«Հրապարակ». Առաջարկել են գավաթները կոչել մարզիկների անունով, վարչապետը մերժել է

«Հրապարակ». Առաջարկել են գավաթները կոչել մարզիկների անունով, վարչապետը մերժել է

Գրեթե ամեն շաբաթ հաղորդագրություն է տարածվում, թե մարզերից մեկում հերթական «վարչապետի գավաթն է» խաղարկվել․ կից ֆոտոներում, մի քանի մարզիկի ֆոնին, վարչապետը պարգեւներ է բաժանում, ձեռք սեղմում, կողքին ԿԳՄՍ նախարար ու փոխնախարար, աշխատակազմի ղեկավար եւ այլ պաշտոնյաներ են: Պարզվում է՝ դեռ մեկ տարի առաջ, երբ ծագել է նման միջոցառումներ անելու գաղափարը, մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչներ փորձել են վարչապետին համոզել, թե ամոթ է, քո պատվին մի կոչիր այդ գավաթները, եկ՝ ամեն մարզաձեւում հաջողություններ գրանցած մարզիկների անուններով կոչենք։ Դրանով երիտասարդներին ցույց կտանք, որ սպորտում հաջողությունները պատիվ ու ճանաչում են բերում, բացի դա էլ՝ անհամեստություն է «վարչապետի գավաթ» անվանելը: Սակայն այս անձանց կտրուկ պատասխանել են, թե հարցը փակ է՝ վարչապետը որոշել է, որ «վարչապետի գավաթ» է կոչվելու, եւ վերջ:

Ի դեպ, այս գավաթները կազմակերպվում են քովիդի պատճառով չեղարկված սպորտի հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում։ Նախկինների օրոք այս տողով 350 միլիոն դրամից ավելի տարեկան ծախս է նախատեսվել, որը, 2020-ից սկսած, չեղարկվել է, եւ հիմա այդ գումարներն ուղղում են վարչապետի գավաթներին․ մոտավորապես 20 միլիոն դրամ՝ ամեն գավաթին։ Ժամանակին կազմակերպվող միջոցառումները չեն էլ պատրաստվում վերագործարկել: Այս գումարները, ըստ էության, ուղղվել են վարչապետի անձնական փիառին։ Մի մանրամասն էլ․ գավաթները փորձում են հանձնել այնպիսի վայրերում, որտեղ, ասենք, նոր ասֆալտ է փռվել, կամ նոր մարզադաշտ ու դպրոց են կառուցվել, որ միանգամից երկու նապաստակ խփեն՝ սպորտային միջոցառում անցկացնեն, կողքից էլ՝ արված գործ ցույց տան, եւ այդ բոլորն ո՞վ է անում․ ճիշտ է՝ բոլորիդ սիրելի Նիկոլ Փաշինյանը, ում անունով էլ կոչվում է գավաթը: Մենք կապվեցինք ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ, ով ասաց, որ դա իր՝ Փաշինյանի առաջարկն է եղել, դրա համար էլ անունը դրվել է «ՀՀ վարչապետի գավաթ»։

«Ինքն է անձամբ ասել, առաջարկել՝ մասսայական միջոցառումներ անցկացնել, իր մոտ քննարկում են արել, թե որ մարզաձեւերով կարող է ավելի մասսայական լինել։ Երբ 4 մարզաձեւերն ընտրեցին, մեզ ասացին՝ հեծանվավազքը, խճուղավազքը, ներկա պահին լողն է՝ բաց ջրում, եւ վազքը (կռոսը), հետո՝ էս տարի էլ սեղանի թենիսն անցկացրինք Չարենցավանում։ Նորից վարչապետի կողմից առաջարկ եղավ՝ դպրոցականների մեջ էլ ինչ-որ մրցում կազմակերպել, ֆորմատը նայեցինք, որ թիմային է խճուղավազքը, որոշեցինք սա էլ անցկացնել»,- պատմեց Գիլոյանը։ Հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է գավաթի այլ անվան տարբերակ, փոխնախարարը նշեց՝ ո՛չ, այլ առաջարկներ չեն եղել։