«Հրապարակ». Մայր իմ սիրասուն, միլիցիա ամենափրկիչ

«Հրապարակ». Մայր իմ սիրասուն, միլիցիա ամենափրկիչ

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ բանակի թիվը կրճատվել է, ոստիկաններինը՝ ավելացել: Պատճառն այն է, որ իշխանությունները հայրենիքի պաշտպանության փոխարեն մտածում են «մեկ խելագարի իշխանությունը պաշտպանելու մասին»՝ ակնարկելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: 

Հայաստանում բանակի եւ ոստիկանության ծառայողների թիվը գաղտնի է պահվում: Եթե բանակի դեպքում դա ինչ-որ տրամաբանություն ունի` թշնամի պետությունների համար կարող է հետաքրքիր լինել, ապա ոստիկանության դեպքում նման գաղտնիությունը ոչ մի բացատրություն չունի: Միակ տրամաբանությունն այն է, որ Հայաստանում ոստիկանության ծառայողների թիվն այնքան մեծ է, որ եթե դա հրապարակվի, ապա Հայաստանը մեկ շնչին ընկնող ոստիկանի քանակով կարող է համաշխարհային ռեկորդ սահմանել: Հայաստան այցելած զբոսաշրջիկների առաջին տպավորությունը Հայաստանից հենց ոստիկանության ծառայողների առատությունն է, որը մարդկանց մոտ ոչ թե հանգստության եւ ապահովության զգացում է առաջացնում, այլ հակառակը՝ լարվածություն եւ տագնապ:

Այն, որ իշխանությունները մեր երկրում ոստիկանական պետություն են կառուցում, երեւում է նաեւ ոստիկանությանը հատկացվող բյուջետային միջոցների անընդհատ աճից: Հայաստանում ոչ մի ոլորտի հատկացումներն այդքան չեն աճել, որքան ոստիկանությանը: Համոզվելու համար ուսումնասիրել ենք մի քանի տարիների բյուջետային հատկացումները, որոնք կարող են ցույց տալ, թե ինչ ծավալի են հասել ոստիկանության վրա կատարվող պետական ծախսերը:
2008 թվականին Հայաստանի պետական բյուջեի ծախսային մասը կազմել է 822 միլիարդ դրամից մի փոքր ավելի, որից ոստիկանությանը հատկացված գումարը եղել է 20,4 միլիարդ կամ բյուջեի 2,5 տոկոսը: Համեմատության համար նույն՝ 2008 թվականին կրթությանը հատկացվել է 103 միլիարդ դրամ կամ բյուջեի 12,5 տոկոսը։ Մի հետաքրքիր թիվ էլ մտապահենք. այդ նույն թվականին կառավարության պահուստային ֆոնդը եղել է 22 միլիարդ 611 միլիոն դրամ:

2017 թվականին, այսինքն՝ նախորդ իշխանության գործունեության վերջին տարվա բյուջեի ծախսային մասը կազմել է 1 տրիլիոն 360 միլիարդ դրամից մի փոքր ավելի գումար: Այդ նույն տարի ոստիկանությանը հատկացվող միջոցները կազմել են 40 միլիարդ 736 միլիոն դրամ կամ ծախսերի 3 տոկոսը: Բյուջեի ընդհանուր կառուցվածքում ոստիկանությանը հատկացվող միջոցներն ավելացել են 0,5 տոկոսով, որը բավական շոշափելի է: Ինչ վերաբերում է կրթությանը հատկացվող միջոցներին, ապա այն կազմել է 127, 6 միլիարդի չափ գումար: Նոմինալ առումով կրթությանը հատկացող գումարն ավելացել է մոտ 24 միլիարդով, սակայն բյուջեի ընդհանուր կառուցվածքում այն պակասել է՝ 12,5 տոկոսից կազմելով 9,38: Պակասել է նաեւ կառավարության պահուստային ֆոնդը՝ կազմելով 16 միլիարդ 312 միլիոն դրամ:

Հիմա նայենք գործող 2022 թվականի բյուջեն, որի ծախսային մասը կազմում է 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ: Դրանից ոստիկանությանը կատարված հատկացումը կազմում է 65 միլիարդ դրամ, որը կազմում է բյուջեի ծախսային մասի 3,3 տոկոսը: Բայց ոստիկանությանը տրվող միջոցների անշեղ աճը շարունակվում է: 2022 թվականի բյուջեով եւս 1 միլիարդ 500 միլիոն դրամի չափ առանձին գումար է հատկացվել ոստիկանության կրթական ծառայությունների համար: Հավանաբար, սա այն գումարն է, որը հատկացվել է պարեկներին ուսուցանելու համար, սակայն այդ գումարը չի հատկացվել անմիջապես ոստիկանությանը, այլ հասցեատեր ունի: 2022 թվականի բյուջեում կրթությանը հատկացված ծախսերը ներկայացված են առանձին բաժիններով, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթություն՝ 12 միլիարդ 485 միլիոն, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր՝ 14 միլիարդ 593 միլիոն, հանրակրթության ծրագիր՝ 112 միլիարդ 386 միլիոն: Ընդհանուրը՝ 139 միլիարդ 464 միլիոն դրամ: Այսինքն՝ բյուջեի ընդհանուր ծախսային մասի 6,5 տոկոսից էլ փոքր գումար: Բայց սա չէ միայն. 2022 թվականին կառավարության պահուստային ֆոնդը 2017 թվականի համեմատությամբ աճել է 4 անգամից ավելի՝ դառնալով 68 միլիարդ 372 միլիոն դրամ: 

Այսպիսով․ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2008 թվականի համեմատությամբ գրեթե կրկնակի պակասեցրել է Հայաստանի կրթությանը հատկացվող ֆինանսավորումը: Եվ դա պարզ է՝ գործող իշխանությունը ֆիզիոլոգիապես եւ մշակութաբանական մակարդակով ատում է կրթությունը եւ կրթված մարդկանց: Բյուջեից երեւում է, որ էականորեն ավելացվել է ոստիկանությանը հատկացվող ֆինանսավորումը, բայց դա այնքան էլ կրիտիկական չէ: Կրիտիկականը կառավարության պահուստային ֆոնդի 400 տոկոսը գերազանցող աճն է: Իսկ թե ինչի վրա է ծախսվում կառավարության պահուստային ֆոնդը, իհարկե՝ ոստիկանությանը խրախուսելու, կառավարության ղեկավարի անվտանգության միջոցառումների համար, ինչի վկայությունը նաեւ վերջին ամսվա ընթացքում կատարված հատկացումներն են: Այնպես որ՝ կարող ենք ասել, որ ոստիկանությանը հատկացված գումարը 65 գումարած 68 միլիարդ է, այսինքն՝ 133 միլիարդ դրամ:

Ըստ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով ֆինանսավորվում են տվյալ տարվա բյուջեով չնախատեսված ծախսեր: Կարելի՞ է համարել, որ պահուստային ֆոնդի միջոցները ծախսվում են ըստ նպատակի: Դժվար թե Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանությունն ու փրկությունը կարելի են չնախատեսված ծախս համարել: 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանի իշխանության պաշտպանությունն օրախնդիր հարց է, որի համար պետք է բյուջեով հատուկ միջոցներ հատկացվեն, ընդ որում՝ ավելի մեծ, քան պահուստային ֆոնդն է: Ի վերջո, կարելի է կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության ամբողջ գումարն ուղղել այդ նպատակի իրագործմանը: Չէ՞ որ ոչ ոք չի չեղարկել «Կա՛մ Նիկոլ Փաշինյանը վարչապետ կլինի, կա՛մ Հայաստանն ընդհանրապես վարչապետ, այսինքն՝ իշխանություն չի ունենա» կարգախոսը, որը հնչեցվել է դեռեւս 2018 թվականին: 

«Մայր իմ սիրասուն, միլիցիա ամենափրկիչ»,- կասեր Օստապ Բենդերը:

Ավետիս Բաբաջանյան