Այնքան եմ խոսել, ընդդիմացել, ի՞նչ արդյունքի ենք հասել, ոչ մի. Աելիտա Դոլուխանյան

Այնքան եմ խոսել, ընդդիմացել, ի՞նչ արդյունքի ենք հասել, ոչ մի. Աելիտա Դոլուխանյան

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում արդեն մի քանի օր է դասապրոցեսը կանգ է առել: Բուհը մտադիր են միավորել Մանկավարժական համալսարանի եւ ֆիզկուլինստիտուտի հետ, ուստի դասադուլ ու բողոքի ցույցեր են սկսվել: Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման առաջին ժամկետը լրանում է հունվարին: Նա կարող է վերընտրվել երկու անգամ, սակայն ակնհայտ է, որ իշխանությունը նրան չի տեսնում միավորված բուհերի ռեկտորի պաշտոնին: Իսկ Մանկավարժականի դասախոսներն ու ռեկտորը լուռ են: Տպավարություն է, թե այս որոշումը մտահոգել է միայն բրյուսովցիներին:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության մեթոդիկայի ամբիոնի վարիչ, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պայքարելուց և արդյունքի չհասնելուց թևաթափ է եղել: «Այնքան եմ խոսել, ընդդիմացել, ի՞նչ արդյունքի ենք հասել, ոչ մի: Երբ բուհերից փորձում էին հայոց լեզուն և հայ գրականությունն օտարել, անգամ գրավոր դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն ոչ մի արձագանք չեմ ստացել», - պատմում է պրոֆեսորը:

Ըստ նրա` այս իշխանությունները, եթե մի բան որոշում են, նրանց հետ պահելն իրենց որոշումից գրեթե անհնար է. «Եթե որոշել են` անելու են, խոսենք, չխոսենք, մեկ է», - նշում է Դոլուխանյանը: «Բուհերն այսպես ձևավորվել են Խորհրդային միության տարիներին: Ես երբեք չեմ եղել Խորհրդային միության ջատագովը, սակայն կրթության և գիտության առումով ԽՍՀՄ-ն աշխարհում առաջինն է եղել, իսկ Մանկավարժականը, Բրյուսովը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը, այլ բուհեր ձևավորվել են հենց այդ տարիներին: Միջազգային տվյալների համաձայն` 1970-ականներից մինչև 1985 թվականը Հայաստանը աշխարհում տասներորդ տեղում է եղել: Ի՞նչ է ստացվում` մարդիկ մի բան իմացել են, նման կրթական համակարգ ստեղծելուց առաջ: Ես 27 տարեկանից դասախոսում եմ, սակայն այսօրվա որոշումներն ինձ համար անհասկանալի են: Ես գիտության մարդ եմ»- նշում է գրականագետը:

Մտավախություն չունե՞ք, որ բուհերի միավորումից հետո շատ դասախոսներ գործազուրկ կդառնան, Աելիտա Դոլուխանյանն ասաց. «Ես ծանոթ չեմ այս որոշման հիմքին, ոչնչից տեղյակ չեմ: Իմ հայացքներն ի՞նչ կարող են փոխել: Երբ հայոց լեզվի և հայ գրականության նկատմամբ անտարբերության ալիք բարձրացավ, երբ բուհերում որոշվեց, որ հայագիտությունը պետք է դառնա կամընտրական, ես շատ մեծ և մանրամասն նամակ գրեցի վարչապետ Փաշինյանին և նախկին նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն ոչ մի արձագանք չստացա: Սա արդեն հուշում է, որ մտավարականության խոսքն անիմաստ է: Այժմ Հայ բանասիրության ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդը հանձնում է միայն Հայոց լեզու գրավոր և անգլերեն քննությունները: Ի՞նչ է ստացվում, որ բանասիրական ընդունվող դիմորդը հայ գրականություն կարող է ընդհանրապես չուսումնասիրել: Խորենացի, Թումանյան, Չարենց ու Բակունց կարդալն այլևս պարտադիր պայման չէ, իսկ ազգն ուժեղ է իր գրականությամբ», - կարծում է Աելիտա Դոլուխանյանը: