հարձակվեցին ֆերմայի վրա: Այդ օրը տղաս եւ աղջիկս վախեցան, եւ այդ վախը մինչեւ օրս իրենց մեջ ա: Աղջիկս երբեմն հիշողության կորուստ ա ունենում, տղաս վախից մի քանի հիվանդության ձեռք բերեց: Բացի դա, շատ աշխատելուց, նամանավանդ ձմռանը, ձեռքերը ցրտահարվեցին: 

Ինձ շատերն են օգնել, ես երբեք չեմ մոռանա իրենց լավությունը: Հիմա ունեմ իմ փոքրիկ տունը, 4 պատը իմ երեխաների համար: Միակ խնդրանքս այս պահին, օգնեն ինձ շինանյութով՝ առաստաղը հավաքեմ, պատերը սպիտակացնեմ ու հատակ ունենամ, որպեսզի բետոնի վրա չապրենք: Խնդրանքով դիմում եմ մարդկանց, օգնեք երեխաներիս երազանքը իրականություն դարձնել, թեկուզ փոքր, բայց՝ մեր չորս պատը ունենանք»: 

Այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել՝ 093 30 32 90, Արմինե: